ՀՈՐԻԶՈՆԱՊԱՏՈՒՄՆԵՐ


 

ԱՉՔԻ ՎՐԱ ՏԵՂ ՉԿԱ

Բանաստեղծուհի Սեդա Վերմիշևայի միջոցառմանը նախօրոք գիտեցածս հայտնեցի Հորիզոնին:

- Դեսպանատնից էլ են գալու:

- Թող գան, մեր աչքի վրա տեղ ունեն,- աշխուժացավ Հորիզոնը:

- Ասել են` եկողները շատ են լինելու:

- Բայց այդքանին ո՞նց աչքիս վրա պահեմ: Գուրգեն, խնդրիր աթոռներ բերեն, դնեն մեր առջև, որ հյուրերը մեր աչքի առջև լինեն, ոչ թե մեր աչքի վրա:

ՍՈՒՏ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Գոհար Գարունը հերթական անգամ արդարացավ.

- Հորիզոն, ոտքս ոլորվել էր, դրա համար չկարողացա գալ քո ծննդին: Հիմա էլ ցավում է` վախ, վա˜խ...

- Ո՞ր ոտքդ է:

- Աջ:

- Ուրեմն գործերդ աջ կգնան, դրանից էլ լավ բա՞ն:

Հորիզոնի հաջորդ տարվա ծնունդին Գոհարը դարձյալ չեկավ: «Վախ, վա˜խ, մոզիս պոզահարեց, դրա համար...»:

Հորիզոնն ինձ առաջարկեց` գնալ, մոզուն տեսնել:

- Գուրգեն, պարզվում է` մեր ընկերուհու սուտն է պոզավոր. էս խեղճ մոզուն ո՞ւր է պոզ, որ պոզահարի...

ՀԱՅ ՄԱՔՍԻՄ ԴԻՈԳԵՆԵՍԸ

Կանգնած էինք բանաստեղծ, հոգևոր գործիչ Մաքսիմ Ոսկանյանի դիոգենեսյան տակառ հիշեցնող տնակ-վագոնիկի առջև:

Մտնե՞լ, թե՞ չմտնել, այս էր խնդիրը: Մուտքի առջև կանգնած տնակ մտնելու ելք էինք որոնում:

Հորիզոնի դեմքը պայծառացավ.

- Գուրգեն, առաջինը դու մտիր. տես, էդքան գրքերի, թղթերի արանքում եթե 41 համարի կոշիկի տեղ եղավ` ինձ կանչիր:

ԱՆԵՐԵՍԸ

Վերջերս մեր ընկերության մեջ մի երկերեսանի մարդ հայտնվեց: Մենք նրան հանդիմանեցինք` խոսք տանել-բերելու համար: Ընկերը զարմացած զայրացավ...

- Ես ձեզանից նեղացած եմ գնում, էլ իմ երեսը չեք տեսնի:

Հորիզոնը խնդրեց.

- Հա, ախպեր, բոլոր երեսներդ հավաքի ու գնա:

ԽՈՐՀՈՒՐԴ ՆՈՐԱԹՈՒԽԻՆ

Կյանքում անհաջողակ մեկի ընտանիքը ծանրաբեռնված էր: Ուզում էր մի հարուստ կուսակցություն մտնել: Մի օր Հորիզոնին դժգոհեց.

- Ինձ չի հաջողվում ինձ հարմար կուսակցության մեջ մտնել, որտեղ լինում եմ` երեք ամսից դուրս են հանում:

Հորիզոնը, որ լավ էր ճանաչում նորաթուխ ինքնակոչին, մխիթարեց.

- Այ ընկեր, ախր դու ձախլիկ ես, քեզ վայել է մտնել ձախողվածների կուսակցություն, նրանց թիվն ավելի շատ է:

ԿԱՐՃԱԶՐՈՒՅՑ

Հորիզոնը Մամուլի տուն էր եկել. ուրախացա, որոշեցի մի քանի հարց տալ.

- Ինչո՞ւ ես մենակ քայլում:

- Մենակ չեմ, մտքերիս հետ եմ` նրանց հետ խոսելիք ունեմ:

- Ես անմիջապես քեզ հասկացա:

- Այ Գուրգեն, իսկի ես ինձ շուտ չեմ հասկանում, դու ո՞նց հասկացար:

- Այս ծննդյանդ ամսվա` հուլիսի շոգերին ո՞նց ես դիմանում:

- Երգում եմ` «Հով արեք սարեր, հով արեք...»:

- Իսկ դառն օրերի՞դ:

- Էժան շարբաթ եմ խմում:

- Երևում է` շատ ես կարդում:

- Ինչո՞ւ, չլինի՞ վրայիցս թերթի, գրքի հոտ առար:

- Դու կարդալիս ակնոց դնո՞ւմ ես:

- Երբ հիշում եմ կարճատես եմ, դնում եմ:

- Այս ի՞նչ աներես ճանճ է, անընդհատ երեսիդ է նստում:

- Ոչինչ, ես երես տվի, իսկ երես առածներից պրծում չկա:

- Հորիզոն, որպես երգիծաբան-ասմունքող` դու բավական համեստ ես մնացել:

- Քեզ էլ որ 85 տարի բանի տեղ չդնեն` կհամեստանաս:

Հարցերը` ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑՈՒ

Պատասխանները`   ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆԻ