Ավանգարդականի 85-ամյակը


 

Երգիծաբան-դերասան, ավանգարդական ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆԸ դարձավ հոբելյար: Անտեղի ժամանակ չի վատնել. գրել է, խոսել, ուրախացրել է շրջապատին: Նմանակել է Շիրազին, Փափազյանին, Պարույր Սևակին, Հր. Ներսիսյանին, Բրեժնևին...… Պետությունն իր տխուր օրերից մեկում հիշեց, որ մի ժամանակ Պըլը-Պուղու, Պոլոզ-Մուկուչի նման զվարճախոս մի մարդ կար: Հանձնարարեց. ինչ գնով էլ լինի, թեկուզ քարի տակից-գտնել, բերել ու մի կոչում տալ. թող գնա, ուրախանա, ուտող-ուրացող չենք: Էդ Հորիզոնը մեզ շատ է ուրախացրել:

Ու երբ Հորիզոնին քարի տակից գտան. կանգնեց, մեջքը շտկեց, երրորդ շնչառությունն առավ և քանի որ առակներ շատ էր սիրում, էլ դես ու դեն չընկավ, ասաց. «Էս հո գնա-մեռի` արի սիրեմն է: Բայց էս իմ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչումով ինձ չմեռած սիրեցին էս չմեռածները: Ինչպես Սևակը կասեր` «Դե եկ, վարդապետ ու մի խենթանա...»

Հրանտ Հորիզոնը թեև ուշ (82 տարեկանում) ստացավ արժանի կոչում, բայց չմնաց պոչում, այսինքն, չքնեց դափնիների վրա, քունը թախծոտ աչքերից փախավ: Կարճ քնում, բայց երկար ու բարակ, առանձին կամ Գուրգեն Լոռեցու հետ խելք-խելքի տված երգիծական պատմվածքներ են գրում ու տպագրվում «Ավանգարդ»-ում: Ու այսօր խմբագրակազմը նաև թերթի ընթերցողների անունից շնորհավորում, քաջառողջություն է մաղթում հոբելյարին: