Մոսկվա չհասավ


 

Ընդունված է ասել, որ խմած մարդը դժվարություններ ու անհաղթահարելի արգելքներ չի ճանաչում. ծովը միշտ նրա ծնկներից է:

Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևոր «Զվարթնոց» օդանավակայանում, հավաստելով ժողովրդական իմաստնության ճշմարտացիությունը, մի բան էլ առաջ էր գնացել` իր արարքով ապացուցելով, որ խմածի համար, ծովից ու ցամաքից բացի, ծնկներից է նաև օդը:

Օրերս «Զվարթնոցի» ոստիկանության գծային բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մոսկվա թիվ 906 չվերթի ուղևոր, 1984 թ. ծնված Սամվել Միքայելյանը հաշվառում անցնելուց հետո հատուկ զննման գոտում խմած վիճակում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և հայհոյում է մարդկանց:

Ոստիկանության ծառայողները, խնայելով մյուս ուղևորների, օդաչուների և սպասարկող անձնակազմի նյարդերը` թույլ չտվեցին, որ նման պահվածքի տեր անձնավորությունը ինքնաթիռ նստի, օդ բարձրանա և ապականի նաև երկնային բարձունքը:

Բայց սա դեռ ամբողջը չէ. Միքայելյանը օդանավակայանի հատուկ զննման գոտուց գծային բաժին բերման ենթարկվելիս հայհոյել է ոստիկաններին, չի կատարել նրանց օրինական պահանջները, պոկել է ծառայողներից մեկի ուսադիրը և հարվածել նրան: Հետո հերթապահ մասում նա մոտ մեկուկես ժամ (ճիշտ այնքան ժամանակ, որքան Երևանից Մոսկվա չվերթի տևողությունն է) շարունակել է հայհոյել` խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը:

Ամեն մարդ իր խելքից Մոսկվա չի հասնում, իսկ Միքայելյանը` խմիչքի երեսից: