Հաշվապահ` կեղծ փաստաթղթերով


 

Իլֆպետրովյան «Ոսկե հորթը» անմահ ստեղծագործության ոչ անհայտ հերոսներից մեկի` ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոյի այն համոզմունքը, թե լավ հաշվապահներ հիմա ամեն տեղ հարկավոր են` այսօր էլ չի կորցրել իր հրատապությունը:

Իրոք, լավ հաշվապահների կարիք մեր տնտեսության բոլոր բնագավառներում էլ զգացվում է: Իսկ լավ հաշվապահին առաջին հերթին անհրաժեշտ են լավ գիտելիքներ, որպեսզի հետագայում ֆինանսական սխալներ թույլ չտրվեն, և հաշվապահական թղթերում, ինչպես ասում են, «դեբետը համընկնի, խոսի կրեդիտի հետ»: Սակայն վերջերս մեծ է եղել այս պարզ ճշմարտությունը գիտակցող իրավապահների զարմանքը, երբ պարզվել է, որ Դեբեդ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը կեղծ փաստաթղթերի հիման վրա 23-ամյա Արմենուհի Սարգսյանին դպրոցում աշխատանքի է ընդունել որպես հաշվապահ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի հաշվապահների և վերապատրաստման կենտրոնի աուդիտոր Արշավիր Զուրաբյանը Արմենուհի Սարգսյանին, առանց դասընթացների և ավարտական քննությանը մասնակցելու, շահադիտական նպատակով` 40.000 դրամի դիմաց տվել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ հաշվապահի որակավորման դիպլոմ, որը օգտագործելով` դպրոցի տնօրենը նրան ընդունել է հաշվապահ:

Իսկ թե այդքանից հետո ինչպես է Դեբեդ գյուղի դպրոցի հաշվապահական փաստաթղթերում «դեբետը խոսել կրեդիտի հետ»` կպարզվի հետաքննության ավարտից հետո: