Երաժիշտ ռեժիսորն ու քահանան


 

2004 թվականին հեռուստատեսային ռեժիսորն ավարտեց քահանայից լսարանը, և Վահանն այսօր արդեն Նոր Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Թովմա Անդրեասյանն է: Փորձում եմ հասկանալ` ինչպես է լինում, ի՞նչ մղումներ են ստիպում, որ 48 տարեկան տղամարդն անչափ նյութականացված այս օրերում թողնում է աշխարհիկ կյանքն ու մտնում հոգևոր ծառայության:

- Ինչպե՞ս եղավ, ներքին ի՞նչ կերպարանափոխություն տեղի ունեցավ, որ հեռուստառեժիսորն ու երաժիշտը գերադասեց հոգևորականի վեղարը:

- 90-ականների վերջերին ինձ սկսեցին դուր չգալ այն հետաքրքրությունները, որ կային հեռուստատեսությունում: Գովազդներն ու զվարճալի ծրագրերը գերիշխեցին. լուրջ ծրագրերը ոչ ոքի պետք չէին: Ես ընդհանրապես դեմ չեմ զվարճալի ծրագրերին: Բայց երկիրը բարդ խնդիրների առջև էր կանգնած: Երբ ամեն ինչ լավ է, կարելի է և ծիծաղել, բայց երբ ամեն ինչ վատ է, անընդհատ զվարճալի ծրագրեր պատրաստելու ցանկություն չի լինում: Եվ ես անում էի սոցիալական, բարոյական բնույթի, հոգևոր, մշակութային լուրջ ծրագրեր` այն ամեն ինչի դեմ, որ եկել էր մեր հայ աշխարհի բնույթը, մեր ապրելակերպը աղավաղելու, դարերով մշակված ավանդույթները շուռ տալու: Ես պայքարում էի այն կազմակերպությունների դեմ, որոնք բերում էին առաջին էրոտիկ, պոռնո հրատարակությունները, ֆիլմերը: Սկզբից հաջողություն ունեի, բայց նրանք փող ունեին և դրանով հարցերը լուծում էին: Նաև կային մարդիկ, ովքեր բազմակնություն էին քարոզում, պայքարում էին, որպեսզի համասեռամոլներն ազատորեն գործեն, ունենան իրենց ակումբները, միությունները:

Ձեր թվարկած խնդիրներին շատերն են բախվել և այսօր էլ բախվում են: Բայց Ձեզանից բացի, դժվարանում եմ հիշել որևէ մեկին, ով կարողացել է հրաժարվել հեռուստատեսությունից և անցնել հոգևոր աշխարհ:

- 90 - ականների կեսերից հեռուստատեսությունում առանց հովանավորների գրեթե ոչ մի հաղորդում չէր կազմակերպվում: Սկզբից ինձ նույնպես հաջողվում էր հովանավոր գտնել: Բայց հետզհետե այդ գործը դժվարացավ. ասում էին` այդ հաղորդումներն ո՞ւմ են պետք, գովազդ արա, զվարճալի ծրագրեր: Ինձ համար դա հետաքրքիր չէր: Այսինքն, հեռուստատեսության կյանքն ինձ համար մեռավ. ինձ խորթ այդ խնդիրներից ես ճնշված էի զգում: Երեխաներիս Չայկովսկու դպրոց ուղեկցելուց հետո Զորավոր Աստվածածին եկեղեցում ժամերգություն էի ունկնդրում, ինչն անչափ օգնում էր, լիցքավորվում, խաղաղվում էի: Եվ աստիճանաբար հասկացա` իմ տեղը եկեղեցին է:

Այնուամենայնիվ, պետք է կրկնվեմ` հազվադեպ է, երբ հասուն տղամարդն այդպիսի շրջադարձային որոշում է կայացնում: Դուք չե՞ք կարոտում ռեժիսորի մասնագիտությանը :

- Ո´չ, բացարձակ: Ինչ մտել եմ եկեղեցի` խաղաղությունը միշտ ինձ հետ է: Եկեղեցում անհամեմատ մաքրություն կա: Ես շփվում եմ հավատացյալների հետ, մարդիկ իմ` քահանայիս կարիքն ունեն, դիմում են տարբեր հարցերով, ես իրենց համար աղոթք եմ անում, խորհուրդ եմ տալիս, Աստծո առջև ծառայություն եմ մատուցում, որը խաղաղություն է բերում: Քահանայի աշխատանքը շնորհակալ գործ է: Երբ էստրադայում աշխատում էի, ստեղծագործողներս միմյանց բերանից պատառ էինք խլում, դա շատ զզվելի էր… Հիմա, երբ հեռուստացույցով նայում ես` երգիչները երգում են և ժպտում, թվում է` կյանքը շատ ուրախ է, բայց իրականում էդպես չի:

Բայց գոնե հետաքրքիր է, չէ՞:

- Հետաքրքիր բան կա, իհարկե, բայց շատ զզվելի է: Դեռևս հարց է, թե ինչն է շատ` զզվելի՞ն, թե՞ ստեղծագործելուց ստացվող հաճույքը:

Կանխեցիք հարցս: Ինքս երկար տարիներ հեռուստատեսությունում եմ աշխատել: Ինձ անծանոթ չէ այն բերկրանքը, որ ունենում ես թեկուզ մեկ հաջողված, խոսուն կադր ստանալիս: Այդ առումով ստեղծագործելու բերկրանքն առավել չէ՞:

- Ես հիմա էլ եմ ստեղծագործում: Վերջերս Սրբուհի Սարգսյանի հետ մի երգ ավարտեցինք: Լավ ստացվեց, և դա ստեղծագործական բերկրանք էր: Գրեցի Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության հիմնը` երգչախմբով և սիմֆոնիկ նվագախմբով: Հիմա ես ստեղծագործում եմ ոչ թե օրվա հաց վաստակելու, այլ հոգեկան բավարարվածության համար. տարբերությունը մեծ է: Վերջին գործը, որն ինձ ֆինանսական փոխհատուցում է բերել, եղել է կարծեմ 2006-ին: Այսօր էլ 6 ամիսը մեկ ոչ մեծ փոխհատուցում ստանում եմ, տարբեր երգիչների կողմից իմ ստեղծագործությունների կատարումից: Ես հեղինակային իրավունքներով զբաղվող «Հայ հեղինակ» կազմակերպության անդամ եմ:

Վերջերս հանրության շրջանակներում լուրջ քննարկում-բանավեճ ծավալվեց հեռուստատեսության բովանդակության, քարոզչական դերի, լեզվի շուրջ: Որպես հեռուստառեժիսոր` Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ կան այսօր հեռուստատեսությունում:

Այն ժամանակ, երբ թողեցի հեռուստատեսությունը, հույս չկար, որ կվերականգնվի: 90-ականների կեսերից հեռուստատեսությունը հեռացավ հիմնական կարևոր խնդիրներից, աչք փակեց այս աշխարհի վրա: Հիմա բավական լավացել է, և դա անում են երիտասարդները: Փառք Աստծո, մենք նկատում ենք, որ երիտասարդներն ուշադրություն են դարձնում այս աշխարհի խնդիրներին:

- Այո, բայց շատերը քննադատում են եթերում այսօր զգալի տեղ զբաղեցնող սերիալները, որտեղ նաև հաճախ տեղ են գտնում գռեհիկ խոսքն ու փողոցի ժարգոնը: Հեռուստատեսությունն ինչ-որ անբացատրելի ազդեցություն ունի. եթերում եղածն անմիջապես ընդօրինակվում է, հատկապես երեխաների կողմից:

- Էդպիսի խնդիր կա: Սերիալները հատկապես բարոյականության վրա մեծ ազդեցություն ունեն, հակաբարոյականություն են քարոզում, ինչը հակասում է քրիստոնեությանը: Կուզենայի` վերանայեին մեր հայկական սերիալները, որովհետև դրանցում գողական` «ապե, ինչի պրիզնատ չես գալի» ու նման տեքստեր կան, որ անընդունելի են և դաստիարակչական առումով շատ վատ դեր են կատարում: Ճիշտ էր Ստեփան Պողոսյանը` ՀԽՍՀ հեռուստապետկոմի նախագահը, երբ ասում էր, որ հեռուստատեսությունը ժողովրդի մակարդակից մեկ աստիճան բարձր պետք է լինի, որպեսզի ժողովրդին տանի իր հետևից, դաստիարակի: Կրկնեմ, փառք Աստծո, երիտասարդության մեջ այսօր ես տեսնում եմ կարող ուժեր:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ