Կարգազանց քաղաքագլուխը


 

Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե միայն մեր պաշտոնյաներն են փորձում չենթարկվել օրենքին:

Պարզապես մերոնց «բախտը» երբեմն բերում է, որ նրանց հանդեպ ներողամիտ են լինում: Չնայած վերջին ամիսների վիճակագրությունը փաստում է, որ երթևեկության կանոնների խախտումը մերոնք էլ չեն «մարսում»: Բայց ահա օրինապահ համարվող մերձբալթյան Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարն անուղղելի է այդ առումով: Բազմիցս նա տուգանվել ու զրկվել է վարորդական իրավունքից` մեքենան անթույլատրելի արագությամբ վարելու համար:

Օրերս նա նորից տուգանվել ու զրկվել է վարորդական իրավունքից` Տալլին-Նարվա խճուղում 50 կմ/ժամի փոխարեն մեքենան 84 կմ/ժամ արագությամբ վարելու համար: Ճիշտ է` զրկվել է ընդամենը 2 ամսով, ու տուգանքի չափն էլ երևի քաղաքապետի համար մեծ ծախս չէ, բայց գոնե այդ երկու ամսում նա ճանապարհային երթևեկության նոր խախտում թույլ չի տա:

Առժամանակ առաջ էլ (այս տարի) նրա արագընթաց մեքենան ճանապարհային ոստիկանները կանգնեցրել էին Պետերբուրգյան խճուղում: Իսկ անցյալ տարի սեպտեմբերին Էդգար Սավիսաարային տուգանել էին շուրջ 1000 եվրո` թույլատրելի արագությունը 47 կմ/ժամով գերազանցելու համար...

Քաղաքապետը գտնում է, որ նման միջադեպեր կարող են պատահել յուրաքանչյուր վարորդի հետ: Նա ինքն իրեն մխիթարում և արդարանում է նրանով, որ իր խախտումներով ինքը դեռ չի գերազանցել Էստոնիայի ՆԳ նախարարին, ում դեմ արդեն 22 արձանագրություն է կազմվել` ճանապարհային երթևեկի խախտման համար (գրել է РБК-ն):

Չէ˜, մերոնք հազիվ թե այսքան համառ ավտոարշավորդ լինեն: