Շևարդնաձեն նորից մեղադրում է


 

Ու նորից` վրաց գործող նախագահին: Հիմա նա համոզմունք է հայտնում, որ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է արյուն հեղել` իր բազկաթոռը պահպանելու համար (գրել է «Գոլոս Ռոսիի»-ն):

Երկուշաբթի օրը վրացական «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում երկրի նախկին նախագահը նշել է, որ հենց դրանով էլ պայմանավորված է ՆԳ էքս-նախարար Վանո Մերաբիշվիլիի նշանակումը վարչապետի պաշտոնում:

- Սահակաշվիլին պատրաստվում է արյուն հեղել, բայց տանուլ չտալ խորհրդարանական ընտրությունները: Այստեղ անպայման զոհեր կլինեն: Սահակաշվիլիի վարչախմբի փրկությունն ինքնին նշանակում է զոհեր, քանի որ այլ կերպ նրան չի հաջողվի մնալ իշխանությունում: Կառավարությունում իրագործված փոփոխությունները նույնպես խոսում են այդ մասին,- ընդգծել է Էդուարդ Շևարդնաձեն` տարակուսելով.

- Ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս կարելի է կառչել իշխանությունից` երբ ժողովուրդը քեզ չի ուզում:

Վրաստանի երբեմնի առաջնորդը նաև ժողովրդին կոչ է արել ընդդիմանալ Սահակաշվիլիին.

- Դե, նա հո չի՞ կարող բոլորին ձերբակալել կամ գնդակահարել: Միայն ժողովրդի միասնացումը կարող է Սահակաշվիլիին խանգարել` արյուն հեղելու: Եվ ես հուսով եմ, որ ազգը կհամախմբվի ընդդեմ դիկտատորի: