Մեր հույսը


 

Ընդհանրապես երկրի, պետության մասին խոսելիս կարևորվում է նրանում քաղաքացիական հասարակության կայացածության աստիճանը: Որքանո՞վ է այն կայացած մեր երկրում...… Այս հարցերի շուրջ է զրույցը ԳԱԱ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Ձեր դիտարկումներն ի՞նչ են հուշում, մեզանում գոյություն ունի՞ քաղաքացիական հասարակություն:

- Իմ գրքերում և հոդվածներում ես միշտ նշել եմ, որ քաղաքացիական հասարակություն Հայաստանում դեռ չի ձևավորվել: Նույնիսկ մեր հասարակությունը կայացած և ձևավորված դժվար է համարել: Մենք 90-ականներից հետո տեղափոխվեցինք նոր քաղաքական, սոցիալական միջավայր. նորանկախ Հայաստանի պետականությունը չի կարելի համարել ուղղակի շարունակությունը նախկին ՀԽՍՀ-ի: Հասարակության առումով, մենք դեռ կայացման փուլում ենք, երբ նույնիսկ ավելորդ է խոսել քաղաքացիական հասարակության մասին: Միջազգային կառույցներում համարում են, որ հ/կ-ները քաղաքացիական հասարակության սաղմերն են: Մենք հիմա 5000-ից ավելի հասարակական կազմակերպություններ ունենք: Արևմուտքում դրանք, որպես կանոն, ձևավորվում են կամովի սկզբունքով, Իսկ մեզանում` փաստորեն, նոր աշխատատեղեր ստեղծելու միջավայր են: Արևմուտքում բարձր վարձատրվող աշխատանք ու մասնագիտություն ունեցողները նաև ընդգրկված են ինչ-որ հ/կ-ի մեջ, ինչը նրանց համար կարծես հետաքրքրությունների, քաղաքացիական պատկերացումների դրսևորման ոլորտ է, որտեղից աշխատավարձ չեն ստանում: Մեզանում հասարակական կազմակերպություններն, այնուամենայնիվ, աշխատատեղեր են և իրենց խնդիրներին շատ քիչ են ծառայում:

- Իսկ ո՞ւր մնացին «քաղաքացիական նախաձեռնություններ» անվանվող ինքնաբուխ կազմակերպությունները, ինչպես օրինակ` բնապահպանական կամ «Մենք ենք քաղաքի տերերը» և այլն:

- Լավ է, որ դրանք կան: Դուք ճիշտ եք: Դրանք պետականորեն ուղղորդված չեն, բիզնես միջավայրի տիրույթում չեն, ինքնուրույն են զարգանում: Ամենակարևորը` տեսնում ենք, որ նրանք ինչ-որ արդյունքների են հասնում. Թռչկանի ջրվեժի պատմությունը, Մաշտոցի պուրակի կրպակների խնդիրը, վերջերս էլ «Հարսնաքարի» դեպքերը: Այդ նախաձեռնությունների արդյունքի հասնելը հույս է ներշնչում, որ կարող է շարժումը հզորանալ, և մենք կունենանք այն, ինչին ձգտում ենք:

Թռչկանի ջրվեժի խնդրում պնդումներ կային, որ բնապահպանները հաջողություն արձանագրեցին, որովհետև հզոր մարդիկ չէին կանգնած այնտեղ նախատեսվող ՀԷԿ-ի կառուցման մեջքին, կամ իշխանություններն այնքան էլ շահագրգիռ չէին:

- Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կարևորը սոցիալական երևույթն է, նրա բնույթը և արդյունքը: Հասարակության մեջ տարբեր ուժերը միշտ էլ առկա են, միշտ էլ կան կողմեր, բնական է, որ նրանց միջև բախումներ են լինում: Տվյալ պարագայում էական է, որ հասարակությունը բարձրաձայնեց և հասավ որոշակի արդյունքի: Չէ՞ որ նախկինում էլ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հասարակությունը զայրացած է եղել, բայց արտահայտչական ձևերն այլ էին, թույլ էին: Հիմա տեսնում ենք, որ մարդիկ սկսում են հավատալ իրենք իրենց ուժերին, ինչը կարելի է ասել` առաջին անգամն է Հայաստանում: Նույնիսկ լավ է, եթե իշխանությունները դրա վրա PR արեցին: Այսինքն, մենք ստիպում ենք, որ իշխանությունները հօգուտ հասարակության են PR անում: Ամբողջ աշխարհում է այդպես: Ցանկացած պետական կառույց ձգտում է ամեն ինչի վրա իր վերահսկողությունը հաստատել և լծակներն իր ձեռքը վերցնել: Նույնիսկ ամենադեմոկրտական երկրներում:

- Նրանք ի տարբերություն 88-ի համաժողովրդական ալիքի, այսօր մերժում են կուսակցականությունը: Սա ևս նոր երևույթ է մեզանում:

- Ամբողջ աշխարհում կուսակցությունները որպես սոցիալական, քաղաքական կառույցներ, իրենց հեղինակությունը կորցրել են և կորցնում են: Մարդիկ ավելի շատ միավորվում են ինտերնետ կայքերով ու կուսակցություններից դուրս գտնվող տիրույթում: Մարդիկ ավելի շատ վստահում են իրենց նախաձեռնություններին: Բոլորովին այլ է, երբ մարդկանց մի խումբ ամեն ինչ անում է իշխանության գալու նպատակով, այլ բան է, երբ մի խումբ պարզապես ուզում է իր առօրյա կյանքը շտկել: Դա մեր ապագան է: Եթե ամեն ինչ այսպես ընթանա, և մենք իրոք տեսնենք ուժեղացող քաղաքացիական հասարակություն, մենք շատ շուտով կտեսնենք, որ այդ քաղաքացիական շարժումներն ավելի մեծ հեղինակություն ու վստահություն են վայելում:

Վերջերս մի խնդիր առաջադրվեց, որը տարբեր արձագանքներ ունեցավ: Խոսքը հեռուստաեթերն աղբից մաքրելու մասին է: Եղան մտավորականներ, ովքեր այդ հարցով դիմեցին Հանրապետության նախագահին: Մյուսներն ընդդիմացան` ասելով, թե դա նախագահի խնդիրը չէ:

- Ինքս չէի ստորագրի այդ նամակը: Այստեղ մենք հին ու նոր մտածողության բախումն ենք տեսնում: Հին մտածողությունը, որով ղեկավարվել ենք` պետք է դիմել ղեկավարին, որպեսզի հարցը շտկի, մեզ ուղղություն տա... Եվ նոր մտածողությունը, երբ մարդիկ ասում են` բա մենք ի՞նչ ենք, միշտ պետք է ինչ-որ մե՞կը մեր ճաշակի, ցանկությունների հարցը որոշի: Բա մե՞նք ինչի համար ենք: Սերիալների խնդիրը կա, և դա ինքնուրույն կարելի է լուծել` հրապարակումների, բանավեճերի միջոցով, ինչպես արվում է ուրիշ երկրներում: Եկեք` մենք մեր ուժերին վստահենք ու փորձենք ինքներս կարգավորել: Լավ է, որ երիտասարդներն այդ ուղղությամբ են գնում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ