Շնչահեղձվում են փետրավորները


Այրվող տորֆաճահիճների ծխից մոսկովյան բնակարաններում ապրող մեծ քանակի թութակներ են ոչնչացվել£ Ինչպես լրատվամիջոցներին հաղորդել է թռչունների հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը, տորֆահրդեհի օրերին ՌԴ մայրաքաղաքի բնակիչները հարյուրավոր թութակներ են տարել այբոլիտների մոտ£ Նրանց մի մասը ուշակորույս են եղել, թռչնաբաններն ախտորոշել են թոքախորշերի արնազեղում, արյունատար մեծ անոթների պատռվածք, ինչպես նաև շմոլային գազի թունավորում£ Պարզվել է` ամենից ավելի տուժել են այն թութակները, որոնք տարիներ շարունակ տառապել են անախտանիշ խրոնիկ տկարությամբ, ինչը զգացնել չի տվել իր գոյությունը£ Եվ ահա ծխոտումը դժվարացրել է շնչառությունը, ինչից էլ սրվել են բոլոր հիվանդությունները£ Տուժել են նաև ոչ տնաբնակ թռչունները. ամենից ավելի` ուրուրներն ու բազեները£ Թռչիքի ժամանակ նրանք ստիպված բացում են կտուցները (որովհետև շնչելը շատ է դժվարացել), և թթվածնի պակասից ու ածխագազից թունավորվելով` շատերն անշնչանում են հենց օդում£