Ունիսե՞քս, թե՞ «գենդերային» կալանավայր


Տղամարդկանց ու կանանց համատեղ բանտ ստեղծելու առաջին փորձն արդեն կատարվել է` Սվերդլովսկի մարզում (գրել է «Նաշա վերսիա» թերթը): Կանանց գաղութից 11 կալանավոր և 9 երեխա տեղափոխվել են մոտակա տղամարդկանց բանտ: Կանանց համար ստեղծվել է առանձին ջոկատ` հատուկ հատկացված տարածքում: Եվ որպես արդյունք` արդեն արձանագրվել է, որ դատապարտյալները ավելի սակավ են խախտում կարգապահությունը:

Ինչ վերաբերում է բանտում ծնված երեխաներին, ապա որոշվել է նրանց չառանձնացնել մայրերից` մինչև վերջինների պատժաժամկետի ավարտը: Հիմա մայրերի կողքին թույլ են տալիս մնալ մինչև 3 տարեկան մանուկներին:

Այսօրինակ «մերձեցման» նպատակների մասին ոչինչ չի ասվում, իսկ կանանց, տղամարդկանց և անչափահասների կալանավայրերը տարբեր տեղերում լինելու պատճառները կարելի է միայն ենթադրել:

Ինչ վերաբերում է «ունիսեքս» (կամ` «յունիսեքս») արտահայտությանը, որով որակել են այս փորձարարությունը, նույնպես նորահայտ բառ է և ծագել է հասարակության մեջ կնոջ ու տղամարդու դերերի փոփոխության արդյունքում: Եթե հակիրճ` կարելի է ասել «անսեռ հագուստ»: Այն բնութագրում է մարդու արտաքին տեսքը` ներառյալ հագուստը (տաբատներ, ջինեսեր, շորտեր), ոտնամանները (մարզակոշիկներ, մոքասիներ), սանրվածքը, օծանելիքն ու դիմահարդարումը: Այսինքն, այն ամենը, ինչն ընդհանուր է դարձել թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար (օրինակ` երկարավարս տղամարդիկ և երբեմնի տղամարդկային համարվող սանրվածքով կանայք...):

Ունիսեքսը լինում է դասական, փողոցային, բողոքական, զինվորական և այլն): Զանգվածային առաջին այս «անսեռ» հագուստը ջինսերն ու տաբատներն էին: