ՍԻՄՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Ծնվել է 1967 թ.-ին, Սիսիան քաղաքում, ուսուցիչների ընտանիքում:

Զինված ուժերում ծառայում է 1985 թվականից: Ավարտել է հակաօդային պաշտպանության Վիլնյուսի ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն հրամանատարական ուսումնարանը ¥1989թ.¤ և ՌԴ ՊՆ Տվերի հակաօդային պաշտպանության ռազմական համալսարանը ¥2001թ.¤:

ԳԵԹ ՄԵԶ ՊԵՍ ԱՊՐԵՔ

Երբ Թումանյան եմ ես ձեռքս առնում

Ու «Հին օրհնությունն» եմ նորից կարդում,

Անցածը հիշում, քաշում եմ ես ա˜խ

Ու տխուր-տրտում մտածում հաճախ:

Մեր բալեքը երբ կարդան Թումանյան,

Մեզ, հաստատ, նրանք այս հարցը կտան.

«Մի՞թե ձեր հանդեպ գործել ենք մեղք մենք,

Որ էլ չեք ուզում ձեր նման ապրենք:

Ասացե´ք, խնդրեմ, մեր բարի´ հայրեր

Ու մեր իմաստուն, ալեհեր պապեր.

Մի՞թե դուք այսքան դժբախտ եք եղել,

Որ մեզ այդպիսի բան եք պատվիրել:

Ամեն առավոտ կերել եք երշիկ,

Բայց չենք ուտում մենք նույնիսկ նրբերշիկ:

Ձեր ամեն քայլի տեսել եք բարիք,

Այնինչ ունենք մենք շատ բանի կարիք»...

Երևի նրանք էլի հարցեր տան,

Միայն թե ես չեմ գտնի պատասխան

Ոչ նրանց տալիք բազում հարցերին,

Ոչ էլ ինձ տանջող անթիվ մտքերին:

Այդ իսկ պատճառով ես այսպես կասեմ,

Երբ երեխեքիս օրհնելու լինեմ.

«Ապրե´ք երեխեք, գեթ մեզ պես ապրեք

Ու իրար հանդեպ միշտ բարի եղեք»:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ախր դու ինչպե՞ս թողիր, հեռացար,

Ախր ինչպե՞ս պիտ ուրիշ տեղ մնաս:

Ախր ուրիշ տեղ Լորագետ չկա,

Ախր ուրիշ տեղ Որոտան չկա:

Ախր ուրիշ տեղ օրը չի մթնի,

Ու չի գա ժամը իրիկնահացի:

Ախր ուրիշ տեղ

Որոտնավանք ու Դարբասա ձոր չկա:

Ախր դու ինչպե՞ս թողիր, հեռացար,

Ախր ինչպե՞ս պիտ ուրիշ տեղ մնաս:

Ախր ուրիշ տեղ Անտառից եկած

կանաչ եղևնին

Չի հիշի կանաչ իր ընկերներին:

Ախր ուրիշ տեղ Երևան չկա,

Որ հետը մնաս ու կրակ դառնաս:

Ախր ուրիշ տեղ ո՞ւմ պիտի ասես.

«Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ»:

Ախր ուրիշ տեղ

Արևին թիկնած, արևից շիկնած

Արևներ տանող արևի երկիր

Հայաստան չկա:

Ախր դու ինչպե՞ս թողիր, հեռացար,

Ախր ինչպե՞ս պիտ ուրիշ տեղ մնաս,

Ախր ինչպես պիտ ապրես առանց քեզ: