Զգուշանում է կախարդներից


Հաղթանակած գեներալ է Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատար Պրայուտ Չան-Օչան: Մայիսի վերջին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում վտարվել է քաղաքացիական կառավարությունը, լուծարվել է սենատը, կասեցվել է սահմանադրությունը և երկրի ղեկավար է կարգվել հենց նա: Իսկ օգոստոսի 21-ին Թաիլանդի ազգային օրենսդիր ասամբլեան (ժամանակավոր կառավարություն) նրան ընտրել է երկրի վարչապետ:

Բայց արի ու տես, որ այսպիսի ճանապարհ անցած գեներալը զգուշանում է անեծքից և կախարդներից: Նա «գանգատվել» է, թե քաղաքական ընդդիմախոսները կախարդներին համոզել են, որ իր դեմ անեծքներ ուղղեն: Այդ մասին նա ակնարկել է անցյալ շաբաթ` բարեփոխումների հարցերով Ազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Պրայուտ Չան-Օդան նախ հույս է հայտնել, որ իրականացվելիք բարեփոխումները կնպաստեն երկրում խաղաղության և կարգուկանոնի հաստատմանը: Հետո «ձեռնոց է նետել» իր քաղաքական հակառակորդներին, ովքեր չեն ընդունում ռազմական հեղաշրջումը.

- Եթե դուք ցանկանում եք մարտնչել և ընդհատակ անցնել` համեցեք: Եթե ցանկանում եք` կախարդական ծեսեր կատարել` կատարեք:

Վարչապետը խոստովանել է, որ թիկունքին և կոկորդում սուր ցավեր է զգում:

- Ինձ ասել են, որ իմ վրա անեծք է դրվել: Ես ահագին լյուստրալ (սուրբ, մաքրող) ջուր եմ լցրել գլխիս` մինչև մարմինս սկսել է սրթսրթալ: Հիմա ոնց որ թե մրսել եմ,- ասել է նա:

Թաիլանդում տարածված հավատալիքի համաձայն` անձդ կախարդներից պաշտպանելու համար անհրաժեշտ է սուրբ ջուր լցնել գլխին: (ԻՏԱՌ-ՏԱՍՍ):