Ժիրինովսկու տա˜ք նվերները Յացենյուկին


Իր հեգնանքն այս գործիչը հիմա էլ բարեգործի կերպարով է արտահայտում: «Մտահոգվելով», որ կիևյան իշխանավորները հանկարծ կարող է մրսեն ձմռանը, Ժիրինովսկին որոշել է տաք ձմեռ ապահովել Ուկրաինայի ղեկավար Արսենի Յացենյուկի համար: Լրագրողներին նա հայտնել է, թե ինչ «տաք նվերներ» է պատրաստել:

Չէ˜, եղնիկի մորթուց կարված կոշիկները նա ոչ մեկի չի տա. թանկ է և «Յացենյուկի համար դրանք չափից ավելի լավն են»: Բայց թիթեղյա վառարան, մանղալ, բամբակաբաճկոն ու էլի ինչ-որ տաքացնող բաներ կուղարկի Կիև:

Ա՞յս անգամ ինչն է չարացրել Վլադիմիր Վոլֆովիչին.

- Գալիս է աշունը. գազը նրանց բացահայտորեն չի բավարարելու: Խոստանում են փակել կափույրը և Եվրոպան: Յացենյուկի կառավարությունն իրեն լկտի է պահում: Կիևցիները դուրս կգան փողոցներ, և արդեն չեն օգնի ո´չ մասնավոր թիկնազորային կառույցները, ո´չ ԱՄՆ-ը. ոչ ոք: Գործազուրկ զինվորները վերադարձել են գերությունից. ոչ մի պորոշենկոներ ու յացենյներ չեն դիմանա,- իր կուսակցության կայքում գրել է Ժիրինովսկին (հաղորդել է vesti.ru-ն):

Չի մոռացել նա չարախնդալ առ այն, որ Կիևի քաղաքապետը սահմանափակումներ է մտցրել. բնակարաններում մինչև հիմա տաք ջուր չկա, չնայած խոստացվել էր, որ այն կլինի սեպտեմբերին:

Տաք նվերներից բացի, Ժիրինովսկին ևս մեկ նվեր ունի` գաղափար. Ուկրաինայի վարչապետին ուզում է հուշել, որ նա պատ կառուցի իր երկրի ու Ռուսաստանի ողջ սահմանի երկարությամբ: Դրա համար էլ պատրաստ է տաք ձեռնոցներ ուղարկել` «որպեսզի մատիկները չմրսեն».

- Ես բարի մարդ եմ, երբեք ոչ մեկին չեմ նեղացնում,- ասել է նա:

Եվ ճիշտ է ասել. նրանից ո՞վ կնեղանա: Ամեն առիթով ճամարտակություններ հնչեցնողին ո՞վ է լուրջ վերաբերվում, որ նեղանան: