ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ.

որը միայն Պաշտպանության նախարարությանը չպետք է լիներ


ՀԱՅԱՍՏԱՆԸ անվտանգ երկիր է...

ՀՀ պաշտպանության նախարարության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին:

Այս սին հայտարություներին լրատվամիջոցներից զատ ներգրավված են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը:

Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գոտում երիտասարդության և հասարակայնության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդես էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով և հավելել, թե Հայաստանի տնտեսությունը քայքայված է, Երևանն իբր ընդունում է, որ ի զորու չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, երկիրը դատարկվում է և շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա:

Ադրբեջանի նման գործելաոճը նպատակ է հետապնդում Հայաստանը պահել մեկուսացման և շրջափակման մեջ, ստվեր նետել միջազգային ասպարեզում Հայաստանի բարձր վարկանիշի վրա և հնարավորինս նվազեցնել զբոսաշրջության և ներդրումային հոսքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: Իսկ Հայաստանը, որը ողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով, միանգամայն անվտանգ երկիր է, ուր տիրում է օրենքի գերակայությունը, իսկ մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք:

 Առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ շոշափվող խնդիրները դուրս են նախարարության գործունեության ոլորտից: Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակի մասին Ադրբեջանի հայտարարություններին պետք է արձագանքեր թերևս տնտեսության համար պատասխանա տու որևէ գերատեսչություն: Բայց, խորքային առումով ՊՆ հայտարարության մեջ արծարծվող խնդիրը, առնչվելով տնտեսությանը, այդուհանդերձ շոշափում է անվտանգության հանգամանքը:

ՊՆ-ն հայտարարությունը փաստացի դրսևորում է Հայաստանի տնտեսության համար կարևոր ճյուղի` զբոսաշրջության ոլորտում առաջացած մտահոգություններն ու ռիսկերը: Դրանք միանգամայն տրամաբանական ու սպասելի էին: Ընդ որում, այստեղ առանցքային դեր ունեն ոչ միայն Ադրբեջանի հայտարարությունները, այլևս օգոստոսյան սահմանային լարվածության օրերին Ռուսաստանի մի շարք լրատվամիջոցների հայտարարություններն ու հաղորդագրությունները: Դրանց բնույթը հաճախ այնպիսին էր, որ լսողը տպավորություն էր ստանում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է լայնամասշտաբ պատերազմ: Զբոսաշրջության ոլորտի մի շարք ընկերութ յուններ կարող են հաստատել, թե ինչպես Հայաստան այցելող հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկները լուրջ կասկածներ են հայտնել անվտանգության, Արցախ այցելելու նպատակահարմարության վերաբերյալ: ՊՆ հայտարարությունն այդ առումով վկայում է, որ Հայաստանի տնտեսության այդ կարևոր ոլորտին հասցված հարվածը եղել է իրապես շոշափելի, կամ շոշափելի է ռիսկը: Ոլորտին սպառնացող ռիսկերը հավանաբար մտահոգիչ են եղել այն աստիճան, որ հարկ է առաջացել պաշտպանական գերատեսչության մակարդակով հավաստել Հայաստանի անվտանգությունը, հետևաբար նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը:

Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ բանակը մնացել է խոշոր մարտահրավերներին համարժեք արձագանքելու ունակ եզակի պետական կառույցը: Այն, ինչ հայտարարում է այսօր բանակը, գոնե ձայնակցողի կարգավիճակով պետք է հնչեր նաև արտաքին գործերի, Էկոնոմիկայի ու էլի որոշ նախարարությունների ձայնը: Չէ՞ որ եթե երբ թիկունքում այդ հարցերը բարձիթողի են, դա ազդեցություն է ունենալու նաև զինուժի անմիջական առաքելությունն իրականացնելիս: Փաստորեն մեր Բանակը կամ ՀՀ պաշտպանության գերատեսչությունը ոչ միայն երկրիս անվտանգության երաշխավորն է, այլ նաև տնտեսության զարգացմամբ ամենամտահոգ կառույցն է:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ