Աշխարհաքաղաքական նոր ուղեծրեր և նոր միություններ


Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Եվրասիական տնտեսական միության մասին փաստաթուղթը համարում է պատմաքաղաքական, գաղափարախոսական առումով չմշակված, ուտոպիստական, քաղաքական ինտեգրացիոն բովանդակություն չպարունակող փաստաթուղթ:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության, այդ միության ներկա ընթացքի և դրա շուրջ զարգացումների մասին է Դ. ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրույցը:

Մայիսի 29-ից սկսած` տարբեր ժամկետներ են սահմանվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար: Վերջինը հոկտեմբերի 10-ն է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հրամանագիր է ստորագրել` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը ՌԴ կառավարությունում հաստատելու մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք, այս անգամ էլ նոր ամսաթիվ չի հայտարարվի :

- Առանց ուկրաինական պատերազմն ավարտին հասցնելու, Պուտինը Եվրասիական ինտեգրացիոն նոր կառույցի մասին մտածել անգամ չի կարող: Ռուսաստանը երբեք Ուկրաինան չի տա ո´չ Եվրամիությանը, ո´չ ՆԱՏՕ-ին, ո´չ Միացյալ Նահանգներին: Հարավ-արևելյան Ուկրաինայում նա պատերազմը ավարտեց հաղթանակով, և դրա հետևանքը կլինի Միացյալ Նահանգների մարիոնետ, բոնապարտիզմի ճանապարհով իշխանության եկած իշխանության գահընկեցութ յունը. մինչև հունվար Պորոշենկոն սոցիալական պոռթկմանը չի դիմանա: Ռուսաստանը իշխանության կբերի իր ուզած թեկնածուին, և Լուգանսկի, Դոնեցկի հանրապետությունները նոր կարգավիճակով արևմտյան Ուկրաինային կմիավորվեն կոնֆեդերատիվ սկզբունքով: Այսպիսով սլավոնական նոր միության հիմքը կդրվի: Պանամերիկյան հեգեմոնիզմի հակակշիռ, էվոլյուցիոն առումով նոր միության ստեղծումը պատմական անհրաժեշտություն է` ժամանակի հրամայական: Բայց այդ նոր կառույցը, որը Պուտինը երազում է` միասնական տնտեսական տարածք, միասնական շուկա, միասնական ֆինանսական համակարգ` ի հակակշիռ Եվրամիության, դեռևս տնտեսագիտական և գաղափարական ֆունդամենտ չունի: Այն կվերամշակվի, կվերաձևավորվի և կենդանություն կստանա միայն Ուկրաինայի հարցը փակվելուց հետո: Ես համոզված եմ, որ մինչև մայիս Ուկրաինայում կլինի նոր, սլավոնական տիպի իշխանություն:

Իսկ այդ ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա. որտե՞ղ եք տեսնում Հայաստանը` այդ Եվրոպա-Ռուսաստան նոր ձևավորվելիք հարաբերութ յունում :

- Այսօր վտանգավոր է, որ Հայաստանը Եվրամիության հետ դեռ ցանկանում է կապեր պաշտպանել` հանուն օֆշորային կապիտալի անվտանգության: Այդ քաղաքականությունը վերջնականապես կտապալվի: Երեք հանրապետությունների` Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միավորումից հետո մնացած հանրապետությունների արտաքին քաղաքականության վեկտորը 180 աստիճանով կշրջվի նոր միության կողմը: Մաքսային հասկացողությունը, Եվրասիական հասկացությունը ֆիկցիա են, բացարձակապես ուտուպիստական` առանց որևէ հիմքի: Եվրոպայում 28 պետություններ միացան, և միայն անցած տարի հասկացան, որ Եվրամիությունը գոյատևել չի կարող, եթե չունենա իր կենտրոնական կառավարությունը: Իսկ Եվրասիական Միությունը ուտոպիստական մաքսայինից այն կողմ ոչինչ չի արել, և «մաքսային միություն» հասկացողությունն այնպիսի հակասական կատեգորիաների առճակատման որոգայթներում է, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես կարող է այդ Մաքսային Միությունը դուրս գա առևտրի համաշխարհային կառույցից և ինքնուրույն արտաքին ֆինանսական գործառույթներ իրականացնի: Այսինքն, առայժմ չծնված, սաղմնային վիճակում գտնվող կառույցի հետ հույսեր կապելն անիմաստ է: Ամեն ինչ կվճռվի Ուկրաինայի հարցը լուծելուց հետո: Իսկ այդ հարցը կլուծվի հօգուտ Ռուսաստանի: Այդքանը կարող եմ ասել` որպես նոստրադամուսյան կանխագուշակում: Ես կարծում եմ` պատերազմն արդեն ավարտված է` հօգուտ Ռուսաստանի:

Դուք խոսեցիք սլավոնական երեք հանրապետությունների միավորման մասին. նկատի ունեք ինչ-որ նոր տիպի միության ստեղծո՞ւմ :

- Օրինաչափ է, որ մի օր կգա նոր իշխանություն, և այդ նոր իշխանությունը կբերի սլավոնական պետությունների միավորման եռյակ` որպես կորիզ: Դրա շուրջը կձևավորվի նոր էվոլյուցիոն միությունը, որն ուղղակի պատմական անհրաժեշտություն է: Ես հավատում եմ դրան, և դա լինելու է: Ազգերի ծաղկման, բարգավաճման համար անհրաժեշտ են աշխարհաքաղաքական նոր ուղեծրեր և նոր միություններ: Առանձին-առանձին փոքր փոշիացած պետություններն իրենց տնտեսական, քաղաքական և ռազմական անվտանգությունն ապահովել չեն կարող:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ