ԳԻՏՆԱԿԱՆԻ ՉԱՐԵՆՑԱՊԱՏՈՒՄԸ


«Չարենցը և արվեստը» խորագրով 300 էջանոց գիրքը 2005թ. լույս է ընծայել «Ոսկան Երևանցի» հրատարակչությունը, որի հեղինակն է բ.գ.թ., Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆԸ: Սույն գիրքը մի նոր, հետաքրքրական էջ է բացում չարենցագիտության բնագավառում: Այն համակողմանի ուսումնա սիրություն է` նվիրված Ե.Չարենցի արվեստագիտական գործունեությանը, արվեստի հետ առնչություններին և միաժամանակ Չարենցի կերպարի կերտմանը նկարչության, քանդակագործության, երաժշտության, ճարտարապետության մեջ: Գրքի առաջին գլուխը նվիրված է դրամատուրգիայի, թատերական արվեստի և կինոարվեստի խնդիրներին, որում գրքի հեղինակը, պրպտելով, ուսումնասիրելով բազմաթիվ գիտական աղբյուրներ ու բացահայտելով կարևորագույն փաստեր, տեղեկություններ, վեր է հանել Եղիշե Չարենցի գեղագիտական հայացքները: Գրողի թատերական ճաշակը ձևավորվել է Թիֆլիսում, իսկ Երևանում նրան անվանել են թատրոնի շինարար: Չարենցը` որպես լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ, առաջին հերթին թատերական գործը դնում է պետական հիմքերի վրա. նրա` 1920թ. դեկտեմբերի թիվ 30 հրամանով Երևանում գործող թատերական ստուդիան ստանում է պետական կարգավիճակ: Չարենցը ջերմ կապեր է ունեցել ոչ միայն դրամատուրգների, այլև անվանի դերասանների հետ: Ռ.Դավթյանը մանրամասն ուսումնասիրել է թատերական արվեստի չարենցյան շրջանի ամբողջ նյութը և հրամցրել ընթերցողին: Կարևորելով թատրոնի դերը հասարակական կյանքում, Բանաստեղծը ցանկացել է բեմը դարձնել դահլիճի շարունակությունը, այսինքն` ներկայացումը տանել ժողովրդի մեջ, նաև երազել է այնպես անել, որ բեմն ու դահլիճը միասին խոսեն, միասին երգեն: Ահա թե ինչու իր «Կապկազն» ավարտում է «Ինտերնացիոնալով», երբ բեմն ու ժողովուրդը երգում են միասին: Չարենցը գրել է բազմաթիվ հոդվածներ, ձոներ, գրախոսականներ, բանաստեղծություններ, էպիգրամներ` նվիրված թատրոնին, դերասան-դերասանուհիներին: Նրա թատերագիտությունը, որպես առանձնահատուկ ոլորտ, չուսումնասիրված բնագավառ է, որին էլ նվիրված է Ռ.Դավթյանի մենագրությունը: Չարենցի ուշադրության կենտրոնում էր նաև կինոարվեստը: Մենագրության առաջին գլխում զետեղված է մի ենթագլուխ` Եղիշե Չարենցը և կինոարվեստը: Հանդիպումը Մոսկվայից Երևան ժամանած կինոդրամատուրգ և սցենարիստ Էդուարդ Գրեբների հետ գրողի համար լավագույն առիթ էր` զրուցելու կինոդրամատուրգիայի զարգացման հեռանկարների շուրջ: Չարենցը սցենար գրելու պատրաստակամություն է հայտնում: Այստեղից էլ ահա սկսվում է նրա կապը Հայկինոյի հետ: Նա մեծ դեր է ունենում «Պեպո» ֆիլմի սցենարի մշակման գործում: Հայ ժողովրդի երկու տաղանդավոր զավակների` Եղիշե Չարենցի և Արամ Խաչատրյանի համատեղ աշխատանքի արդյունքում ծնունդ է առնում «Դամբը ձեռքիս աշխատում եմ» հանրահայտ երգը` «Պեպո» կինոնկարի համար գրված: Չարենցը կինոյի զարգացման համար առաջադրում է լուրջ ու ծանրակշիռ խնդիրներ` ակտիվորեն մասնակցելով կինոյի հետ կապված բանավեճերին: Նրա դերը մեծ է ազգային կինոարվեստի ձևավորման ու զարգացման գործում: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ տարիներից Չարենցը զբաղվում է կինոյի հարցերով: Հետագայում նա ժողովրդական լայն զանգվածնե րին քաղաքական սուր, հրատապ հարցերին հաղորդակից դարձնելու համար գրում է կինոֆելիետոն` անվանելով այն «Անոուդեն ամուսիններ կամ ինքնիրեն կոմունիզմ»: Նա հավատում է կինոյի ապագային և գտնում, որ կինոն դառնալու է մարդու հոգևոր կյանքի կարևոր գործոններից մեկը: Բանաստեղծը խոստանում է գրել սցենար, սակայն, դժբախտաբար, չի կարողանում խոստումը կատարել: Շատ հետաքրքրական է գրքի կառուցվածքը. հեղինակը նախ ներկայացնում է մեծ բանաստեղծի ծառայությունը կինոարվեստին, ապա, ընդհակառակը, կինոգործիչների նվիրվածությունը, ծառայությունը մեծ բանաստեղծին: Նրա կերպարը կերտվում է նաև օպերային արվեստում. «Կրակե օղակը» բեմադրվում է և մեծ գնահատականի արժանանում Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնում և Գերմանիայում: «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների հիման վրա օպերայի և բալետի պետական թատրոնում ներկայացվում է «Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված» նոր լիբրետոն (Տիգրան Լևոնյան), ուր Չարենցը ներկայացվում է և° որպես ազգային բանաստեղծ, և° որպես համամարդկային հոգսերով ապրող մեծ քաղաքացի: Մենագրության տրամաբանական շարունակությունն է «Չարենցը և երաժշտությունը» գլուխը, որում Ռ.Դավթյանը ներկայացնում է անցյալ դարի 20-ական թվականների երաժշտական արվեստի զարգացման նվիրյալ Ե.Չարենցին: Հատուկ հետաքրքրության են արժանի բանաստեղծի երաժշտական աշխարհն ու այդ ուղղությամբ կատարած աշխատանքները. դրանք ոչ° գրականագետների, ոչ° երաժշտագետների կողմից մինչև այսօր լրջորեն ուսումնասիրված չեն: Ռ.Դավթյանի «Չարենցը և արվեստը» մեծ ներդրում է չարենցագիտության մեջ, հատկապես` կերպարվեստի և ճարտարապետության ուղղությամբ: Բանաստեղծի կերպարվեստագիտական գործունեությունը դեռևս ըստ ամենայնի ուսումնասիրված չէ: Մենագրության 3-րդ գլուխը նվիրված է նկարչությանը, ճարտարապետությանը, գրքի նկարազարդմանը, քանդակագործությանը: Գրքի հեղինակը Ե.Չարենցի կերպարվեստի ընկալման մասին դատողություններ է անում ոչ միայն նրա երկերի և մամուլում հրատարակած հոդվածների, այլև Չարենցի ժամանակակիցների հուշերի, նամակների, զեկուցումների, զանազան վավերագրերի ուսումնասիրման հիման վրա: Չարենցը իր անօրինակ տաղանդով և մտքի հզորությամբ թափանցում է կերպարվեստի աշխարհը: Չարենցը շատ է օգնում երիտասարդ արվեստագետներին, հատկապես նկարիչներին` իր ուրույն ու ինքնատիպ մասնակցությունը բերելով խորհրդահայ պլակատային արվեստի զարգացմանը և երգիծական պլակատային արվեստին: Երգիծական, սատիրական նկարչության հանդեպ ունեցած իր առանձնահատուկ վերաբերմունքով Չարենցը հիշեցնում է Մայակովսկուն, որը կատարելության է հասցնում պլակատն ու լոզունգը: Կերպարվեստի բնագավառում բանաստեղծի կատարած մեծ ծառայությունների ու առնչությունների շնորհիվ է, որ նկարիչներն ու քանդակագործներն իրենց ստեղծագործություններում կերտում են նրա կերպարը: «Չարենցը և արվեստը» գիտական կարևոր ներդրում է ոչ միայն չարենցագիտության, այլև հայ արվեստի պատմության համար:

Օֆելյա ԽԱՉԱՏՐՅԱՆ