Մեր օրերի թատրոնը


Մղձավանջային հեքիաթ առանց վերջաբանի Բեռլինի «Theater unterm Dach» («Թատրոն տանիքի տակ») և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնների համագործակցությամբ արված «Վերջին մտքի հեքիաթը» բեմադրությունն արժանի է դրվատանքի ամենից առաջ որպես մշակութային ազդեցիկ հնարքներով մտահղացված մի նախաձեռնություն, որը ոչ միայն հնարավորություն է տալիս համաշխարհային հանրության հավաքական միտքն ու խիղճը կրկին սևեռել Հայոց եղեռնի ու դրա անլուծելի մնացած ծանր հետևանքների վերացման անհրաժեշտության վրա, այլև միասնական ջանքեր ձեռնարկել որևէ ազգի ապրելու իրավունքի դեմ այժմ և ապագայում իրագործվող արյունոտ ոտնձգությունները, «մարդասիրական» ռումբերի նոր պայթյունները կանխելու ուղղությամբ: Էդգար Հիլզենրաթի համանուն վեպը, ըստ որի բեմականացվել է (թատերական խմբագրումը` Անդրեաս Յունգվիրթի) այս յուրօրինակ հայրենասիրական-մարդասիրական ակցիան, համամարդկային հեռահար ընդհանրացման խթան կարող է դառնալ: Հայկական ու հրեական զանգվածային կոտորածների սահմռկեցուցիչ փաստերի միահյուսմամբ այն բեմի վրա ստանում է մղձավանջային հեքիաթի արտահայտություն: Հեքիաթ, որ Մեդահը պատկերավոր անցումներով պատմում է Եղեռնից հրաշքով փրկված Վարդան Խատիսյանի մահամերձ որդուն` շվեյցարաբնակ Թովմային: Շուտով խոսքը փոխվում է գործողության` ի ցույց հանելով դժնդակ բովանդակությունը կանխամտածված մարդկային նախճիրի: Վիլլի Կելլերսի դիսհարմոնիկ երաժշտական ձևավորումը հարվածային գործիքների ու ակորդեոնի նվագակցությամբ և Աստղիկ Խոջոյանի երգեցիկ ստվերային ներթափանցումը բեմից ցուցադրվող դրվագված պատմության մեջ առանձնահատուկ զգացական լիցքեր են հաղորդում Բեա (Բեատե) Էհլերսի, Ստեփան Գանտրալյանի, Իշխան Ղարիբյանի ու Արթուր Կարապետյանի բազմաթիվ վերակերպավորումների միջոցով հստակվող հիմնական ասելիքին: Մեր գենետիկ ցավի չսպիացող վերքերը շոշափող որոշ հատվածներ տամկացնում են հանդիսատեսի աչքերը` յուրատեսակ թարգմանը դառնալով նրա ներքին խռովքի: «Հայկական համաշխարհային դավադրության պարագլուխ» Վարդան Խատիսյանի հարցաքննությունը Բաքիրի մյուդիրի գրասենյակում, դերասանուհիների շուրթերից հնչող թուրքական օրորոցայինը (մայրությունը ազգություն չի ճանաչում), սպիտակով ու սևով խճողված խելացնոր պարը, մանկաբարձուհի Բյուլբյուլի համառ փորձը` վերակենդանացնելու հիշողությունը (ուրեմն և` իր ժողովրդի բանաստեղծը կոչվելու իրավունքը) կորցրած Վարդանին, Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի գազախցիկներում անմեղ մարդկանց հրկիզումը... Թատերախմբի փորձերը` գեթ «սև հումորով» թուլացնել հանդիսասրահի զգացական-խոհական պրկվող լարվածությունը, գրեթե ապարդյուն են մնում: Հանդիսատեսը տեսածը մտովի լրացնում է իմացածով և ընկնում դեպրեսիվ հոգեվիճակի մեջ. ցավն ամոքվում է, եթե բալասան է գտնում, իսկ ինքը միջազգային հանրության մեծամասնության համերաշխ լռության կամ անտարբերության, ղուրանապաշտ մարդասպանների ժառանգների հետևողական խեղաթյուրումների նոր թափ առնող գործունեության պատճառով դատապարտված է դեռ երկար մորմոքալու: Անժպիտ են ընդունվում նատուրալիստական դրվագները ևս: Արտառոց է թվում սափթիհների արտաքնոցային առօրյա սովորության պատկերը, բայց հանդիսատեսը դրանից փշոտվում է, մանավանդ, երբ նրանցից մեկին փոխարինում է Թուրքիո վարչապետի կերպարանքն ընդունած Բեա Էհլերսը` աչքերում արնակարմիր կայծեր, շարունակելով հայերի զանգվածային ոչնչացման սին փաստարկների հիմնավորումը: Տեր Աստված, ուրեմն մեր նախնիների սրատման մոլուցքով համակված են եղել ոչ միայն թուրք խուժանը, այլև պետական այրերը և հենց սկզբից գրավոր արդարացնող փաստաթղթեր են հորինել մարդկության ու սերունդների առջև չքմեղ երևալու համար: Արչի Գալենց կրտսերի գունային լուծումները` սևի, սպիտակի ու կարմիրի գերակայությամբ, բեմի ավանգարդիստական-խորհրդանշական ձևավորումը նպատակադրված է պահպանելու ներկայացման հեքիաթային ընկալումը, սակայն իրական պատմական եղելություններով հագեցած սյուժետային գծի զարգացումը անզոր է մեղմելու հայ հանդիսատեսի ներսում բորբոքված ցասումն ու ցավը: «Վերջին մտքի հեքիաթը» ներկայացումը նույնատիպ զգացողություններ արթնացրեց նաև Գյումրիի, Վանաձորի և արցախյան գորդյան հանգույցում մխրճված Ստեփանակերտի թատերասերների մոտ: Կարծում եմ, ստեղծագործական խմբի հետապնդած թատրոնական նպատակները ակնկալվածին համարժեք կլինեն նոյեմբերին Բեռլինում խաղացվելիք հինգ ներկայացումների ժամանակ: Եվ ծիծաղի միջից օտարազգի հանդիսատեսի մոտ հարուցվելիք արցունքները, գուցե կանխելով զգացմունքային հարաճուն լարվածությունը, նրա մշակութային պահանջներին հարիր արտահայտչամիջոցներով հասկանալի կդարձնեն, թե գերմանական Բունդեստագը կոնկրետ ինչ եղելություններից մղված է անցյալ տարի ընդունել հայերի ցեղասպանության փաստը: Դժվար է կանխատեսել, թե ինչպես կարձագանքեն այդ երկրում պաշտոնապես բնակվող 5 մլն թուրքերը: Անշուշտ, կընդդիմանան: Հիշենք, թե Եղեռնի զոհերի հուշակոթողին Ֆրանսիայի նախագահի դրած ծաղկեպսակը ինչ բուռն արձագանքներ հարուցեց: «Արցախի բարեկամների միության» նախաձեռնությամբ իրականացված այս ներկայացումը (տնօրեն` Գայանե Ափինյան) չի բացառվում, որ ավելի հուժկու ալեկոծություն կառաջացնի: Չէ՞ որ Բեռլինում «Վերջին մտքի հեքիաթը» բեմից հնչելու է առավելապես գերմաներեն: Հայաստանում էր, որ հասկանալի ու ձանձրալի չլինելու միտումով նախապատվությունը տրվել էր մայրենի լեզվի գերակշռությանը: Եվ, պետք է խոստովանել, միաժամանակ երկու լեզուներով հանդես եկող Ստեփան Գանտրալյանը կարողացավ ապահովել փոխըմբռնումը հայ հանդիսատեսի հետ` դերասանական սահուն դիալոգի իմպուլսներ տալով արմատներով հայ, ծնունդով գերմանացի Բեա Էհլերսին` այս բեմականացման գաղափարը հայասիրական խանդավառությամբ ներշնչողին: Գանտրալյան-Էհլերս դերասանական զույգն էր, որ կրում էր իր ուսերին ներկայացման զգացական-խոհական-իմաստային թատերականացված ընկալումը խորացնող խաղարկման ծանրության առյուծի բաժինը: Անմնացորդ նվիրումով ու ներքին կրակով էին այս դերասանները մարմնավորում իրենց կերպարանափոխությունները, էպիկական թատրոնին հատուկ խաղաոճով` երբեմն չկարողանալով զսպել իրենցում գենետիկորեն կուտակված պոռթկումը: Իհարկե, կենսական հանգամանքներն այստեղ որոշակի դեր են խաղում: Բեային իր արաբկիրցի տատի հայրենիքը հարազատ է դարձել բոլորովին վերջերս` «Արմմոնոյին» ամենամյա մասնակցության շնորհիվ: Նրա ամենաակտիվ խաղընկերը Արման Մանարյանի արվեստանոցում հավաքելով թատերարվեստի գաղտնիքներին տիրապետելու բավարար պաշար, որի գործուն ամբողջացմանը նպաստել են Գրիգոր Մկրտչյանն ու երբեմնի «Փոսի» թատրոնում (այժմ` բիլիարդանոց) 12-ամյա ստեղծագործական աշխատանքը, 1997-ից մեկնել է Գերմանիա վերապատրաստվելու, կրկնակի արժանացել Գյոթեի անվան կրթաթոշակի և իր ունակությունների դրսևորումներով վաստակել Մյուլհայմ ան դեր Ռուր (գեղարվեստական ղեկավար` Ռոբերտո Չիուլի) թատրոնում վեց տարի որպես արվեստագետ վերջնականապես հղկվելու բացառիկ իրավունքը: Այսինքն, եթե Բեան կարմիր գենոցիդի ակամա զոհն է, ապա Ստեփանը, նկատի առնելով նաև ինչ-ինչ հանգամանքներ, սպիտակ սպանդի տիպիկ կրողն է: Ուստի մղձավանջային հեքիաթը, որ նրանք պատմեցին հայաստանյան հինգ ներկայացումների ընթացքում, անորոշ հանգուցալուծմամբ ասք էր նաև իրենց մասին, իրապատում հեքիաթ առանց կոնկրետ վերջաբանի: Վստահ եմ, հայաստանաբնակ հանդիսատեսի տպավորություններով վերջնականապես խմբագրված այս ներկայացումը պետք է հաջողությամբ իրագործի իր ստանձնած առաքելությունը Բեռլինում` խթան հանդիսանալով նոր հայրենասիրական սխրանքների:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ