Ինչու՞ են աղմկում «հայաստանցիները»...


Հայ Արիական Միաբանությունը բազմիցս անդրադարձել է հային պիտակավորելու արատավոր «սկզբունքին»: Սա ունի իր դրսեւորումները` ըստ կուսակցական, կրոնա-հավատամքային կամ տեղաբնիկության պատկանելության եւ այլն: Նման արհեստածին արատը ձեւավորվել է դեռ խորհրդային ժամանակներից, քանզի գրեթե միատարր-հայա տարր Հայաստանում հարկավոր էր պառակտող հանգամանքներ ստեղծել, որն էլ խորհրդային տարիներին ներդրվեց հատկապես տեղաբնիկության շեշտադրությամբ` «տեղացի» եւ «ախպար» ձեւակերպումներով: Այնուհետեւ անկախացած Հայաստանում մի պահ հաղթանակեց ՀԱՅ-ի գաղափարը` առանց խտրականության որեւէ դրսեւորման, եւ ՀԱՅ-ը հրաշքներ գործեց` ստեղծեց անկախ պետություն, վերապրեց ավերիչ երկրաշարժի, սովի, մթի ու ցրտի տարիները (որոնց մի մասը արհեստականորեն էին ստեղծվում) եւ հաղթեց Արցախյան պատերազմում: Սա, իհարկե, սարսափեցրեց մեր ներքին ու արտաքին թշնամիներին, եւ հետզհետե, դարձյալ արհեստականորեն, նախ ստեղծվեց հայաստանցի-արցախցի (ղարաբաղցի) հակադրությունը, այնուհետեւ ավելացավ հայաստանցի-սփյուռքահայ հակադրության տարբերակը, որն, իմիջիայլոց, կիրառվում է նաեւ սփյուռքում` հակառակ ելակետից: Այո, թիրախները նպատակային էին ընտրված` ջլատելով հայության միասնությունը` հակակրանք, եթե չասենք` ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ (որ հեշտ լինի թշնամուն հանձնելը), իսկ սփյուռքին կտրել Հայաստանից, մայր ժողովրդից, այսինքն` Հայաստանի միակ նվիրյալ ու անշահախնդիր «արտաքին» ուժից: - Ո՞վ է արցախցին, որ ապրի ու գործի Հայաստանում (՞՞՞), եւ ո՞վ է սփյուռքահայը, որ «հայաստանցիների» հետ տնօրինի ազգի ճակատագիրը (՞՞՞). ահա սադրիչ ու պառակտիչ այս նպատակի քարոզահենքը: Օրինակները բազմազան են, սակայն կբերենք վերջին ամենաթարմը: Հայրենիք-Սփյուռք 3-րդ համաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ նաեւ Արամ Ա-ն` կաթողիկոս-պատրիարքը Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց: Համաժողովի բոլոր ելույթներից այս մի հայի խոսքը հստակորեն տարբերվեց բուռն հայկականությամբ եւ ճշմարիտ ազգային մոտեցումներով: Եւ ահա գործի դրվեց հակահայ «սադրիչ մեքենան»: Արամ Ա-ի խոսքը ինչ-որ երիտասարդներ պիտակավորե ցին որպես ոչ հոգեւորականի` աշխարհիկ մարդու խոսք, որում իբր իսպառ բացակայել է «Աստծո խոսքը»: Այո, մեզանում սովոր են, որ հոգեւորականները չպիտի խոսեն ու մտահոգվեն ազգի ցավերով, այլ պիտի հլու-հնազանդության քարոզ անեն ու առավելագույնս փառաբանեն իշխող դասակարգին: Ազգի, հայի եւ պարզապես մարդու ցավերից խոսելն է հենց աստվածային խոսք, «որդյակներ», ոչ թե այս սրբությունները տրորողներին փառաբանելը եւ նրանց հետ «փայ» մտնելը… Արամ Ա-ի խոսքը չի բավարարել նաեւ այն «հայաստանցիներին», ովքեր հայության իրավունքները տեսնում են միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ մի անկյունում ծվարած Հայաստանի Հանրապետությունում… Ում համար չկա պատմական Հայաստան ոչ հիմա, ոչ էլ ապագայում: Դա անցյալ է ու վերջ, հիմա մենք թուրքի, ադրբեջանցու եւ վրացու «հարեւանն ու եղբայրն ենք» եւ, «քաղաքակիրթ» ժողովուրդ լինելով, իրավունք չունենք ոտնձգություններ անել հարեւան երկրների տարածքային ամբողջականության վրա… ահա սրանց մտածելակերպը: Ո՞վ է Արամ Ա-ն կամ որեւէ այլ սփյուռքահայ, որ պիտի խոսի Հայաստանից, Արցախից ու նաեւ… Ջավախքից, - գոռում են «հայաստանցիները»: Սփյուռքին միայն փողի քսակ նայողների մի այլ տեսակ էլ սրանք են: Թշվառներ: Այո, այս մարդատեսակը միայն ուտել ու վայելքներ է ուզում: Ով ուզում է, թող իշխի իրենց, ինչքան հայրենի հող պետք է «հարեւանին», հարկավոր է զիջել, միայն թե իրենց հանգիստը չխաթարվի, հանկարծ կռիվ չլինի: Ուստի իրենց թշնամիները ոչ թե օտար ու արնախում «հարեւաններն» են, այլ` «գաղափարական-բարոյական» արյունակից ՀԱՅԵՐԸ, ումից պետք է հնարավորինս հեռու լինեն… Սրանց աստվածը արհեստական է, փողն է կամ վայելքը, բայց ոչ երբեք ԲՆԱԿԱՆ-ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԸ: