Մի տխրեցրու, Տխրունի...


Ս.Դ.Հ.Կ. «ՏԽՐՈՒՆԻ» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ուսանելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ: Առաջին հայացքից ամեն ինչ կարծես թե հրաշալի և ողջունելի է, սակայն, ցավոք սրտի, կան խնդիրներ, որոնք ցայսօր մնում են չլուծված: Խնդիրներից կարևորագույնը, թերևս, սփյուռքահայ և հայաստանցի երիտասարդների փոխհարաբերություններն են, որոնք, մեր խորին համոզմամբ, բավական բարդ և կոնֆլիկտային են: Այսպես, սփյուռքահայ շատ ուսանողներ որոշակի բարդույթներ են ունենում, որոնք կապված են նրանց և հայաստանցի երիտասարդների մտածելակերպի որոշակի տարբերությունների հետ: Ցավով նաև արձանագրում ենք, որ պետությունը և սփյուռքի հետ հարաբերվող պետական կառույցները հպանցիկ են անդրադառնում հայաստանցի-սփյուռքահայ փոխհարաբերություններին, ինչն էլ շատ սփյուռքահայերի մոտ ի վերջո տեղացիների նկատմամբ հիասթափություն և խորը վիրավորանք է առաջացնում: Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները` Ս.Դ.Հ.Կ. «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին` առավել լրջորեն զբաղվել սփյուռքահայ երիտասարդ ների խնդիրներով և ցուցաբերել սրտացավ վերաբերմունք: Ս.Դ.Հ.Կ. «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչություն * * * Ահա այս հայտարարության գաղափարական բովանդակությունը լրացրին նաև ՀՅԴ կուսակցության երիտասարդ թևը և որոշ սփյուռքահայ ուսանողներ: Բայց մի՞թե Հայաստան-Սփյուռք կապերում այս խնդիրն այսօր հրամայական է դարձել. թե՞ սա հերթական անհարկի աղաղակ է, որի արձագանքները քաղաքականացվելու միտում են հետապնդում: Մեզ հետ, մեր կողքին ապրում են սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ, որոնցից շատերին խորթ են տեղի հայերի հետ ունեցած կոնֆլիկտների մասին քննարկումները: Ճարտարապետաշինարա րական համալսարանի մի խումբ սփյուռքահայ ուսանողների (Սարմեն Շահումյանի, Մարտիկ Հարությունյանի, Գիլբերթ Տեր Ավանեսյանի, Վահե Խաչինյանի, Արփի Հայրապետյանի) կարծիքով իրենց և տեղի հայերի միջև եղած մտածելակերպի հասկանալի տարբերությունը երբեք էլ չի հանգեցրել կոնֆլիկտային իրավիճակների ստեղծման կամ իրենց մոտ բարդույթների ձևավորման: Ինչպես նշեցին նրանք, շատ քչերն են, որ չեն կարողանում հարմարվել Հայաստանի պայմաններին, հետևաբար տեղի հայ երիտասարդի և նրա սփյուռքահայ ընկերոջ միջև ստեղծված անհասկանալիության մթնոլորտը եզակի երևույթ կարելի է համարել: Այս խոսքերի հավաստիացումը երևի նրանց հետ սովորող հայաստանցի ուսանողների կարծիքներն էին: Թորոսն ու Հայկը, որ 1-ին կուրսի ուսանողներ են, կարծում են, որ սփյուռքահայերից պետք չէ պահանջել, որ նմանվեն իրենց... Իսկ ԵՃՀ 2-րդ կուրսի ուսանող Արամ Սամսոնյանի կարծիքով մեծ քաղաքականության մեջ օգտագործվող փոխզիջումային տարբերակը կարող է նաև այս պարագայում կիրառվել: Ստեղծված իրավիճակը, ինչ խոսք, արհեստածին է: Պետք չէ ծայրահեղացնել երևույթները: Իսկ ապացույցը, որ հայաստանցիները սիրում են սփյուռքի իրենց հայրենակիցներին, թերևս Սարմենի ընկերների միամիտ և ուրախ արձագանքն էր իմ ու Սարմենի զրույցին. «Ինքը մեր ախպերն ա, իրան բան չասեք»:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ