Ձեզ ասենք` տիարք ընդդիմադիրներ


Այսպես էլ է լինում: Ժողովրդավարություն ենք խաղում և արդյունքում «վայելում» ենք այն, ինչ ունենք. մի կողմից ամենաթողություն, մյուս կողմից` տարաբնույթ մեղադրանքներ ով-ում-ինչպես կարող է: Անհեթեթ է գուցե, բայց այդպես է: Հերթական ընտրամարաթոնից առաջ` շահարկումների սպասելի հաջորդականություն: Ժողովրդավարություն ենք խաղում, և դրսից ով ինչ ուզում, ով ինչ «քաղաքական բաղադրատոմս» հայտնագործում, առաջին «դոզան» այստեղ է փորձարկում: Չէ, դա, թերևս, անմեղ տարբերակ է այն միտումների համեմատ, որոնք առկա են դրսի ուժերի ներազդեցության պարագայում: Իսկ «դրսինները» նախ տեղը- տեղին մաքրազարդեցին մեր հոգևոր-մշակութային դաշտը, սոցիալ -տնտեսական լարվածության լծակներ ստեղծեցին ու փորձում են ուղղություն տալ ժողովրդավարության մեր ընթացքին` դրա համար ֆինանսներ չխնայելով: Ոչ այնքան հեռու անցյալում այդ նույն արտաքին ուժերը մեզ պարտադրեցին սոցիալական քարտերի ու համարակալման տխրահռչակ սցենարը: Պայքարեցինք, գրեցինք, ասացինք, գոռացինք ի լուր աշխարհի: Մարդու իրավունքներից բարբաջող Եվրոպան «խլացել» էր ինչպես միշտ, և մեր ձայնը չլսեց, մեր իրավունքի ոտնահարումը չտեսավ, չդատապարտեց: Նախկին ԽՍՀՄ տարածքում էլ սկսվեց քաղաքական մի նոր ալիք` գունավոր հեղափոխությունների շքերթը, որից առայժմ մեզ կարծես թե հաջողվում է սպրդել (արդյո՞ք հաջողվում է): Համենայն դեպս թեժ խոստումները հերթական աշնանային թեժացումների մասին այս անգամ, թերևս, հուսախաբելու միտումներ ունեն (թերահավատների համար): Չնայած «չարդարացված սպասումների» մասին որոշ քաղաքական ուժերի պնդումներին, ակնհայտ է, որ թեժացումներ եթե լինեն, ապա միայն գարնանային խորհրդարանական ընտրությունների հեռատեսիլում: Վերջերս իշխանության «մանդատից» զրկված քաղաքական ուժը կասեր` «մեր տեսլականում», իհարկե, առանց բառի իմաստը ըմբռնելու: Եվ «ինչու»-ների կարիք էլ չկա, թե ո՞ւմ է ձեռնտու հանրապետության ներսում պառակտում ու թշնամություն սերմանելը: Պարզապես ժամանակն է փոխվել, ու «ժողովրդավարության» քողի տակ կրկին թաքցվում են իրական նպատակները: Ինչևէ, ընդդիմությունը նրանց «սցենարի» մի «արատն» էլ կյանքի կոչեց բոլորովին վերջերս` «հակակրիմինալ շարժում» հորջորջյալ: Այն, որ կրիմինալը մեր իրականության մեջ առկա է, անվիճելի է: Այլ խնդիր է, որ հանկարծ սթափված ընդդիմադիրները որոշեցին ոչ թե իրենց դերը կատարելով իրենց տեղում մնալ, այլ ընտրական մարաթոնի ֆոնին մի կարգին զվարճացնել այն ուժերին, որոնք էլ հենց կազմակերպում են այդ «հակակրիմինալը»: Պարոնայք ընդդիմադիրներ, հուշե՞նք ձեզ. շատ թափանցիկ է այն, որ «հանճարեղ մտահղացումներով» ընդամենը Արևմուտքի ջրաղացին եք ջուր լցնում: Թե՞ անվճար խորհրդատվության կարգով հիշեցնենք վերստին, որ էժանագին շահարկումների ու ինքնանպատակ շահաբաժինների կողքին ձեր «հոգնած» ուղեղներով մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեք: Կամ գոնե որպես պոպուլիզմի ավելի ցայտուն դրսևորում, ժողովրդի մասին մտածելու պատրանք ստեղծեք, այլ ոչ թե սրած կացին ունեցողի գոռոզամտությամբ դրսից «տղա կանչեք»: Այ, այսպես, ժողովրդավարություն ենք խաղում` հանձին մեր «ազգընտիրների», որոնցից շատերն արդեն աճապարում են ընդդիմադիրի քղամիդ հագնել: Բայց ընդամենը արտաքին ուժերի նույնիսկ ոչ այնքան հմտորեն հորինած սցենարն են կյանքի կոչում` աջ ու ահյակ ցեխ շպրտելով իրենց մրցակիցների ուղղությամբ: Հ.Գ. Մեկ խորհուրդ ևս. եղեք գեթ փոքր-ինչ սկզբունքային և սեփական հեղինակության մասին հոգացեք նաև: Թե չէ անձնական վարկանիշերի մասին ուռճացած թվերով հեքիաթներին ժողովուրդը վաղուց չի հավատում: Դե, ո՞նց հավատա հեքիաթին, երբ գիտե, որ հեքիաթասացն ընդամենը անմաքուր պատվերներ կատարող է:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ