ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է


ՀՀ ՊՆ հրթիռահրետանային զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Մարտին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կադրային զինվորականի տիպական կերպար է` օրինապաշտ, խիստ, սկզբունքային, պատասխանատու, կարգապահ: Նրա հետ զրուցելիս դժվար է հասնել հոգու հույզերին, ապրումները խորքում են, մատչելի թերևս ամենամտերիմներին: Գեներալը հարգալից է ու բարեկիրթ: Սակավախոս զրուցակից է, ձևակերպումները հակիրճ են ու դիպուկ: - Պարոն գեներալ, «Ավանգարդ» թերթի խմբագրակազմի և ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ` «Հայրենիքին մատուցած ծառայության համար» I աստիճանի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: Մաղթում եմ երկար ու արգասաբեր ծառայություն, բազում հաջողություններ և աշխատանքում, և անձնական կյանքում: Եթե չեմ սխալվում` Ձեր հայրը եղել է լեգենդար Թամանյան դիվիզիայի մարտիկներից և պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Կարծես թե հայրենիքին ծառայություն մատուցելը ավանդույթ է Ձեր ընտանիքում: - Հայրս ռազմաճակատում է եղել ավելի քան հինգ տարի, վիրավորվել է: «Արիության համար» մեդալը շատ թանկ է մեզ համար, քանի որ բառացիորեն փրկել է հորս կյանքը` փակելով թշնամու գնդակի ճանապարհը: Փամփուշտի հետքը մինչև հիմա դաջված է մեդալի վրա: Պատերազմից հետո երկար տարիներ հայրս ղեկավարել է իր ծննդավայր Ղուկասյանի շրջանի Սեպասար գյուղի կոլտնտեսությունը, եղել է կուսկոմիտեի քարտուղար: Հայրս սկզբունքային, խիստ և առաքինի մարդ էր, հեղինակավոր ու պատկառելի: Մեր ընտանիքը մեծ էր, ես ծնողներիս նախավերջին երեխան էի` վեցերորդը: Մեր տանը ամեն ոք գիտեր իր տեղն ու անելիքը, կարգուկանոն կար, սեր, համերաշխություն, հարգանք: Մեծ քույրերս մայրություն են արել ինձ, ու մինչ օրս ես նրանց որդու պես եմ վերաբերվում: Մեր ընտանիքում բոլորը անվերապահորեն ենթարկվում էին հորս բարոյական չափանիշներին, իսկ նա տանել չէր կարող ծուլությունը, զազրախոսելը, պարծենալը, ստախոսությունը: Նրա ամենավառ հատկանիշը արդարամտությունն էր: - Նրա ռազմական հուշերը դեր ունեի՞ն Ձեր մասնագիտական ընտրության հարցում: - Պատերազմի մասին երկար-բարակ պատմում են միայն նրանք, ովքեր իրականում չեն կռվել: Պատերազմը շատ մեծ ցավ է` խոսքուզրույցի թեմա դարձնելու համար: Պարզապես ընդհանուր մթնոլորտը շատ ոգեղեն էր, բարձր, հերոսական: Ես չեմ կարող ասել, թե ով է ինձ ներշնչել, ինչպես է ծնվել իմ անսահման սերը ծննդավայրիս, նրա մարդկանց, բնության հանդեպ: Վաղուց եմ դուրս եկել գյուղից, բայց կապս շատ ամուր է: Ամեն ամիս գոնե մեկ անգամ լինում եմ գյուղում, այցելում եմ հարազատներիս գերեզմաններին: - Դուք է՞լ եք Բաքվի զինվորական ուսումնարանից սկսել: - Ոչ, ես ավարտել եմ Թբիլիսիի հրետանային ուսումնարանը: Այն ավանդույթներ ունեցող կրթօջախ էր, ու կուրսանտների համար բավականին դժվար էր մեկեն կտրվել քա ղաքացիական կյանքից, ապրել զինվորական ռեժիմով: Նրանք, ովքեր չէին դիմանում, հեռանում էին: Ուսումնարանը ապագա սանի համար առաջին հերթին լուրջ հոգեբանական դպրոց էր, որ սովորեցնում էր ապրել ինքնուրույն, հաղթահարել դժվարությունները, լինել հաստատակամ, սկզբունքային, օրինապաշտ, կարգապահ, վճռական: Ոսումնարանում սովորում էին տարբեր ազգերի ներկայացու ցիչներ, և կուրսանտը, ապրելով բազմազգ կոլեկտիվում, վարժվում էր տարբեր բնավորության, մտածելակերպի, հակումների, բարոյականության տեր մարդկանց հետ հարաբերվելու հմտությա նը: - Որո՞նք էին այն գերակա գաղափարները, որոնք դրված էին կրթադաստիարակչական համակարգի առանցքում: - Ամենաիշխող գաղափարը հայրենասիրությունն էր... - Ենթադրում եմ, որ հայրենիք ասելով Խորհրդային Միությունը նկատի ունեք: Ինչպե՞ս էր հաջողվում հային ներշնչել սիրել Ուզբեկստանը և էստոնացու հոգում սեր արթնացնել Ադրբեջանի հանդեպ: Ես սա հարցնում եմ, քանի որ այսօր մենք ջանք ենք թափում, ռազմահայրենասիրական դաստիարակչական ծրագրեր ենք մշակում, որ հայ պատանու հոգում սեր արթնացնենք ի°ր հողի, ի°ր ծննդավայրի հանդեպ: - Մեծ հայրենիքն ու ժողովուրդների բարեկամության գաղափարը հիմնավորվում էր, դառնում էր զգայական, երբ կապվում էր միասնական պայքարի, փոխօգնության, ընդհանուր ձեռքբերումների, պատերազմական փորձություններով անցած հավատարմության հետ: Շատ կարևոր է, թե ինչպես ես ներկայացնում գաղափարը, ինչպես ես արժևորում, ինչպես ես համոզում: Ես կարծում եմ, որ մենք այդ առումով խնդիր չունենք, քանի որ մեր պատմությունն ինքը գաղափարախոսություն է և հուշում է, թե ինչ գաղափարների և արժեքների շուրջ պիտի համախմբվի ազգը, ինչ գաղափարներ պիտի դավանի: Հայրենասիրությունից հետո Թբիլիսիի ռազմական ուսումնարանում առաջնային գաղափար էր սպայի պատիվը: Զինվորական համազգեստը` որպես բարոյականության խորհրդանիշ, ստիպում էր ենթարկվել իր չափանիշերին: Կուրսանտին սովորեցնում էին հպարտորեն ու ակնածանքով վերաբերվել սպայական մունդիրին, արժանի լինել կրելու այն, մեզ ասում էին` եթե համազգեստ ես կրում, ուրեմն պիտի լինես ամենահայրենասերը, ամենախիզախը, ամենաազնիվը, ամենազարգացածը, ամենակիրթը... - Իսկ ի՞նչ էր արվում կուրսանտին կիրթ ու զարգացած դարձնելու համար: - Դասավանդում էին փիլիսոփայություն, հոգեբանություն, մշակույթ, արվեստ, պարբերաբար տանում էին թատրոն, օպերա, համերգ, պատկերասրահ: Պետք է նշեմ, որ հայերը միշտ էլ հաջողությունների են հասել զինվորական ասպարեզում, և° ուսումնարանում, և° զորքերում ամենադժվար հանձնարարությունները հայերին էին վերապահում, մերոնք առանձնանում էին կամային որակներով, կազմակերպչական ջիղով, վճռականությամբ, գիտելիքն արագ յուրացնելու ունակությամբ: - Որտե՞ղ եք ծառայել մինչև Հայաստան գալը: - Ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության եմ անցել Գերմանիայում, սկսել եմ դասակի հրամանատարից, այնուհետև տեղափոխվել եմ Անդրբայկալ, հետո Լենինականում տեղակայված խորհրդային զորամիավորումում եղել եմ դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, 89-ին նշանակվել եմ Ամասիայի զինվորական կոմիսար: 92-ին եկել եմ հայկական բանակ, նշանակվել եմ հրետանային բրիգադի շտաբի պետ: 94-ին մեկնել եմ Սանկտ Պետերբուրգ` սովորելու Միխայլովի անվան հրետանային ակադեմիայում: Վերադառնալով` նշանակվել եմ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, այնուհետև երեք տարի ղեկավարել եմ նույն զորամիավորումը: - Ո՞րն է զինվորական ղեկավարի հաջողության բանալին: - Արդարամտությունն ու պահանջկոտությունը: ... հաջողությունը պայմանավորված է անձնակազմի ձեռքբերումներով: Խելացի ղեկավարը կջանա առավելագույն արդյունք ստանալ զինվորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամից, իսկ դրա համար անհրաժեշտ է հաստատել միասնական չափանիշեր, միասնական արժեհամակագ, կարևորել յուրաքանչյուր անհատին ու հավասար աչքով նայել բոլորին: Ղեկավարը պետք է սրտացավ լինի ենթակայի հանդեպ: Պետք է հենարան լինի նրա համար և ջանա, որ կոլեկտիվում ձևավորվի փոխօգնության և փոխվստահության մթնոլորտ: - Ի՞նչ նոր առաջընթաց, նոր ձեռքբերումներ կան հրթիռահրետանային զորքերում: - Ստեղծվել են համակարգչային հրաձգարաններ` հրետանավոր սպաների մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար, տեղադրվել են հակատանկային միջոցների վարժասարքեր, հրատարակվել է մեծ թվով մասնագիտական գրականություն` դասագրքեր, ձեռնարկներ, կրտսեր հրամկազմի պարապմունքներն ավելի հետաքրքիր և արդյունավետ են դարձել` շնորհիվ դիդակտիկ նյութերի: - Ինչպե՞ս է ապրում մարտական ծառայություն կատարող զինվորը, ի՞նչ նորություն կա հենակետերում: - Գետնափոր բլինդաժների փոխարեն կառուցվում են քարե շինություններ, զինվորներն ապահովված են քնապարկերով, կազմակերպվում է և° կենտրոնացված, և° անհատական սննդամատակարարում: Դիրքերում ծառայություն կատարող զինվորի 15-օրյա ռեժիմը հետզհետե փոխարինվում է 7-օրյա ռեժիմով, ինչը թեթևացնում է զինվորի ծանրաբեռնվածությունը: Հրթիռահրետա նային զորքերում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, բաղնիքները, լվացարանները, ճաշարանները նորոգվում և կահավորվում են` համապատասխանեցնելով ավելի բարձր չափանիշների: - Որքանո՞վ է պահպանվում արձակուրդների շնորհման կարգը, և ինչպե՞ս է վերահսկվում գործընթացը: - Ամեն օր վարչության սպաները զեկուցում են ինձ, թե որ զորամասում քանի զինվորի է արձակուրդ տրվել: Արձակուրդի շնորհման գրաֆիկը փակցված է յուրաքանչյուր զորամասում: Զինվորն արձակուրդից զրկվում է որպես տույժ և լրացուցիչ արձակուրդ է ստանում օրենքով սահմանված դեպքերում: - Դուք շա՞տ եք տարբեր` որպես ընտանիքի հայր և որպես զինվորական ղեկավար: - Ո°չ, չափանիշները նույնն են, երկու դեպքում էլ խիստ եմ, պահանջում եմ կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, օրինապաշտություն: Ջանում եմ ավելի մեծացնել յուրաքանչյուրի ինքնուրույնությունը, հնարավորություն տալ, որ դրսևորվեն որպես անհատ, կարողանան որոշումներ կայացնել, ստեղծագործաբար մոտենալ խնդիրների լուծմանը: - Ավանդապա՞շտ եք: - Ընդունում եմ ամեն ժամանակակիցը, եթե այն չի խախտում բարոյականության սահմանները: - Ի՞նչն եք կարևորում մարդկային փոխհարաբերություններում: - Ազնվությունն ու կարեկցանքը: - Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ուրախացնում: - Մտերիմներիս հաջողությունները: - Եթե ժամանակ ու հնարավորություն ունենայիք, ինչպե՞ս կկազմակերպեիք Ձեր հանգիստը, ի՞նչ կանեիք: - Կգնայի մի տեղ, ուր հեռախոս չկա:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ