«Վրաստանի օրենքով գողերը Մոսկվայում բիզնեսից կորցնելու են 8-10 մլն դոլար»


Հրավիրած ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն իր պարտքը համարեց հանրությանը ներկայացնել սեփական դիտարկում ները աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: «Եթե Հայաստանը շուտով չգտնի վրաց-ռուսական հարաբերություններում մեր շահը դնելու ձև, մեզ սպասվում են շատ վատ ժամանակներ, եւ դրանք նոր ժամանակներ չեն լինի», -զգուշացրեց նա: Ըստ Կարապետյանի, Հայաստանի իշխանությունները պետք է նստեն ու «ալգորիթմ մշակեն»: Ինքը, իհարկե, ունի նման ալգորիթմ. «Հայաստանը Վրաստանի հետ բավական խիստ խոսակցություն պիտի ունենա. կամ իրենք մեր պարտնյորներն են, կամ իրենք մեր բարեկամներն են: Եթե բարեկամներն են, մենք պետք է ունենանք տրանզիտ, եթե պարտնյորներն են, մենք հազարավոր լծակներ կարող ենք ունենալ, որով կարող ենք ազդել Վրաստանի ներքին իրավիճակի վրա»: «Նոր Ժամանակների» տվյալներով, Վրաստանում արդեն ձերբակալվել է վրաց-ռուսական սահմանը հատած 60 մեր քաղաքացի: Նա նաև տեղեկություն ունի, որ Վրաստանը մտադիր է փակել մեր տարանցումները, անգամ եթե Ռուսաստանը բացի սահմանը: Արամ Կարապետյանը երեկ նաև պրագմատիկ հաշվարկներ ներկայացրեց. «Վրաստանի օրենքով գողերը Մոսկվայում բիզնեսից կորցնելու են 8-10 մլն դոլար ամեն ամիս, ու Սահակաշվիլին էդ փողերը ի՞նչ, կարողանալու է փակե՞լ»: Մեր հարցին, թե Սահակաշվիլին պետք է մտածի օրենքով գողերի մասի՞ն, ՆԺ ղեկավարը պատասխանեց. «Կարող է չմտածի, բայց վրացի սովորական քաղաքացիների մասին, որոնք ման են գալիս Մոսկվայի փողոցներում, մոտ 1 մլն միայն Մոսկվայում փող են աշխատում, 1 միլիարդ 200 մլն ուղարկում են Վրաստան, կարծում եմ` պետք է մտածի... եթե բանականություն ունի»: