ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպ Կոտ դ, Ազյուղ մարզի մարզային խորհրդի նախագահ Միշել Վոզելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Լոռու մարզի հետ համագործակցության ծրագրերի հաստատման նպատակով: Ողջունելով հյուրերին, վարչապետը կարեւոր է համարել, որ պատվիրակության այցը տեղի է ունենում Հայաստանի եւ Ֆրանսիայի համար նշանակալից իրադարձության` Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման եւ Ֆրանսիայի նախագահի ՀՀ կատարած այցին հաջորդող օրերին: Ընդգծելով, որ այդ միջոցառմանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությունն արդեն իսկ վկայում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բաձր մակարդակը, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում, այսուհետ եւս հաջողությամբ կշարունակվեն: Ըստ Վարչապետի, երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխգործակցության զարգացմանը մեծապես նպաստում է նաեւ ֆրանսահայ համայնքի գոյությունը, ինչի վկայություններից է փոխշահավետ համագործակցության հաստատումը, Հայաստանի եւ Ֆրանսիայի առանձին վարչական սուբյեկտների, մասնավորապես Լոռու մարզի եւ հայաշատ Պրովանս-Ալպ Կոտ դ, Ազյուղի միջեւ: Վարչապետը պատահական չի համարել, որ ՀՀ-ի եւ Ֆրանսիայի 22 քաղաքների մակարդակով արդեն անմիջական բարեկամական կապեր են հաստատվել, եւ համագործակցության ծրագրեր են իրականացվում: Շնորհակալություն հայտնելով Հայաստանում իր գլխավորած պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար, պարոն Միշել Վոզելը եւս նշել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառման մեծ կարեւորությունը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի ամենահայաշատ Պրովանսի մարզում Տարվա շրջանակներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնց ակտիվորեն կմասնակցեն ինչպես ֆրանսիական, այնպես էլ ֆրանսահայ շատ կազմակերպություն ներ: Միշել Վոզելը գոհունակություն է հայտնել օրերս Վանաձորում Պրովանսի եւ Լոռու մարզերի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ նախատեսված բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրագործվեն: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերութ յունների կարգավորմանն առնչվող հարցերի: