Տարածաշրջանը լուրջ փոփոխությունների շեմին


Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ կապված իրադարձությունների, այլև ավելի ընդգրկուն` տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն ԱՇՈՏՅԱՆԻ, տարածաշրջանային գործընթացներում լուրջ և ուրույն քաղաքական գործոն են հանդիսանում ինչպես, այսպես կոչված, չճանաչված, բայց փաստացի անկախ ԼՂՀ-ն, Աբխազիան և Օսիան, այնպես էլ տարածաշրջանին սահմանակից երկրները` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: «Փաստարկ» ակումբում բանախոսն անդրադարձավ մեր տարածաշրջանում գերտերությունների (ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան) շահերին և նրանց միջև առկա հակասություններին: Ռուս-վրացական հակամարտության խորացումը Ա. Աշոտյանը որակեց որպես ընդհանուր-գլոբալ խաղի նոր փուլ, որտեղ Հայաստանը պետք է հստակ կանխատեսի, թե ինչպիսի մարտահրավերների առջև կարող է կանգնել: Խոսքը վերաբերում է ոչ միայն կոմունիկացիաներին, որոնց փակման դեպքում ՀՀ-ն տնտեսական ծանր կացության մեջ կընկնի, այլև Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա խորացման հետևանքներին, սառեցված հակամարտությունների հնարավոր կարգավորումների տարբերակներին, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սրացումներին: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, պարոն Աշոտյանը դրանք որակեց համաշխարհային քաղաքականության գործոններ, որքան էլ առաջին տպավորությամբ այդ գնահատականը բարձրագոչ է հնչում: Բանախոսը շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը շահարկվում է եվրոպական քաղաքականության բավիղներում: Արտաքին մարտահրա վերների ամբողջ համափունջը պահանջում է ոչ միայն արտաքին քաղաքական գերպատեսչությունների, այլև ՀՀ ամբողջ քաղաքական էլիտայի զգոնության և մտքի գերագույն ճիգեր:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ