ՍԱԴՐԱՆՔ, ՍԱԴՐԱՆՔ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ


Պարտադիր չէ Շերլոկ Հոլմս կամ Էրքյուլ Պուարո լինել` համոզվելու համար, որ երբ զուգադիպություններն անցնում են մարդկային պարզ տրամաբանության բոլոր սահմանները, անհեթեթություն է դրանք վերագրել կույր պատահականություններին կամ երկնային խորհրդավոր մութ ուժերին: Օրինաչափություններից ակնհայտորեն շեղվող իրադարձությունների շղթան բացահայտելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ընդունել ուղղորդող «ձեռքի» գոյությունը, որի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում էլ ստեղծվում է վերոնշյալ տրամաբանության վակուումը: Նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի նկատմամբ կիրառված բռնությանը գնահատական տալիս անպայմանորեն անհրաժեշ տություն է առաջանում պատասխանել դասական հարցին` «Ո՞ւմ էր դա ձեռնտու»: Պարզորոշ է, որ նախկին պաշտոնյայի ծեծուջարդի պատվիրատուները հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել են: Այսինքն, համոզված են եղել, որ թե° հետաքննություն իրականացնողները, թե° հանրությունը այդ դասական հարցը տալու են, իսկ պատասխանը նախօրոք ու խնամքով պատրաստվել է հանրությանը սկուտեղի վրա անհրաժեշտ համեմունքով հանդերձ մատուցելու համար: Հաշվարկը կատարվել է այնքան պարզունակ ու մանկամիտ, որ սադրանքի ոչ թե հոտը, այլ գարշահոտը փչում է, ինչպես ասում են, նույնիսկ կիլոմետրերի հեռավորությունից: Սուրեն Աբրահամյանը դեպքից մի քանի օր առաջ ասել էր. կրիմինալի փաստեր և անուննե՞ր եք ուզում, խնդրեմ` Անդրանիկ Մարգարյան: Իսկ Վարչապետը ոչ միայն չափից դուրս քինախնդիր ու փոքրոգի է եղել, այլև չափազանց միամիտ: Անմիջապես վարձու ծեծողներ է ուղարկել` Սուրեն Աբրահամյանին պատժելու համար: Այդսքանը, պարզվում է` հերիք չէ: Եվ որպեսզի կասկածի սլաքի ուղղությունը նույնիսկ կույրերը տեսնեն, ծեծողներին «պատվիրվում է»` վրեժխնդրության «զոհին» ստիպել, որ ներողություն խնդրի: Ումի՞ց: Պարզ է` Վարչապետից: Նմանատիպ դետեկտիվ սցենար կարող էր շարադրել միայն ոչ այնքան վառ երևակայություն ունեցող 7-րդ դասարանի աշակերտը: Իսկ իրականացնել... Վարչապետին վարկաբեկող խոսքեր հնչեցնելուց հետո Սուրեն Աբրահամյանի անվտանգությամբ ամենաշահագրգիռ թիվ 1 անձը պարզ տրամաբանությամբ պետք է լիներ հենց ինքը` Վարչապետը: Որովհետև, Աստված մի արասցե, եթե նախկին քաղաքապետը տուժեր նույնիսկ կույր պատահարից, կասկածի նետերը ուղղվելու էին կրկին իր վրա: Այնպես որ, սադրանքի պատվիրատուները տարրական հոգեբանության ու տրամաբանության դասընթացներ երևի ոչ դպրոցում են անցել, ոչ էլ բուհում: Իսկ ովքե՞ր կարող են լինել բռնության պատվիրատուները: Միգուցե Վարչապետի շրջապատից ինչ-որ մարդի՞կ, ովքեր ինքնագլուխ որոշել են արջի ծառայություն մատուցել: Բոլոր դեպքերում այս տարբերակը քիչ հավանական է: Այդպիսի մարդիկ անկասկած խիստ կպատժվեին Ա. Մարգարյանի կողմից: Առավել հավանականն այն է, որ բռնությունը կիրառվել է ՀՀԿ ամենաոխերիմ թշնամիների պատվերով: Այսպես կոչված հակակրիմինալ շարժման մեջ ըստ երևույթին կան ուժեր, որոնք զուտ քաղաքական-կուսակցական-անձնական նկրտումներով են առաջնորդվում: Նրանք, բնական է, որ այդ շարժմանը թեկուզ արհեստականորեն թափ հաղորդելու շահագրգռություն պետք է որ ունենան: Եվ նրանցից առավել անբարոները միջոցների մեջ, ինչպես միշտ, խտրականություն չեն դնում: Պետք չէ մոռանալ նաև, որ հակակրիմինալ շարժումը ամենամեծ ցեխագնդերը շպրտում է հիմնականում ՀՀԿ-ի ուղղությամբ: Ամբողջ եռանդը ներդնում է հանրապետականներին վարկաբեկելու գործում: Ձեզ իրականում անհանգստացնում է Անդրանիկ Մարգարյանի աճող հեղինակությունը. այդպես չէ՞, պարոնայք երդվյալ հակակրիմինալիստներ: Նույն ոգով շարունակեք գրոհը, բայց պետք չէ մոռանալ, որ նորից գալու է քարերը հավաքելու ժամանակը: