ԾԻԾԱՂԻ ԹԱԳՈՒՀԻՆ


Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Սվետլանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պատրաստվում է նշել իր հոբելյանը: Չի թաքցնում, որ ութսուն տարեկան է, ու հպարտանում է այդ տարիքով: Ութսուն տարիներից վաթսունմեկը նա նվիրել է թատրոնին ու դեռ շարունակում է զարմանալի կենսունակությամբ ստեղծագործել` մնալով հայ բեմի անփոխարինելի կին կատակերգակը: Այն եզակի անհատականությունը, ում անունն ինքնին տրամադրում է հանդիսատեսին, տանում դեպի թատրոն: 1949-ին ավարտելով Երևանի թատերական ինստիտուտը, որի առաջին շրջանավարտներից մեկն էր, նա անմիջապես հրավիրվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն: Հրավիրողն իր ուսուցիչն էր` Վարդան Աճեմյանը, ով շատ երկար ժամանակ նրա դաստիարակը եղավ, բազմիցս առաջարկեց տեղափոխվել Սունդուկյանի անվան թատրոն… Սակայն Աճեմյանն ինքն էլ լավ էր պատկերացնում, որ Սվետլանան ծնվել էր կատակերգության համար` հատկապես երաժշտական կատակերգության, որը պահանջում է ոչ միայն ժանրի հրաշալի զգացողություն, այլև երաժշտականություն և պարային հմտություններ: Աղջիկն Ազգային օպերետային թատրոն եկավ այն ժամանակ, երբ Պարոնյանի անվան թատրոնն արդեն ուներ իր առաջնուհիները. այստեղ իր ստեղծագործական կենսագրության բարձրակետին էր Իզաբելա Դանզասը: Սվետլանա Գրիգորյանը սովորեց արդեն նշանավոր դարձած կին կատակերգակներից և աստիճանաբար հաստատեց իր տեղը թատրոնում, ձևավորեց արտահայտչական այն սկզբունքները, որոնք այդուհետ միայն իրենը պիտի լինեին: Առաջին իսկ կատարումներից դերասանուհին մղվեց դեպի «ցուցադրման» ու «վերապրումի» միատեղումը` բարձր ցուցադրումը դարձնելով իր ստեղծագործության առանձնահատկությունը: Նա յուրովի վերակենդանացնում էր «դիմակների թատրոնի» արտահայտչաձևերը, վառ արտահայտված գրոտեսկին գումարում ընդունելի չափազանցումը` երբեք չհեռանալով բեմական պայմանականության տիրույթներից, վերացնելով «չորրորդ պատը»: Իր բեմական կենսագրության երկար ընթացքին դերասանուհին խաղացել է 150 դեր, սակայն Սաթենիկը` «Իմ զոքանչը» պիեսի բեմադրության մեջ, դարձել է նրա ամենալեգենդար կատարումը, որովհետև շուրջ 36 տարի դերասանուհին Հայաստանում ու արտասահմանում ներկայացրել է իր էքսցենտրիկ, սեփական օրենքներն ունեցող հերոսուհուն` հասնելով կատարման զարմանալի բյուրեղա ցումի: Երկու տարի առաջ Լոս Անջելեսի թատերասերները նրան «Ծիծաղի թագուհի» տիտղոսը շնորհեցին` չսխալվելով իրենց ընտրության և բնութագրումի մեջ: - Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեզ նման պարգևի են արժանացրել,¬ հարցրեցինք նշանավոր դերասանուհուն: Նա ժպտաց բոլորին ծանոթ իր լայն ժպիտով ու ասաց. - Դե, եթե նման պարգև ու կոչում են տալիս, նշանակում է` համոզված են, որ վաթսուն տարի ես իրենց ծառայել եմ այն գիտակցմամբ, որպեսզի ծիծաղ տանեմ, հաստատեմ ծիծաղի օրենսդրությունը: Հետո դերասանուհին հիշատակում է իր այն խաղընկերներին, ովքեր նույնպես կարող էին այդ տիտղոսին արժանանալ: Նրանցից առանձնացնում է Կարպ Խաչվանքյանին, ում հետ խաղացել է իր գրեթե բոլոր դերերը, ում համարում է մեր բեմի անփոխարինելի կատակերգակը: - Կարպն ուրիշ էր: Նա բարձրակարգ կատակերգակ էր` իր նմանը չունեցող: Իսկական օպերետային աստղ էր` բեմում գեղեցիկ, հմայիչ, հանդիսատեսի սիրտը միանգամից գրավող: Չի պատմում, որ թատրոնում նաև եղել են ժամանակներ, երբ իրեն նեղել են, փորձել են խանգարել, երբ չարությամբ են նայել իր հաջողություններին: Դրանց մասին հիշելիս` ժպտում է, հետո թափ տալիս ձեռքը: Ավելի շատ խոսում է իր ուսուցիչների, Վարդան Աճեմյանի, իր լավ խաղընկերների մասին: Սվետլանա Գրիգորյանն ապրել է միայնակ` թատրոնը համարելով իր տունն ու ընտանիքը: Երբ հարցնում ենք, թե չի՞ ափսոսում, որ այդպես դաժան է վարվել ինքն իր հետ` ամեն ինչ տալով թատրոնին` դարձյալ ժպտում է, հետո աչքերի մեջ արցունքի կաթիլներ են երևում… Ստեղծագործական երջանկությունը ստվերել է մարդկային երջանկությունը: Ասում են` կատակերգակները կյանքում միշտ տխուր են լինում, նրանք տխուր մարդիկ են: Սվետլանա Գրիգորյանը կարծես ժխտում է այս պատկերացումը, որովհետև ինքն ուրախ մարդ է, բայց գուցե սա էլ յուրատեսակ խաղ է… - Ես հպարտ եմ, որ այսքան տարի ծառայում եմ թատրոնում: Դա իմ երջանկությունն է ու իմ հարստությունը: Հիմա մեծ հոգատարությամբ եմ շրջապատված, իմ լավ բարեկամներով և իմ լավ խաղընկերներով: Իմ հանդեպ չափազանց մեծ է Երվանդ Ղազանչյանի հոգատարությունը… Այս հոբելյանն էլ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությունն է: Ժամանակ առաջ Գագիկ Ծառուկյանը մի հանդիսավոր արարողության ժամանակ մոտեցավ, ինքն առաջարկեց հոբելյան նշել, խոստացավ իր վրա վերցնել բոլոր ծախսերը: Հետո երևի մոռացավ: Փույթ չէ, կարևորն այն է, որ հիմա թատրոնում բոլորն անհամբերությամբ սպասում են հոբելյանական երեկոյին: Ես էլ եմ սպասում: Դա մի նոր առիթ կլինի հաշվետու լինելու հանդիսատեսին,- ասում է ճշմարիտ ժողովրդական արտիստուհին: