Հայրենի հողի պաշտպանը


Թեև հայ զինվորի շնորհիվ մեր երկինքը խաղաղ է, իսկ սահմաններն` ամուր ու հուսալիորեն պաշտպանված, սահմանամերձ գյուղերի բնակչությունը մշտապես զգոն է և զգուշավոր: Պատերազմի սարսափը ողջ խորությամբ ապրած հայը ահով է հիշում և վերապրում ռումբերի մահաշունչ որոտը, համատարած ցավը: Իր հողի խաղաղ մշակը դարձավ սահմանապահ, հայրենիքի զինվոր: Կյանքի գնով պաշտպանեց տունն ու ոչ մի թիզ հող չզիջեց ոսոխին: Օրեցօր ահագնացող սահմանային վեճերն ու խժդժությունները դարձել էին առօրյա, սովորական երևույթներ, իսկ հակառակորդի` քոչվոր պապերից ժառանգած թալանն ու անասնագողությունը` հիմնական գործելաոճ: Սահմանամերձ շրջանների հայորդիներն առաջինը զենք վերցրին, անձնվիրաբար կռվեցին` թիկունքում ունենալով հարազատ շեները: Դարձան պատվար, որ օջախի ծուխը ծխա: Պայքարին առաջիններից մեկը զինվորագրվեց Հրահատ ՓԱՅՏՅԱՆԸ: - Երբ վտանգված էին մեր բնակավայրերը, անհնար էր անտարբեր մնալ: Բնական ու օրինաչափ էր հայրենի հողը պաշտպանելու մեր հոգու պահանջը: Այլ կերպ լինել չէր կարող: Եթե ոչ մենք, ո՞վ պետք է պաշտպաներ մեր տունը,¬ պատմում է ազատամարտիկը: Հրահատ Փայտյանը ծնունդով Տավուշի մարզի գեղատեսիլ Նորաշեն գյուղից է: Պապը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր` «Փառքի» շքանշանակիր: Եվ հաղթանակի ցնծությունն ապրած, Բեռլին հասած պապի հերոսական պատմությունների մթնոլորտում էր մեծանում ու դաստիարակվում ապագա հայրենիքի զինվորը: Պահ առաջ ձգտում էր զինվորական դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց Խորհրդային բանակ` հետագայում զինվորականի ուղին շարունակելու անխախտ համոզմունքով: Սակայն ծառայության վայրի փոփոխությունը ձախողեց բոլոր ծրագրերը: Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո շուրջ տասը տարի աշխատեց Բերդի Ռելեի գործարանում: Ապա տեղափոխվեց հայրենի գյուղի նորաբաց գործարան: Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին հակառակորդի հարձակումները: Մի քանի որսորդ ընկերների հետ զինվորագրվեց պայքարին: Տեղանքին գերազանց ծանոթ լինելով` ստանձնեցին հետախույզի բարդ ու պատասխանատու աշխատանքը: Նրանց բոլոր ձեռնարկները հաջողությամբ էին պսակվում, ամեն անգամ վերադառնում էին արժեքավոր տեղեկություններով: Հ. Փայտյանը մասնակցել է նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի` կարևոր նշանակություն ունեցող բարձունքի պաշտպանությանը: Իսկ շրջանը մայրաքաղաքին կապող Բերդ-Ճամբարակ երթևեկելի ճանապարհը մշտական վտանգի մեջ էր: Ազատամարտիկն ակտիվորեն մասնակցում է ճանապարհահատվածի պաշտպանությանը: Մի օր էլ, երբ հերթական անգամ տարածքն էին հսկում, Հրահատը շեղվեց ճանապարհից, որպեսզի նախապես թաքցրած փամփուշտները վերցնի, ապա միանա ընկերներին: Հանկարծ կրակոց լսվեց, սակայն դիպուկ չէր: Երբ վերադարձավ ընկերների մոտ, նրանցից մեկը նետվեց գիրկը և գրեթե հեծկլտալով ասաց` էլ քեզ չեմ սպանի: Մեծ էր զարմանքը: Այս կցկտուր բառերի իմաստը հասկանալի դարձավ` եղելությունն իմանալուց հետո միայն: Հենց ընկերն էր կրակել` իրեն շփոթելով հակառակորդի զինվորի հետ: Բարեբախտաբար, վրիպել էր: Ազատամարտիկն այսօր էլ վստահ է, որ անհրաժեշտության դեպքում կրկին կպաշտպանի հայրենիքը` կանգնելով զինվորի կողքին: - Ես ավելի շատ մտածում եմ բացասական երևույթների մասին: Անհրաժեշտ է թերությունների մասին էլ բարձրաձայնել, որպեսզի դրանք շտկվեն: Բայց դրանք ուռճացնելը միայն թշնամու համար է հաճելի: Մանավանդ` մեզանում դրականը գերակշռող է: 20 տարիների ընթացքում մեր բանակը մեծ հաջողությունների է հասել բոլոր առումներով, կատարելագործվել է և հզորացել: Իսկ մարտունա կության աստիճանը բոլորը տեսան զորահանդեսի ժամանակ: Մեր զինվորն այսօր ապահովված է ամեն ինչով` թե´ սնունդով, թե´ համազգեստով, թե´ բարեկեցիկ պայմաններով: Մնում է, որ զինվորները կարգապահ լինեն, պատշաճ կատարեն հրամաններն ու իրենց պարտականությունները, հետևեն կանոնադրությանը: Այդ դեպքում ծառայությունն ավելի անվտանգ կլինի և արդյունավետ` առաջին հերթին` զինվորի համար,- համոզված է ազատամարտիկը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ