Կեցցե´ Հայաստանը, կեցցե´ Ֆրանսիան


Անցած յոթնօրյակն իր բազմազանությամբ, իսկապես, տարբերվեց մինչ այդ եղածներից: Այն սկսվեց մեզ համար տխուր, եթե չասենք` դժբախտ իրադարձությամբ` Լոռու մարզում աննախադեպ փլուզմամբ: Որոշ ժամանակ անց, իհարկե, կպարզվեն պատահածի իրական պատճառները, նաև` թե ինչու մասնագետները չեն կարողացել ժամանակին իրազեկել սպասվող աղետի մասին, ինչն էլ հանգեցրել է մարդկային կորուստների: Առկախ է մնում հարցը, թե գոնե դասեր առա՞նք պատահածից: Այն, ինչ եղավ, ապացուցեց, որ մենք մեր Արտակարգ իրավիճակների նախարարությունով և մնացած ենթակառուցվածքներով դեռևս պատրաստ չենք դիմակայելու բնության տարերքներին, չնայած` ամեն առիթով ու անառիթ հավատացնում ենք ինքներս մեզ, թե դրա համար այսօր ունենք հնարավոր ամեն ինչ: Նաև պարզվեց, որ մեր լրատվամիջոցները նույնպես պատրաստ չեն կամ ժամանակին չեն տեղեկացվում` արագ արձագանքելու. աղետի միայն երկրորդ օրվա կեսից սկսեցին խոսել պատահածի մասին, այն էլ առանց անհետ կորածների ու զոհերի մասին ստույգ տեղեկատվության: Ավարտվեց ՀԱԿ-ի յոթնօրյա նստացույց-հանրահավաքը: Կոնգրեսի առաջնորդներն, իհարկե, նախօրոք ճշգրիտ հաշվարկել էին, որ հանրահավաքի վերջին օրերը կհամընկնեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի պետական այցին: Դա հաշվարկել էին թերևս նաև իշխանությունները: Արդյունքը կարծես գոհացնում է և´ իշխանությանը, և´ ՀԱԿ-ին: Առաջինը միջազգային հանրության շրջանակներում այլևս լիաբերան կարող է բարձրաձայն ու համարձակ խոսել իր ժողովրդավար լինելու մասին` առանց մտավախելու, թե որևէ մեկը գուցեև մեղադրի իրեն այլակարծությունը չհանդուրժելու մեջ: Ուրիշ էլ ի՞նչ կերպ են այլակարծությունը հանդուրժում, երբ Երևանի` Ֆրանսիայի հրապարակում երկու բարեկամ երկրների նախագահների ելույթի պահին նրանց թիկունքում ընդդիմության հանրահավաքն իր տարերքի մեջ էր: Սարկոզիի այցը շահեկան էր ՀԱԿ-ի համար: Նրա առաջնորդն առիթ ունեցավ ասելու, որ Հայաստանի մասին ԵԽԽՎ-ի կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունի ՀԱԿ-ի ղեկավարած ժողովրդական շարժումը: Իսկ Ֆրանսիայի նախագահի այցն, իսկապես, տարածաշրջանում առկա գործընթացների հարցում աշխարհաքաղաքական հստակեցումներ կատարեց: Նախ, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կազանյան հանդիպումից հետո կարծես անորոշություն էր արդեն առաջանում: Մինչ այս` Արևմուտքը լուռ հետևում էր Մոսկվայի գործադրած ջանքերին` համբերությամբ սպասելով նրա ձախողմանը, ինչը շատ սպասել չստիպեց: Սակայն Միացյալ Նահանգները ներկա պահին ավելի շատ հետաքրքրված ու նաև զբաղված է Մերձավորարևելյան երկրներով, մասնավորապես արաբական աշխարհով: Ու Հարավային Կովկաս շտապեց Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի նախագահը: Բայց ինչո՞ւ հենց Հայաստան: Այդպես էր պլանավորված, որովհետև Հայաստանը գտնվում է Ռուսաստան-Իրան-Թուրքիա աշխարհաքաղաքական եռանկյունու կապող օղակում: Եվ խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան պետական էր, և Սարկոզին անհամեմատ ավելի երկար մնաց Երևանում, իսկ Ադրբեջանում ու Վրաստանում եղավ աշխատանքային այցով: Մենք աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը հանդիսացող երկրի նախագահի կատարմամբ ականատես եղանք նուրբ և հեռահար քաղաքականության: Տարածքով կովկասյան հանրապետություններից ամենափոքր, բայց աշխարհաքաղաքական հանգույց հանդիսացող Հայաստանում, ուր մշտապես բախվել են Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը, Սարկոզիին հաջողվեց համադրել դրանք և հետագայի կտրվածքով ամրացնել Եվրամիության դիրքերը, մասնավորապես ոտքի տեղ նախապատրաստելով իր երկրի համար: Ֆրանսիային չէր կարող չանհանգստացնել արաբական աշխարհում Թուրքիայի ակտիվանալու` վերջերս աշխուժացող ջանքերը: Թուրքիան համարելով Եվրոպան և Արևելքը կապող կարևոր երկիր, Սարկոզին միևնույն ժամանակ ոչ մոտ, ոչ հեռավոր ապագայում չի տեսնում նրան Եվրամիության ընտանիքում: Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվացման փորձերը նաև Մոսկվայի սրտով չեն: Եվ Նիկոլյա Սարկոզին Անկարայի նկրտումները զսպելու համար ակտիվացնում է հայկական գործոնը: Պատահական չէր, որ հատկապես Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինքը կարագացնի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Սենատում: Նկատենք, որ վերջերս օրինագծի ընդունման գործընթացը Սենատում կասեցվեց հենց նրա միջամտությամբ: Իսկ այժմ Սարկոզին ոչ միայն սպառնում է Թուրքիային այդ նույն օրինագծի ընդունմամբ, այլ ավելին` Ցեղասպանությունն ընդունելու կոնկրետ ժամկետ է սահմանում Անկարայի համար` մինչև տարեվերջ: Հակառակ դեպքում` սպառնալով Թուրքիայի պաշտոնյաներին Ֆրանսիայում բարձր տուգանքներով և բանտով: Իսկ այնուհետև, արդեն Երևանի` Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության առջև նա հայերեն արտաբերեց ցե´-ղա´-սպա´-նո´ւ-թյո´ւն, այնուհետև նույնը բացականչեց մայրենի լեզվով, ինչը չկարողացավ, կամ չհամարձակվեց անել ԱՄՆ նախագահներից ոչ մեկը: Հաջորդ «մեսիջը» հասցեագրված էր Հայաստանի մյուս հարևանին` Ադրբեջանին: - Ոչ մեկը Ֆրանսիայի նման չի հասկանում, թե ինչ է նշանակում Ղարաբաղը Հայաստանի համար,- ասաց Նիկոլյա Սարկոզին: Կարծես` ամեն ինչ ասված է: Կարևոր է հիշատակել նաև, որ Հայաստանի նախագահը Երևանում կրկնեց Եվրոպայի սրտում էներգետիկ ծրագրերի առնչությամբ ասածը, թե տարածաշրջանում դրանք պետք է նպաստեն բոլորի հավասարաչափ զարգացմանը և նոր պատերազմների սպասարկող չդառնան: Իսկ ի պատասխան Սերժ Սարգսյանի հիշյալ դիտարկմանը, Սարկոզին վստահեցնում է, որ առաջիկայում Հայաստան կգան ֆրանսիացի մասնագետները և կօգնեն գտնել էներգիայի նոր աղբյուրներ: Ինչպես նաև Ֆրանսիան կմասնակցի Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը: Իսկ Ռոդենի ստեղծագործությունը Երևանին նվիրելը, թերևս, առարկայական վկայություններից մեկն է հայ-ֆրանսիական բարեկամության, մշակութային կապերի այն աստիճանի խորության մասին, որի դեպքում է միայն հնարավոր ազգային արժեքների փոխանակումը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ