ԹԵԿՈՒԶ` «ՄԱՔՈՒՐ ԷՋԻՑ»


«Հեղափոխական» յոթնօրյակն ավարտվեց: Այն ամփոփելով` կարելի է արձանագրել, որ ՀԱԿ¬ի կողմից լիարժեքորեն գրավված Ազատության հրապարակին նախորդ շաբաթ ավելի բնորոշ էր նախկին` Թատերական անունը: Հիրավի, յոթնօրյակը քաղաքական թատրոն համարելու բոլոր նախադրյալներն այստեղ պահպանվեցին. չգիտես որտեղից հայտնված կոալիցիոն կուսակցությունների կուստոմսերն ընտրազանգվածին ներկայացնելուց` մինչև դրանց հրապարակային հրկիզման տեսարաններ, ավելի քան կենցաղային դարձած հոսանքի անխափան մատակարարումից մինչև զուգարան ներից օգտվելու գերխնդիր դարձած պարզունակ շահարկումներ և այլն: Այս շարքում բնական է, որ բոլոր ժամանակների ընդդիմադիրների` իշխանափոխության հավերժական խնդիրը, ոնց էլ լիներ, չէր անտեսվելու: Ուշագրավն այստեղ իշխանության հանդեպ Լ. Տեր¬Պետրոսյանի կայուն թվացող մոտեցումներում նկատվող փոփոխությունն է: Յոթնօրյակի ընթացքում Լ. Տեր¬Պետրոսյանը բազմաթիվ առիթներ ունեցավ «վրիպելու» ու Սերժ Սարգսյանի մասին խոսելիս գործող իշխանությունը միանգամայն լիգիտիմ համարելու: Ակնհայտ է, որ նախկին արմատականների մոտեցումները վերանայվում են, ու այստեղ բացարձակապես նշանակություն չունի, որ «հեղափոխական» շաբաթի մեկնարկը տրվեց կոալիցիայի հետ երկխոսությունը վերջնականապես դադարեցնելու ՀԱԿ¬ի հայտարարությունից անմիջապես հետո: Ավելին, վաղուց փակուղում հայտնված բանակցությունների ընդհատումն էլ իր հերթին է վկայում, որ ընտրություններին ընդառաջ առաջին Նախագահի թիմն ամեն ինչ սկսում է մաքուր էջից: Ի վերջո, եթե ընդդիմության ղեկավարները դարձյալ հնարավորն անեին փոքրիկ, բայց եռացող կաթսան հասարակական էներգիայի հաշվին պահպանելու համար, ապա շարժման իներցիան նրանց նույնիսկ մինչև ընտրություններ կարող էր նաև չհասցնել: ՀԱԿ ծրագրերը հստակեցնել փորձելիս ակնհայտ է դառնում, որ առաջին Նախագահի թիմին ավելի ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն է տվել նաև Ռ. Քոչարյանի վերջին հայտարարությունը: Նա ամեն ինչ մաքուր էջից է խոստանում սկսել` զարմանք հայտնելով, թե Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչո՞ւ են իր անձի վերաբերյալ անիմաստ քննարկումների առիթ դառնում: Ռ. Քոչարյանն էլ լավ գիտի, որ Վ. Պուտինի վարկանիշն ինքը չունի: Ավելին, տվյալ դեպքում և ի տարբերություն Լ. Տեր¬Պետրոսյանի շուրջ համախմբված թեկուզ ուժահատ ու մոլորված կուսակցություն ների` անհայտ է նաև երկրորդ Նախագահի քաղաքական հենարանը: Ճիշտ է, ԲՀԿ ու որոշ չափով նաև ՀՅԴ վերաբերմունքը քողազերծելուն միտված գնահատականների պակաս նախորդող օրերին չզգացվեց, սակայն նրանք էլ իրենց հերթին նշված թեմայով «հաջորդ դասին» են պատրաստվում խոսել: Այսքանով հանդերձ` արդյո՞ք նախընտրական մենամարտը սկսված կարելի է համարել: Ընդհանուր առմամբ` ոչ: Առաջին և երկրորդ նախագահների ծրագրերը մինչև վերջ կարող են պարզ չդառնալ նույնիսկ առաջիկա մայիսին սպասվող ԱԺ ընտրությունների նախօրյակին: Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ «թիրախը» ոչ այնքան խորհրդարանի, որքան Նախագահի ընտրություններն են: Այսինքն, օրենսդիրի ընտրությունները (որքան էլ դրան բոլոր կողմերը ամենայն վճռականությամբ պատրաստվեն) ընդամենը նախավարժանք են: Իշխանությունն էլ է լավ հասկանում, որ առայժմ ավելի շատ խարխափող, բայցև շատ չանցած իր հավանական հիմնական մրցակիցները դարձող Ռ. Քոչարյանի ու Լ. Տեր¬Պետրոսյանի` առայժմ անորոշ անելիքներն ամեն պահի կարող են որոշակիանալ: Ուստիև ՀՀԿ¬ն այս առումով նույնպես վերջին շաբաթների նորացված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր պատասխանը ներկայացրեց` հայտարարելով, թե ակտիվորեն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, իսկ Նախագահի ընտրություններում իր միակ ու անփոխարինելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: