Ոչ այլուր, քան տաճարի գմբեթին


 

Այս իտալացին էլ որոշել է բողոքը բարձրից հնչեցնել` Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթից: «Ինքնարտահայտման» այս տարբերակն, ի դեպ, նա արդեն երկրորդ անգամ է կիրառում:

Անցյալ շաբաթ տրիեստցի 46-ամյա ձեռնարկատեր Մարչելո Դի Ֆինիցիոն կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճար է մտել որպես սովորական զբոսաշրջիկ: Հետո արգելափակո ցի վրայով աննկատ մագլցել է ու տեղավորվել 128 մետր շառավղով գմբեթին: Եկեղեցու կատարին մնացել է մեկ օրից ավելի` չենթարկվելով ոստիկանության և իտալական կառավարության ներկայացուցիչների հորդոր-պահանջներին:

«Բարձրասեր» բողոքավորը նույնիսկ պաստառ է ամրացրել իր «ամբիոնին»` «Բավակա´ն է, Մոնտի: Բավակա´ն է, Եվրոպաներ: Բավակա´ն է, ինտերնացիոնալ կորպորացիաներ: Դուք մեզ սպանում եք: Զարգացո՞ւմ: Սա մարդկային մսաղա´ց է»:

Երկրի հյուսիսային շրջանի առափնյա բարերից մեկի այս սեփականատերն այդ ձևով ընդվզել է ընդդեմ կառավարության ղեկավարի, ով ճնշում է գործադրում ափամերձ բիզնեսի նկատմամբ:

Գործադուլավոր Մարչելոն հիմա արդեն 3 տարի չի կարող հայտնվել Հռոմում: Նրան հարկադրել են համապատասխան պարտավորագիր ստորագրել, որից հրաժարվելու դեպքում ավելի խիստ պատժի կենթարկվեր` հասարակական կարգը խախտելու համար (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Այս տարի հուլիսին նույնպես նա գմբեթն օգտագործել էր` համանման նպատակով:

Միջադեպի հաջորդ օրը բարատիրոջ օրինակին հետևել են 4 բանվորներ` Վենետիկում: Ի նշան բողոքի առ այն, որ աշխատանքից ազատվելու դիմաց ամբողջ կես տարի իրենք փոխհատուցում չեն ստացել, նրանք մագլցել են Սուրբ Մարկոս զանգակատուն: Զանգակատան բարձրությունը շուրջ 100 մետր է: