Ապօրինի զավակներ չեն լինում


 

Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն անկեղծացել է լրագրողների հետ ու պատմել արտաամուսնական որդու` 8 տարեկան Կոլյայի մասին, ում հետ ինքը մեծ հույսեր է կապում:

- Դու նախագահ ես և ոչինչ չես կարող թաքցնել: Թաքցնես` ավելի վատ կլինի: Նա անընդհատ կողքիս է,- ասել է նա «Միր» հեռուստառադիո ընկերությանը:

Տղան «ուղեկցում» է հորն ամենուրեք, նաև` կարևոր միջոցառումներում ու արտասահմանյան գործուղումներում: Ու եթե հանկարծ լուրերով լսում է, որ հայրն առանց իրեն ինչ-որ տեղ է գնացել, նեղանում է, լաց լինում:

- Բնավորությամբ, ինչպես հայրն ինչ-որ ժամանակ` նվեր չէ,- «գանգատվել է» նախագահ հայրը:

Օրինավոր ու սիրող հայր է Լուկաշենկոն: Կոլյայի դաստիարակությամբ անձամբ է զբաղվում, ձգտում է ինքը նրան դպրոց տանել: Ավելին, տղային իր հետնորդն է համարում և երկրի նախագահի պաշտոնում: Մի քանի միջոցառումներում նա ակնարկել է, թե արդեն 30 տարեկանում Նիկոլայը պատրաստ կլինի` փոխարինել իրեն:

- Այստեղ է իմ որդի Նիկոլայը, և դա խոսում է այն մասին, որ մենք լրջորեն համագործակցության հիմքեր ենք ստեղծել. կա´ նա, ում պետք է հանձնել էստաֆետը,- Վենեսուելայում բերանից թռցրել է բելառուս առաջնորդը:

Պարզ թվաբանությամբ` ուրեմն նա «հարկադրված» է ևս 22 տարի իշխանավարել մինչև Կոլյան դառնա 30 տարեկան:

Կենդանի խրտվիլակ

Այսպես էլ է պատահում, երբ անպայման աշխատել ես ուզում: Եվ սիրով կատարվող ամեն աշխատանքի միշտ զուգորդում է հաճելին ու օգտակարը:

Բրիտանացի Ջեյմի Ֆոքսը բանջարանոցի խրտվիլակ է աշխատում: Նրա աշխատանքային պարտականությունն արևածաղկի դաշտից թռչուններին քշելն է (գրել է The IndeΘendent-ը): Մասնագիտությամբ նա երաժիշտ է` համալսարանական կրթությամբ, բայց աշխատանք չի գտնում: Վաստակի չափն ընտրելու հնարավորություն նույնպես չունի: Եվ շաբաթը 250 ֆունտ (300 դոլարից քիչ ավելի) վարձավճարով 22-ամյա երիտասարդը 4 հեկտարանոց դաշտից սիրով քշում է «ձրիակեր» մոխրագույն կաքավներին:

Աշխատանքային 8 ժամերի ընթացքում Ֆոքսը հասցնում է նաև կարդալ և հարմոն նվագել ու մտորել ապագայի մասին` վառ-նարնջագույն բաճկոնը հագին:

- Ես չեմ կամենում ընդմիշտ խրտվիլակ աշխատել, բայց այս գործն ինձ հնարավորություն է տալիս խորհել,- ասել է բրիտանացին:

Արևածաղկի դաշտի տերը գոհ է Ջեյմիի աշխատանքից: Իսկ տղան հիմա գումար է կուտակում` Նոր Զելանդիա մեկնելու: