Ժողովուրդը չի սխալվում
Արմուշի հորը համագյուղացիք չգիտես ինչու «էշ Աբո» անունով էին կնքել: Երևում էր Աբոն վարժվել էր իր մականվանը. ոչ տրտնջում էր, ոչ էլ պատիվ պահանջում, բայց Արմուշի ընկեր Հրաչը վիրավորվում էր, որ հարազատ ընկերոջ հորը իզուր ծաղրում են:
Արմուշը հաճախ էր Հրաչին հպարտորեն պատմել, որ 1914 թ. հայրը մասնակցել էր Առաջին համաշխարհային պատերազմին, շարքային զինվորից սերժանտ դարձել ու դրանով ոգևորված` Գերմանիայի դեմ կռվելով հասել մինչև Հունգարիա: Այնտեղ կռիվներ տվել ճահճուտներում, որից թոքաբորբ էր ստացել: Դրա հետևանքով Երկրորդ համաշխարհային պատերազմին չմասնակցեց: Գյուղի դպրոցում ուսուցիչների պակասի պատճառով հորը աշխատելու էին հրավիրել` որպես ֆիզկուլտուրայի դասատու:
Հիմա, երբ շատերը պատերազմից եկել ու դեռ գալիս էին կիսամարդ դարձած, Աբոն իր տանը, հեռավոր թիկունքում անհուսալի հիվանդ, տեղաշոր է ընկել:
Հրաչը շատ էր կարեկցում, հաճախ էր այցելում ընկերոջը` հետաքրքիր զրույցներով թեթևացնում Աբո ձաձայի վիշտը: Աբոն էլ հարցուփորձ էր անում աշխարհի ելումուտից, պատերազմի հետևանքներից, մեռնող-ապրողից, երբեմն էլ նրա հորից.
- Ձերոնք ո՞նց են, քրոջդ ուզող կա՞: Ախպորդ պիտի բանակ տանեին, տարա՞ն-չտարա՞ն... Կռիվը պրծել ա, թող գնա` տղամարդ դարձած հետ գա:- Հրաչի հոր մասին խոսելիս` Աբոյի տնքոցների հաճախականությունը շատանում էր.
- Հը, հերդ ո՞նց ա, երևի դրությունը վատ ա, որ գոնե մի անգամ էլ ա չի գալիս` տենա ինձ:
- Չէ, Աբո հոպար, լրիվ առողջ է, կոլխոզում գիշեր-ցերեկ աշխատում է:
- Տո, աշխատանքն էդքան վռա՞զ ա, գա` հալս իմանա, մի հատ տիպս կենդանի տեսնի, վախում ա չիներն ընկնի՞:
- Պապաս գիտի, ամեն անգամ քո մասին պատմում եմ: Պապաս ասում է` ինձնից 14 տարով ջահել է, ասա շատ չմտածի, շուտով ոտի կկանգնի, էս աշխարհում ամեն ինչ փոփոխական է:
- Այ Հրաչ, տեսնո՞ւմ ես ինչ անարդարություն է. հերդ ինձնից տարիքով` ամեն ինչը տեղը, բայց ես ըսենց պառկած, ընկած մեռնում եմ:
- Աբո հոպար, չես մեռնի, քեզ մի ներշնչիր: Արմուշը հրեն համալսարանը կավարտի, հլա հարսանիք կա, քեֆ-ուրախություն, առանց ծնողի ո՞նց կլինի:
Աբոյի կինը` Անգինը կանչեց.
- Երեկվա բորշից մի-մի աման մնացել ա, բերեմ էստե՞ղ, թե՞ գաք մեծ սեղանի մոտ, մի քիչ հացն է քիչ...
***
Արմուշը համարյա լացակումած Հրաչին իր սիրտը բացեց.
- Պապան շատ է վատացել, հատկապես ձեր վերջին զրույցներից հետո:
- Արմուշ, ես ավել-պակաս բան չասի, դու կողքիս էիր:
- Մեզ համար է էդպես, բայց հետո քիչ մնաց մահու դուռը հասներ:
- Տեսնես ի՞նչ եմ արել, որ ազդել է:
- Կներես Հրաչ, ախպոր պես, անհարմար եմ զգում, բայց ո՞նց ասեմ: Չասել էլ չի լինի: Ախր ամեն անգամ, որ հետո քեզ հարցնում է` պապադ ո՞նց է, դու էլ պարզ, միամիտ պարծենում ես հորդ առողջությամբ ու հաջողությամբ: Հերս էդ ամենից վատանում է, շունչը կտրվում է... Ի՞նչ կլինի, էս անգամ որ հարցնի, խնդրում եմ ասա` պապաս վատ է, շատ վատ է, համարյա մահամերձ է, դրանից հորդ ոչինչ չի պատահի, խնայի հորս:
- Բայց Արմուշ ջան, էդ ինչի՞ համար:
- Է, ո՞նց ասեմ, հերս ըտենց ա... Ուրիշի լավը վատ է տանում: Հրաչ ջան, դրա համար հազար ներողություն եմ խնդրում: Հետո ուրիշ թերություններ էլ ունի, քեզ միայն այդ է հայտնի: Մենք` ընտանիքի անդամներս, ներում ենք, դու էլ որպես ամենամտերիմ ընկեր, հասկացիր, ների´ր...
Հրաչի միտքը հեռուն գնաց, ուզեց իր համար պարզել, թե ինչո՞ւ են գյուղացիները նրան «էշ Աբո» անվանում: Զարմացավ, թե ինչպես է ժողովուրդը նկատում, զգում տվյալ մարդու բնորոշ թերին, առավելությունը և ըստ այդմ ամենադիպուկ մականունով կնքում: Ժողովուրդը երբեք չի սխալվում...
Հրաչը էլ չայցելեց Աբոյին: Մի օր էլ իմացավ, որ ընկերոջ հայրը մահացել է: Հրաչը ախր չէր հասցրել Աբոյին ուրախացնել` ասելով, թե իր հայրը շա˜տ վատ է, մահամերձ է...Գուցե Աբո հոպարը այսօր ողջ լիներ:
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ, Գուրգեն ԼՈՌԵՑԻ