«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌՒ» ՓԱՌԱՏՈՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ


 

Մրցանակների հարուստ բեռով ավարտվեց «Թատերական Լոռի» 21-րդ միջազգային թատերական փառատոնը, որին այս տարի մասնակցում էին բազմաթիվ թատրոններ Հայաստանից, ինչպես նաև Բելառուսի Պոլոցկ քաղաքի պարային թատրոնը:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում գլխավոր մրցանակ շնորհվեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի «Բեռնարդան և նրա աղջիկները» բեմադրութ յանը և Սոս Սարգսյանի գլխավորությամբ «Համազգային» թատրոնի «SALE» բեմադրությանը: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին` «Բեռնարդան և նրա աղջիկները» բեմադրության համար:`

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ կատարում անվանակարգում` գլխավոր մրցանակը շնորհվել է Ռոբերտ Հակոբյանին` Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի «Հնագույն մասնագիտություն» ներկայացման մեջ դերակատարման համար:

ԿՆՈՋ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ կատարման համար` ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանին` «Լույսը կբացվի» մենաներկայացման և «SALE» ներկայացման մեջ Մադլենի դերակատարումների համար:

Փառատոնը նվիրված էր Գալյա Նովենցի հիշատակին: Եվ նրա անունը կրող գլխավոր մրցանակներից մեկը` կնոջ գլխավոր դերի լավագույն կատարման համար, շնորհվեց Անահիտ Մութաֆյանին` «Աղավնին» մենադրամայում Շամիրամի դերակատարման համար: Կնոջ դերի լավագույն կատարման համար ՀՀ ժողովրդական արտիստ Լենա Փաշինյանի անվան մրցանակ շնորհվեց նաև Մարջան Ավետիսյանին:

Շատերն ուրախությամբ հեռացան իր տեսակի մեջ եզակի թատերական փառատոնից, որի գեղարվեստական ղեկավարն այս անգամ Վահե Շահվերդյանն էր: Մրցանակներն, անշուշտ, ոգևորում են, և հատկապես ուրախալի էր, որ գլխավոր մրցանակները նաև դրամական մաս ունեին: Ցանկալի կլիներ, որ խրախուսական մրցանակները ևս ունենային դրամական պարգևներ, որպեսզի առավել կարևորվեր և ընդգծվեր արվեստագետի աշխատանքը:

Սակայն մրցանակներից զատ, փառատոնը նաև մտահոգություններ ու խնդիրներ ևս բերեց, որոնց կողքից անհնար է անցնել: Մասնավորաբար առաջնային է դառնում փառատոնային ներկայացումների ընտրության հարցը: Հայտնի է, որ ցանկացած փառատոն ստեղծագործական նորարարության և փորձարարության ցուցադրավայր է, միջոց` քննարկման նյութ դարձնելու այնպիսի գեղարվեստական լուծումներ և մտահղացումներ, որոնք կարող են ոչ միշտ ընդունելի լինել: Այսինքն, փառատոներին շատերը ներկայացնում են փորձարարարական բնույթի բեմադրություններ` ակնկալելով մասնագետների համակողմանի քննարկումները: Մինչդեռ ինչպես հայաստանյան մյուս, այնպես էլ այս փառատոնում հիմնականում ներկայացվել էին խաղացանկային հերթական ներկայացումներ` անգամ մի քանի տարվա վաղեմություն ունեցող: Այսինքն, մի շարք թատրոնների համար սա հերթական ներկայացում էր` այս անգամ Ալավերդու կամ Սպիտակի բեմերում: Նման վերաբերմունքը մեկ անգամ ևս հուշում է այն մասին, որ «Թատերական Լոռի» փառատոնը հետայսու պիտի որոշակի գաղափարախոսություն և թեմատիկ ընդգծվածություն ունենա:

Այս փառատոնին ներկայացվեց նաև ուշագրավ ծրագիր-բուկլետ, որը նորություն էր «Թատերական Լոռու» պատմության մեջ: Ճաշակով հրատարակված այս ծրագիր-բուկլետը ներկայացրել էր թատրոնները, փառատոնի մասնակիցներին: Սակայն… Մի շարք դեպքերում մատուցվել էին աղավաղված փաստեր, անգամ` իրականությանը չհամապատասխա նող տվյալներ. կազմողի անձնական նախասիրություններն էին դարձել առաջնայինը: Արտաշատի Ամո Խարազյանի, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնների պատմությունը որևէ աղերս չուներ ճշմարտության հետ, կցկտուր ու խեղաթյուրված էր նաև Սունդուկյանի անվան թատրոնի համառոտ նկարագիրը:

Կարևոր է դառնում նաև ներկայացումների քանակի և թատրոնների ընտրության հարցը: Այս փառատոնին մասնակցում էին ինչպես արհեստավարժ, այնպես էլ ինքնագործ թատրոններ, ինչը դժվարացնում էր բեմադրությունների գնահատման ու արժևորման խնդիրը, ակամա մղում էր համահարթեցման:

Ի վերջո, փառատոնային կենտրոն հռչակված Ալավերդու մշակույթի կենտրոնն իր ունեցած բեմական և տեխնիկական հնարավորություններով չի կարող բավարարել մասնակից թատրոնների պահանջները. պայմաններ ստեղծել բեմանկարչական աշխատանքների ամբողջական ցուցադրումների համար: Նորոգ մշակութային Կենտրոն ունենալու խնդիրը ևս հրատապներից է` մարզի համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ