ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆՈՒՄ


 

Հայաստանում ինչու՞ են շատերն ուզում նախարար դառնալ: Եթե շատերը կարծում են, թե հայրենիքին ծառայություններ մատուցելու, այս կամ այն ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, ապա չարաչար սխալվում են: Շատերի փորձը ցույց է տվել, որ նախարար են դառնում իրենց ունեցվածքը բազմապատկելու, բիզնես հնարավորություններն ընդլայնելու, ընտանիքի անդամներին առավել հարուստ դարձնելու, արտասահմանյան որևէ երկրում բիզնես հիմնադրելու կամ էլ առանձնատուն գնելու համար:

Ասվածի լավագույն օրինակներից մեկը տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանն է, ով այդ պաշտոնին էր հասել ՕԵԿ քվոտայով: Իհարկե, Մանուկ Վարդանյանի համար միևնույն էր, թե որ կուսակցության քվոտայով նախարար կդառնա: Կարևորը պաշտոնն էր: Եվ այն էլ` նման եկամտաբեր պաշտոնը: Պատահական չէ, որ Հայաստանում շատերն են ձգտում տրանսպորտի և կապի ոլորտի կառավարմանը, որովհետև ամենախայտառակ վիճակում այս ոլորտներն են գտնվում և այստեղ են «թաքնված» մեծ գումարները, կաշառքները: Մանուկ Վարդանյանը կարող էր չդժգոհել իր բախտից, որովհետև եղել էր նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահ, որտեղ նույնպես կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են, որտեղ նույնպես շատ հարցեր լուծվում են կաշառքի միջոցով: Բայց, բնականաբար, նրան առավել «սրտամոտը» Տրանսպորտի և կապի նախարարությունն էր, որի գործունեության առթիվ արդեն հայտնի են մի շարք բացահայտումներ:

Մեզ հետաքրքրեց այն հարցը, թե արդեն նախկին նախարարը, ում առաջիկայում պատրաստվում են նոր պաշտոն տալ, ի՞նչ եկամուտների տեր է: Ոչ միայն նա, այլև իր ընտանիքի անդամները: Նշենք, որ 2011 թվականին գտնվելով նախարարի պաշտոնում, Մանուկ Վարդանյանը ստացել է 2 մլն 967 հազար դրամ աշխատավարձ, սակայն հաշվեհամարին ունեցել է 205 հազար ԱՄՆ դոլար: Որտեղի՞ց էր կուտակվել այդ գումարը: Պարզ է` ոչ աշխատավարձից: Նախկին նախարարի կինն էլ որևէ տեղ չաշխատելով և որևէ եկամուտ չունենալով` իր հաշվին ունեցել է 40 հազար ԱՄՆ դոլար: Մանուկ Վարդանյանի որդի Վարդան Վարդանյանը բանկերից մեկում ընդամենը մասնագետ է աշխատում, բայց վարում է շքեղաշուք «RΖnge Rover» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա: Պարզվում է, որ Մանուկ Վարդանյանի որդին 2011 թվականին աշխատավարձի տեսքով որևէ եկամուտ չի ստացել, բայց տոկոսագումարով ստացել է 7 մլն 188 հազար դրամ: 2011 թ. տարեսկզբին իր հաշվին ունեցել է 315 մլն դրամ, իսկ հաշվեհամարին կուտակել է 900 հազար դոլար: Այսինքն, մոտ մեկ միլիոն դոլար: Մի՞թե մեր երկրում շարքային բանկային մասնագետները միլիոնատերեր են դառնում: Մի՞թե «անվճար» աշխատելով` իրենց հաշվին միլիոններ են կուտակում: Պարզ է, որ նախկին նախարարն իր եկամուտներից մի ահռելի մաս գրանցել է որդու անունով…