ԲԱՑ ՆԱՄԱԿ


 

 

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար պարոն Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Նախարար,

Վերջերս խնդրանքով դիմել էին Ձեզ` կազմակերպելու մեր հանդիպումը մեր զավակների հետ, և Դուք օժանդակեցիք: Այդ ուղևորությունը և հանդիպումը կատարվեց պատշաճ կերպով և շատ բարձր մակարդակով: Այդ էր վկայում Ձեր կողմից մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության աշխատակիցների մեծ ուշադրությունը, զինկոմիսարիատի աշխատակիցների հետևողականությունը ու վերաբերմունքը:

Հարգարժան պարոն Օհանյան, մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից. դա անմիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից: Մենք` ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:

Ցանկանում ենք նշել մի քանի ուշագրավ, հաճելի և հիշարժան փաստեր: Բոլորովին պատահական` հաղորդակցվեցինք Ամերիկայի Կալիֆորնիա նահանգից, Լոս Անջելեսից և Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկ մեր հայրենակիցների հետ, ովքեր հիացած էին մեր որդիների մարտական կեցվածքով, ոգու արիությամբ և նրանց անգլերեն լեզվի իմացությամբ: Զինվորները նրանց համար երգեցին իրենց վաշտերի ոգեշնչող երգերը և հավաստիացրեցին, որ Հայոց աշխարհն ու Արցախը ուժեղ բանակի, իրենց նման զգոն ու կարգապահ զինվորների ամուր ձեռքերում է: Իսկ մենք` ծնողներս, նրանց հյուրասիրելով Հայաստանի անուշահամ մրգերը, շնորհակալություն և գոհունակություն հայտնեցինք ամենամյա հեռուստա մարաթոնում նրանց մասնակցության և բոլորիս երկրին ցուցաբերած օգնության համար:

Հարգարժան պարոն Օհանյան, կրկին ու կրկին հայտնում ենք մեր երախտագիտությունը: Աստված պահապան Ձեզ, մեր Հայոց ազգին, նրա որդիներին և մեր Ազգային բանակին:

Հարգանքով` Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներ`

Անահիտ Ամիրաղյան (ք. Այրում), որդին` Դավիթ Գևորգի Ահարոնյան

Գևորգ Ահարոնյան (ք. Այրում), որդին` Հովհաննես Գևորգի Ահարոնյան

Գոհար Մելքոնյան (ք. Այրում), որդին` Արսեն Կարենի Մելքոնյան

Կարեն Մելքոնյան (ք. Այրում), որդի` Արմեն Կարենի Մելքոնյան

Սուսաննա Հանիսյան (ք. Այրում), որդին` Ահարոն Հովհաննեսի Հանիսյան

Աիդա Սարկիսովա (ք. Այրում), որդին` Արա Ռոբերտի Այվազյան

Գրետա Մամյան (ք. Արճիս), որդին` Եղիշե Սուրենի Յոլչյան

Մելանյա Աբովյան (ք. Նոյեմբերյան), որդին` Մխիթար Սամվելի Մամյան

Արմինե Ամիրաղյան (ք. Նոյեմբերյան), որդին` Սևակ Սաշայի Գիշյան

Էլմիրա Խոջյան (ք. Այրում), որդին` Գարիկ Գուրգենի Խոջյան

Արմինե Նազարյան(ք. Այրում), որդին` Արսեն Արարատի Մկրտումյան

Ամալյա Սարգսյան (ք. Այրում), որդին` Հարություն Ստյոպայի Աղաբաբյան

Մարինե Թամազյան (գ. Արճիս), որդին` Նաիրի Արթուրի Ներսեսյան