1%-ն այդքան լո՞ւրջ թիվ է


 

Իրեն հարգող ու իր ժողովրդի կենսակերպով մտահոգ կառավարությունը նախ չունևորներին անօգնական չի թողնում: Նպաստներն, իհարկե, լուրջ օժանդակություն են, եթե բավարարում են գոնե կենցաղային մեկ հարց լուծել: Կամ, դիցուք` հարկային բեռը թեթևացնել: Իտալիայի իշխանությունները հենց սա էլ կարևորել են: Երկրի վարչապետն արդեն հայտարարել է, որ նվազեցնելու է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների հարկերը (հաղորդել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը):

Տարեկան 15 հազար եվրոյից ցածր եկամուտ ունեցողների հարկը կնվազի մինչև 22 %, 15-28 հազար եվրո եկամտատերերինը` մինչև 26 %:

Այս թվերը գուցեև պատկառելի թվային, եթե նվազեցումը ճիշտ այդքան լիներ: Իրականում խոսքն ընդամենը 1 տոկոսի մասին է: Հիմա այդ նույն` խոցելի խավերը իրենց վաստակի համապատասխանաբար 23 և 27 տոկոսն են պետությանը վճարում: Այսինքն, 15 հազար եվրո ստացողն հարկերի գծով այսուհետ տարեկան կխնայի 150 եվրո, 28 հազար ստացողը` 280 եվրո:

Լո՞ւրջ քայլ է դա, թե խորհրդանշական ինչ-որ ձևականություն` դժվար է ասել, բայց տնտեսական ճգնաժամը մեղմելու միտում ունի: Այդ նույն նպատակով այլ ծրագիր էլ կա. 3 տարվա ընթացքում Իտալիայի պետական հիմնարկներում աշխատանքից կազատվեն աշխատակիցների 10, իսկ պետծառայությունների ղեկավարների 20 տոկոսը: