Աշխարհը միաբևեռ չի´ դառնում


 

Բնավ չափազանցություն չէ` աշխարհաքաղաքական իրավիճակը քաոսային կոչելը: Անկանխատեսելի ի՞նչ զարգացումներ են հնարավոր, և ի՞նչ չափով դրանք կանդրադառ նան Հայաստանի վրա: Այս հարցերի շուրջ է զրույցը արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

- Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ կախված է դեպքերի զարգացումներից: Իսկ աշխարհում իսկապես գլոբալ, խորքային փոփոխություններ են տեղի ունենում: Նևրալգիկ կետը Մերձավոր Արևելքն է: Այն, ինչ կատարվում է մեծ Մերձավոր Արևելքում (որի մասնիկն է և Հայաստանը)` ամենադրամատիկն է, ամենախորքային երևույթը` սառը պատերազմից հետո: Այստեղ փորձ է արվում վերաձևել հետսառըպատերազմյան ստատուս-քվոն: Ամերիկացիները ձգտում են հսկել տարածաշրջանային, ածխաջրածնային պաշարներն ու դրանց փոխադրաուղիները: Նկատի ունեմ նավթը և գազը: Քանի որ ընդունված է ասել, որ աշխարհը միաբևեռ է, նրանք փորձում են այդ ստատուս-քվոն նույնպես ամրագրել: Դրան հակազդում է Ռուսաստանը` փորձելով վերադարձնել երկբևեռ, բազմաբևեռ աշխարհը: Բազմաբևեռ` որովհետև հիմա նոր խաղացող է հայտնվել` հանձին Չինաստանի: Ահա այս երկու միտումներն են այսօր բախվում իրար: Մերձավոր Արևելքում իր դիրքերը Ռուսաստանը սկսեց կորցնել Աֆղանստանի պատճառով, և արաբական ու մուսուլմանական աշխարհը հեռացավ Խորհրդային Միությունից: Դա` բրեժնևյան ժամանակներում, որն ի վնաս Ռուսաստանի խորացավ Ելցինի օրոք: Պուտինն անում է ամեն ինչ` ՌԴ-ն առաջին գերտերությունների շարքում դասելու: Սիրիան Ռուսաստանի համար վերջին մի հանգրվան է. միակ վայրը, ուր այդ երկիրը ռազմածովային բազա ունի: Եվ եթե Սիրիան ընկավ` ՌԴ-ն կկորցնի իր ազդեցության դիրքային ոլորտներն ամբողջ այս տարածաշրջանում: «Արաբական գարուն» կոչվող քաղաքական քաոսից Պուտինը փորձում է օգուտ քաղել: Սակայն այդ գարունը վերածվեց ձմռան: Ի՞նչ խոստումներ էին տալիս, ժողովրդավարական ի˜նչ լոզունգներ հնչեցնում... Բայց ի՞նչ է կատարվում. Եգիպտոս, Թունիս, Եմեն, Լիբիա...կատարյալ խառնաշփոթ, գզվռտոց` իշխանության համար: Ամենացավալին, թերևս, Իրաքում տեղի ունեցավ. երկիրը 200 հազար մարդ կորցրեց, կորցրեց դարերով ձևավորված և ծաղկուն քրիստոնեական համայնքը: Սրանում մեծ վտանգ կա, ինչից էլ վախենում է Պուտինը: Բախումները փաստորեն կրոնական հողի վրա են. պայքարը սունիների և շիաների միջև է: Մուսուլմանական այս պատերազմը կարող է տարածվել: Եվ եթե Սիրիան ընկավ` Ասադն անպայման կընկնի. դրանում ես չեմ կասկածում: Հետո գալիս է Իսրայելը, ապա սահմանը բացվում է դեպի Իրան: Ռուսաստանի համար վտանգն այն է, որ ամբողջ մուսուլմանական հորդան կարող է տարածվել Հյուսիսային Կովկասում:

- Այսինքն` Իսրայելի գոյությունը և՞ս վտանգված է:

- Տեսության կա, որ 2025 թ. այն որպես պետություն գոյություն չի ունենալու: Դա ամերիկյան հետախուզության վերլուծությունն է:

- Աշխարհը փաստորեն միաբևեռ չի դառնում: Եվ բազմաբևեռ այս աշխարհում այսօր ստեղծված քաոսի հեղինակն ու այն խորացնողը մուսուլմաններն են: Բայց ստացվում է, որ նրանք իրենց ներսում են պայքարում: Սա ներկրոնակա՞ն պատերազմ է:

- Չէ´, սա քաղաքացիական պատերազմ է, կրոնների պայքար, որի մեջ շատ վտանգներ կան: Դիցուք` Սիրիան: Այստեղ կռվում են սունիներն ու շիաները: Սիրիական դեպքերը և նման իրադարձություններն ընդհանրապես, մագնիսի պես ձգում են մուսուլմանական բոլոր այն արմատական թափթփուկներին, որոնք լուրջ վտանգ են քաղաքակիրթ աշխարհի համար: Նկատի ունեմ «Ալ-Քաիդան», «Մուսուլման եղբայրները», սրանցից ավելի վտանգավոր «Սալաֆականները»: Եվ եթե նրանք կարողացան տիրապետել իրադրությանը, տապալել Ասադին, կբարդանա ազգային փոքրամասնությունների վիճակը: Այդ թվում և` հայերի, որոնց գլխին կարող են «բարդուղիմեոսյան գիշեր» սարքել: Թուրքիան ևս կարող է առիթից օգուտ քաղել և լուծել հայկական հարցը:

- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խնդրում ի՞նչ հեռանկար եք տեսնում:

- Խնդրի լուծումը Ղարաբաղի անկախության ճանաչումն է` բոլորի կողմից:

- Բայց ինչ-որ մեկը պետք է առաջինը լինի: Դիցուք` Ռուսաստանը:

- Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի տարածաշրջանում: Հայաստանն, իհարկե, նրա ամենահուսալի, ամենահավատարիմ գործընկերն է: Բայց նրա կողմից ճանաչում մի սպասեք` գոնե մոտ ապագայում: Եվ նրա միակողմանի ճանաչելն էլ մեծ սխալ կլինի: Կիպրոսը` ձեզ օրինակ. Թուրքիան ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը...

- Ինչպե՞ս եք գնահատում մեր արտաքին քաղաքականությունը:

- Մեր արտաքին քաղաքականությունը դժվարին պայմաններում է ընթանում, տարածաշրջանային այս թոհուբոհի մեջ: Կոմպլեմենտար քաղաքականությունը դժվարություննե րի է հանդիպում. Արևմուտքն իր շահերն ունի, Արևելքը` Ռուսաստանն, ի´ր շահերն ունի, և ամեն մեկն իր կողմն է ձգում: Մեր Արտաքին գործերի նախարարության կողմից սխալներ են կատարվում: Դիվանագիտական խնդիրը մի բան է, արտաքին քաղաքականությունն` այլ բան: Երկրի ղեկավարությունը կարող է ճիշտ քաղաքականություն վարի, իսկ Արտգործնա խարարությունը չկարողանա ճիշտ իրագործել դա: Հիշենք Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման դեպքը. ոգևորեցին, հետո սառը ցնցուղ լցվեց մարդկանց գլխին: Կամ` Սաֆարովի արտահանձնումը. ժամանակին չիմացանք, թե ինչ է կատարվում:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ