ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ`

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ


 

Կառավարության վերջին նիստում որոշում է ընդունվել սոցիալապես անապահով ուսանողների վարձերի փոխհատուցման մասին: Այս առթիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է.

- Ակնհայտ է դառնում, որ սոցիալական խնդիրները ստեղծում են երիտասարդների համար անհավասար պայմաններ և սահմանափակում են անապահով ընտանիքների լավ սովորող ուսանողների` կրթություն ստանալու հնարավորությունը: Փոխհատուցումը կլինի հիսուն տոկոս, փոխհատուցման առավելագույն չափը կլինի հարյուր տոկոս: 2013 թվականի սեպտեմբերի 1-ից այս համակարգը կսկսի գործել, և հաջորդ տարի այս համակարգում, մեր կանխատեսումներով, ընդգրկված կլինեն 1000 ուսանողներ, ովքեր հնարավորություն կստանան կրթությունը շարունակել` առանց մտահոգվելու իրենց ընտանիքի սոցիալական խնդիրներով: 2015 թվականին, մեր կանխատեսումներով, այս համակարգի շահառուների թիվը կհասնի 2500 ուսանողի:

Սա իրականում լուրջ խնդիր է մեզ համար, որովհետև լավ սովորող, բայց սոցիալապես անապահով ուսանողները երբեմն դիմումներ են գրում, որպեսզի առկա համակարգից անցնեն հեռակա համակարգի, որ կարողանան զուգահեռ աշխատել:

Կարծես թե կառավարությունն ուղղակի հրաշալի ու ծափերի արժանի որոշում է կայացրել, փորձել է հիմնավորել, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Սակայն մակերեսից գնալով դեպի խորքը` հասկանում ենք, որ այս նախաձեռնությունը յուրատեսակ պոպուլիզմ է, պարզունակ քայլ, որը կարող էր միանգամայն այլ բովանդակություն և ընթացք ունենալ` եթե կրթության կառավարիչները շատ ավելի խոհեմ լինեին: Իսկ որտե՞ղ է, որ բացակայում է խոհեմությունը: Մեկ տարվա ընթացքում 1000 ուսանողի 50 տոկոսանոց փոխհատուցում տրամադրման գործընթացը, բնականաբար, բխելու է ՀՀ բյուջեի հնարավորություններից: Ուրեմն, բյուջեն է վճարելու ուսանողների փոխարեն: Այն ուսանողների, ովքեր միշտ կաշկանդված են լինելու, մյուսներից տարբերվելու են իրենց սոցիալական անապահովությամբ. պետությունն է հոգում նրանց ուսման համար:

Արդեն իսկ առկա է դառնում հոգեբանական ճնշվածության գործոնը, սոցիալական տարբերակումը դառնում է ակնհայտ: Իսկ արդյո՞ք առավել ճիշտ չէր լինի, եթե սոցիալական փոխհատուցման փոխարեն` կառավարությունն առաջարկեր մի նոր սկզբունք` առավել արժանապատիվ և գործնական: Բուհերում 500-ով ավելացնել անվճար տեղերի քանակը, ընդունելության քննությունների արդյունքներով այդ տեղերը տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքների այն ապագա ուսանողներին, ովքեր հանդես են բերել բարձր առաջադիմություն, սակայն ի զորու չեն եղել հաղթահարել անվճար տեղերի համար նախատեսված շեմը: Հասկանալի է, որ իբրև փոխհատուցում տրվող գումարները համալրում են բուհերի ֆինանսական միջոցները, ապահովում աշխատավարձերն ու բուհական այլ ծախսերը: Այսինքն, բուհի համար միևնույն է` հատկացվող գումարն ինքը ստանում է որպես պետության կողմից սահմանված սուբսիդիա՞, թե՞ ուսման վարձ: Կարևորն այն է, որ բուհական բյուջեն համալրված լինի: Ուրեմն, անվճար տեղերի ավելացումով պետությունը բարձրացնում է իր հեղինակությունը, բարձրագույն կրթությունը դարձնում առավել հասանելի և արժանապատիվ` միևնույն ժամանակ սատարելով սոցիալապես անապահով ուսանողներին: Ուրեմն, արժե, որպեսզի կառավարությունը մեկ անգամ ևս անդրադառնա այս խնդրին, առավել տրամաբանական որոշում կայացնի, հաշվարկի իր ֆինանսական հնարավորությունները:

Ավելացնենք նաև, որ եթե, ըստ նախարարի, 2015 թվականին շահառուների թիվը հասնելու է 2500-ի (այսինքն, մեր երկրում գնալով ավելանալու է սոցիալապես անապահով ընտանիքների թիվը), ապա ավելի լավ է մտածել կրթության մատչելիության, ոչ թե պետական բարեգործության մասին...