Բարաքի «գաղտնի զենքը»


Նաև այսպես են անվանում Սպիտակ տան սևամորթ նոր տիրուհուն Յուրաքանչյուր նոր նախագահի մուտքով փոխվում է ոչ միայն Սպիտակ տան ոճը, այլև Ամերիկայի մայրաքաղաքի մշակութային ու բարձրահարգ կերպարը: Բիլ Քլինթոնն, օրինակ, Վաշինգտոնում հարգի դարձրեց իր հայրենի Արկանզասում մեծ տարածում ունեցող ջազը և պիցցան, Ջորջ Բուշի մուտքով Վաշինգտոնը պաշարեցին տեխասցիները. կովբոյական ճտքակոշիկները դուրս մղեցին քլինթոնյան ջինսերը: Իրենց հետ ինչ և ում կբերեն Օբաման ու իր կին Միշելը` Չիկագո Սաուս-Սայդից: *** Այս գերտերության պատմության մեջ Միշելն առաջին սևամորթ Առաջին տիկինն է` նույնիսկ ի տարբերություն ամուսնու, որը կիսով չափ է թխամորթ: Մտերմուհիները նրան Միշ են կոչում և արդեն մտածում են նրա համար նոր` «ավելի վայելուչ» մականուն ընտրել: Օբամաների մերձավորները նկատել են, որ եթե Բարաքն ընտանիքի տանիքն է, ապա Միշելը հիմքն է: Դեպի նախագահի գահավորակ տանող ճանապարհի բոլոր արգելքները հաղթահարելուց հետո, երկրի սևամաշկ առաջին և թիվ 1 այս ընտանիքը լրացուցիչ մի այլ դժվարություն էլ պետք է հետ մղի: Նրանց մուտքը Սպիտակ տուն ոչ միայն ամերիկաբնակ նեգրերի առաջընթացի վկայությունն է, այլև բազում տարիների քննությունն է դառնալու: Նրանց պահվածքը` սկսած հագուստների ոճից մինչև իրենց երեխաների դպրոցի ընտրությունը, և ընդհանրապես` յուրաքանչյուր քայլը զննվելու է «մանրադիտակով»: Երջանիկ այս ընտանիքը Չիկագոյում ապրել է ոչ ընդարձակ տանը: Օբամաների Մալիա և Սաշա դստրիկներն ընտրությունների ընթացքում ավելի հաճախ ապրել են իրենց մորական տատի փոքր բնակարանում: Երեխաները հաճախել են Չիկագոյի համալսարանին պատկանող մասնավոր դպրոցը, որը բառացիորեն շրջապատված է եղել ընտանիքի բարեկամների տներով, և մտերիմներն ամենայն ուշադրությամբ հետևել, հսկել են աղջիկներին: Հիմա արդեն Միշելը փորձում է կողմնորոշվել, թե Վաշինգտոնի ո՞ր դպրոցում պետք է սովորեն դուստրերը: Դե, իսկ համբավավոր դպրոցների տնօրեններն էլ սկսել են մրցակցել` թե իրենց հաստատություններից ո՞րը կարժանա երկրի առաջին դուստրերի կրթավայրը դառնալու պատվին: Օբամաների մերձավորների կարծիքով` Վաշինգտոնում Միշելը փորձելու է հնարավորինս պահպանել չիկագոյան Հայդ-պարկի ոգին: Ասել է թե` Սպիտակ տուն այսուհետև հաճախ են վազելու նաև Մալիայի ու Սաշայի ընկերուհիները` իրենց քնապարկերով. սա ևս ամերիկյան ավանդույթ է: Ընտանիքի 5-րդ անդամը` Միշելի մայրը` վաղաժամ այրիացած Մարիան Ռոբինսոնը (բանկի նախկին ծառայող) ոչ թե սոսկ տատիկ, այլ երկրորդ մայր է եղել թոռնուհիների համար: Սակայն, ավանդույթի համաձայն, Սպիտակ տանը ապրում են միայն Նախագահը, Առաջին տիկինն ու նրանց երեխաները: Ու դեռ որոշված չէ` այդ ավանդույթը կխախտվի՞ հանուն Մարիան տատիկի: Հակառակ պարագայում նույնիսկ կասկածից վեր է, որ վերջինս միշտ մերձակայքում կլինի, իսկ Բարաքի և Միշելի շրջագայությունների ընթացքում` հենց նրանց կեցավայրում: *** Պատմում են, որ Միշելի հարդարանքին ընտրողները պակաս ուշադրությամբ չեն հետևել, քան Բարաքի հռետորական ձիրքին: Եվ նրա հանդերձը հիացրել է նորաձևության գիտակներին ու քաղաքագետներին: Վերջիններիս հիացքը շարժել է հատկապես այն իրողությունը, որ Միշելի հագուստը ոչ թե ֆրանսիական կամ իտալական նորաձևության վերջին ճիչն է, այլ` ամերիկյան արտադրության: Տիկնոջ հանդերձում չես նշմարի ոչ աֆրիկյան ճչանություն, ոչ էլ փարիզյան շքեղություն: Այս առումով նրա իդեալն, ասում են, Ժակլին Քենեդին է: Ինչ վերաբերում է խելքին, ապա Միշելը չի զիջում ամուսնուն. նա նույնպես Հարվարդի համալսարանի շրջանավարտ է` իրավաբանի դիպլոմով: Ավելին, մինչ այժմ կրկնակի բարձր է վաստակել ամուսնուց: Օբամայի նախընտրական շտաբի անդամները նրան անվանել են «մեր գաղտնի զենքը»: Իսկ ամերիկյան նախագահների տարեգիր Դորիս Քեռնս Հուդվինը կարծիք է հայտնել, որ Միշելը չի նմանվելու ո°չ «գերակտիվ Հիլլարի Քլինթոնին», ոչ էլ` «գերպատիվ Լորա Բուշին». ավելի հավասարակշիռ է լինելու և ոչ անտարբեր: *** 1996-ից` Իլլինոյսի նահանգի սենատոր ընտրվելուց հետո, Բարաք Օբաման իրեն համարում է «ոչ լրիվ ծնողական աշխատանքային օր ունեցող» հայր: Նրա կյանքը նմանվել է անվերջանալի մրցավազքի. սկզբում` դեպի ԱՄՆ-ի սենատ, ապա` Նախագահի ընտրություններ: - Բարաքի հաղթանակն իրականացրեց Նախագահ դառնալու նրա նվիրական երազանքը և կիրականացնի նաև իմ նվիրական երազանքը` որ Մալիան, Սաշան, Բարաքն ու ես վերջապես միասին կճաշենք,- ասել է Միշելը: Դե ի՞նչ. մնում է բարի ախորժակ մաղթել և սպասել նրանց իշխանավարման առաջին արդյունքներին: