Աշխարհի հզորներն ու Արցախը


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հռչակագիրը հույս ներշնչեց, թե մոտ ապագայում հակամարտությունը վերջապես կլուծվի: Մասնավորապես, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, եռանախագահների համար անակնկալ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են գործնական քննարկում ծավալել հակամարտության կարգավորման շուրջ: Բազմիցս ասվել և գործնականում ապացուցվել է, որ գոյություն ունեցող հակամարտությունները լուծվում են, եթե դրանում շահագրգիռ են աշխարհի հզորները, ընդ որում, լուծումը լինում է վերջիներիս կամ նրանցից մեկի հետապնդած շահերին ու նպատակներին համապատասխան: Հայաստանում շատերը հակված էին կարծելու, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում դեմոկրատ Բարաք Օբամայի ընտրվելը կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերութ յունների բարելավմանը, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության արդարացի` հայանպաստ կարգավորման հարցում: Օբաման ընտրվեց: Սակայն քաղաքագետները գտնում են, որ ռուս-ամերիկյան հակասությունները չեն կարող վերանալ, քանի որ երկու գերտերությունների շահերը շարունակում են հակադրվել, և Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մրցակիցներ կմնան էներգակիրների, դրանց արտահանման հարցում, ինչպես նաև հատկապես ԱՊՀ տարածքում գերազդեցություն ապահովելու համար: Թերևս, այս ենթատեքստում կարելի է դիտարկել ԱՄՆ-ում նախագահի ընտրության նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացած` Մեդվեդև-Սարգս յան-Ալիև հանդիպման ու հռչակագրի ստորագրման վերաբերյալ ամերիկացի Մեթյու Բրայզայի` ինչ-որ տեղ խանդոտ վերոհիշյալ մեկնաբանությունը. «Մեզ համար անակնկալ էր, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները…»: Նաև անսպասելի չէր, որ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը շտապեց Անկարա: Պատահականություն չէր, որ նրա հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Գյուլը հղացավ իր մասնակցությամբ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպում կազմակերպել Անկարայում: Այսպիսով Թուրքիան ջանում է խաղից դուրս չմնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Ընդ որում, թուրքական աղբյուրները հայտնում են, որ հիշյալ հանդիպումը նախատեսվում է կայացնել մինչև ապրիլի 24-ը: Ամսաթիվն ինքնին հուշում է, որ նախագահ Գյուլն այդպիսով ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու` Թուրքիայի բարի կամքն ի ցույց դնելու միջոցով կանխել ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դյուրինացնել Եվրամիությանն իր երկրի անդամակցությունը: Նկատենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև Կովկասում Թուրքիայի ակտիվացումը բխում է նրա ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի շահերից: Մեկ անգամ չէ, որ Մեթյու Բրայզան ողջունել ու կարևորել է ղարաբաղյան խնդրի լուծմանը Անկարայի օժանդակությունը: Ակտիվացնելով Թուրքիային, Միացյալ Նահանգները կարող է տարածաշրջանում հակակշիռ ստեղծել Ռուսաստանին. ընդ որում կովկասյան գործընթացներից դուրս մղելով Իրանին, ինչը հակասում է մասնավորապես Հայաստանի շահերին: Ինչևէ, ընթացիկ ամսում սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այցը հակամարտության գոտի, որին թերևս կհաջորդի Սարգսյան- Ալիև հերթական հանդիպումը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ