Մեր ընտրախաղերն էլ կքաղաքակրթվե՞ն


Ընտրությունները մեր երկրում տոնի այդպես էլ չեն վերածվում: Անկարելի է մտաբերել որևէ քվեարկություն, որը դժգոհությամբ, հակասություններով, սպառնալիքներով, տեղական ու համահանրապետական հանրահավաքներով, ծեծկռտուքով ու մեզ քաջ ծանոթ մյուս «ընտրական» բաղադրիչներով համեմված չլինի: Այդպես էլ չստացվեց այնպես, որ մեզանում ընտրությունների հասարակական միանշանակ ընկալման հոգեբանական արգելքը հաղթահարվի, հաղթողի հաջողությունը հարյուր տոկոսանոց լինի, իսկ պարտվող(ներ)ի ձախողումը քննարկման անհրաժեշտություն չունենա: Մեզանում իրերը հակառակ դասավորությունն ունեն, և հաճախ քվեարկություններին հաջորդող «հետընտրական կնճիռը» տարիներով չլուծվելով` մինչև անգամ հաջորդ քվերարկության նախընտրական քարոզչության առանցքային նյութ է դառնում: Արդյունքում հանրությունը աստիճանաբար ավելի հիմնավոր պատճառաբանություններով մի կողմ քաշվածի կարգավիճակն է նախընտրում, որովհետև միշտ չէ, որ հաճելի է այդչափ հակասական թեմաներ քննարկել` ապացուցելու անապացուցելին կամ հերքելու ակնհայտը… Անկեղծ ասած, ամերիկյան ընտրությունները, այնուամենայնիվ, նախանձի անթաքույց զգացողություն են առաջացնում: Եվ այդ տպավորությունների ներքո ամեն ինչ այնքան մոտ ու շոշափելի է թվում, որ մի պահ նույնիսկ հօդս է ցնդում «մենք ո¯ւր, Ամերիկան ո¯ւր» ճնշող կարծրատիպը: Այս հակադրության տրամաբանությունը որքան էլ ընդունելի լինի, այդուհանդերձ` հայոց քսանամյա ժողովրդավարությունն ամրացնելուն ուղղված քամիները, որքան հայտնի է, դեմոկրատական արժեքների մերօրյա գլխավոր կնքահորից` Միացյալ Նահանգներից են գալիս: Ու եթե երկու տասնամյակ հետո էլ նորմալ ընտրությունների կազմակերպումը մեզ համար դեռևս անհասանելի, մի երկու-երեք հարյուր տարի հետո լինելիք երազանք ենք համարում, ուրեմն ժողովրդավար դառնալու մեր ձգտումը ոչ թե լրջագույն նպատակ է, այլ միայն և ընդամենը տրաֆարետային գրված-գրվելիք անհեթեթություն, ձև: Իսկ Բարաք Օբաման երջանիկ մարդ է` ոչ միայն սևամորթ ու Նախագահ ավանդական անհամատեղելիությունը միահարթեցնելու, գերտերության կայացած ժողովրդավարության ավանդույթ ների կրողն ու շարունակողը լինելու պատիվն ունենալու, այլ նաև հազարավոր ամերիկացիների օրը տոնական դարձնելու, նրանց ուրախության արցունքներին արժանանալու, ամերիկյան տարբեր քաղաքների հրապարակները ոչ թե պայքարի, այլ հաղթական հանդիսավայրերի վերածելու համար: Աֆրոամերիկյան ռևանշը` Բ. Օբամայի հաղթանակը, գուցեև միայն Սպիտակ տան համայնապատկերում ընկալեինք, եթե համանման սցենարների հայկական կատարում ների իրագործումն այդչափ ցանկալի չհամարեինք… Եվ իրոք, խորը աշունը ներկայում ոչ միայն եղանակային իրողություն է, այլ լավագույնս բնորոշում է նաև գարնանային ակտիվ իրադարձություններին հաջորդած քաղաքական տրամադրությունները: Ներքաղաքական աշնան ամենահիշարժան գործընթացը բոլոր փուլերը հաջողությամբ վերջնագծին հասցրած տեղական ընտրություններ էին, որոնք թեպետ նոր-նոր են ավարտվել, բայց այլևս միայն հիշողությունների դաշտում են: Հանրապետությունում չկա մի բնակավայր, որտեղ հետընտրական կարճաժամկետ զարգացումները դեռ շարունակվելիս լինեն: Բայց եթե տեղերում ամեն ինչ ու ամենքը խաղաղվել են, ապա այսքանը բավարար չէ` եզրակացնելու, թե ՏԻՄ ընտրությունների հետ կապված ամեն ինչ արդեն վերջացած է: Համենայն դեպս այստեղ ու այնտեղ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված առանձին քաղաքական ուժեր դեռևս չեն կարողանում ամբողջությամբ մարսել այս անգամվա ընտրական ապուրը: Ասվածը հատկապես լավ է դրսևորվում Դաշնակցության պարագայում: Այն, որ ՀՅԴ-ն միշտ ավելին է ուզում, քան իրականում կարողանում է հաջողացնել, բազմիցս է ապացուցել: Այս պարագայում դարձյալ պատմությունը կրկնվում է. չնայած եթե նախորդ դեպքում դժգոհությունը ուղղակիորեն` քվեարկության արդյունքները բողոքարկելու ձևակերպմամբ էր հրամցվում, ապա ներկայումս այն կոալիցիայից հեռանալու սպառնալիքներով (՞) է մատուցվում: Ճիշտ է` ասենք Սիսիանի քաղաքապետի պաշտոնը ՀՅԴ-ի համար այդպես էլ անմատչելի մնալը շատ անլուրջ դրդապատճառ է` նման կարևոր որոշում կայացնելու համար: Ոչ էլ Դաշնակցության կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանն» է մեղավոր, որ նույն Սիսիանում իր առաջադրած թեկնածուն վերաքվեարկությունից հետո նույնպես ավելի շատ քվեի արժանացավ… Բայց փաստը մնում է փաստ, որ Սիսիանում տեղի ունեցածը Դաշնակցության դժգոհության բաժակը վերջնականապես լցրեց: Այդ բաժակն, իհարկե, ՀՅԴ-ն մտքովն էլ չի անցկացնի դատարկել, բայց հետաքրքիր է, որ իր բողոքականությունն այս քաղաքական ուժը փորձեց ավելի շատ կամ հիմնականում ղարաբաղյան հիմնահարցի թարմացված քննարկում ներին վերաբերող պայմանական տրտնջոցներով սքողել: «Ոչ մի թիզ հող…» պոպուլիստական հակադարձումներով դաշնակցական գործիչների ասուլիսաշարերը իրականում իշխանության հետ ժամանակավոր ու հարաբերական անհաշտությունը ընդգծված ներկայացնելու միտումն ունեն: Մանավանդ` ով-ով, բայց ՀՅԴ-ն ավելի քան համոզված էր, որ մոսկովյան հանդիպումներում նման խնդիր օրակարգում պարզապես չի կարող լինել: Իսկ խնդիրն ավելի շատ անսկզբունքայնության, կամ, ոչ քաղաքական ձևակերպմամբ` անկեղծության պակասն է: Այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Անհարմարության զգացումը, սպասելիքների անիրագործելի լինելը վերջիններիս մղում է նորովի ինքնադրսևորման. սակայն այս ամենը «զարմանալիորեն» շաղկապվում է ինչ-ինչ լրջագույն հարցերի, ընդհուպ մինչև ԼՂՀ հիմնախնդրի հետ: Ընդ որում, այս ամենը այնպիսի «մտահոգ» կեցվածքով է ներկայացվում, որ կարելի է կարծել, թե, ասենք, ղարաբաղյան հիմնահարցը ծանրացել է հենց ՀՅԴ-ի կամ Լ. Տեր-Պետրոսյանի ուսերին, և խնդրի լուծումը միմիայն նրանցից է կախված: Իսկապես, քաղաքական դիմակահանդեսի դերակատարներն իրենց դերերը լավ չեն խաղում: Իսկ թե ինչով կավարտվեն ՀՅԴ նոր մանևրումները, ապագայում կերևա: Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում արդեն իսկ նկատելի է, որ ինչ-ինչ հայրենասիրական (՞) նկրտումներով հայտարարված միտինգադադարը, կամ որ նույնն է թե խաղից ժամանակավորապես դուրս գալը նույնպես չօգնեց առաջին Նախագահին` դեպի քաղաքական լուսանցք սլացող Կոնգրեսը փրկելու գործում: Այսպես, Ժ. Սեֆիլյանն ու կամավորա կաններն արդեն իսկ պահանջում են վերսկսել հանրահավաքները` համոզված, թե լրջագույն արտաքին մարտահրավերների օրախնդիր դառնալուց հետո նախընտրելին ոչ թե նման իներտ կեցվածքն է, այլ միտինգաշարերի միջոցով արտահայտվելիք ակտիվ քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը: Իր հերթին ժամանակավոր «զինադադար» հայտարարած առաջին Նախագահն անսպասելիորեն որոշել է հանդիպել Կոնգրեսում ընդգրկված հիմնական քաղաքական ուժերի վերնախավի հետ, և միայն այն փաստը, որ Տեր-Պետրոսյանն ինքն է այցելում կուսակցությունների գրասենյակներ և նախընտրում է առանձին-առանձին հանդիպել, արդեն իսկ վկայում է Կոնգրեսի կուսակցություններին մեկիկ-մեկիկ ինչ-որ բան համոզելու, հուսադրելու, ինչ-որ հարցերի վերաբերյալ երաշխիքներ տալու-ստանալու և մի շարք այլ նման կարևոր առաջնահերթություններ հաղթահարելի դարձնելու կարևորության մասին: Ակնհայտ է, որ ընտրազանգվածից հետո հիմա էլ կոնգրեսական ակտիվն է հիասթափվել, և, ինչպես առաջին Նախագահը կձևակերպեր` վերջիններս ակնկալում են իրերն իրենց անուններով կոչել ու պարտության գլխավոր ճարտարապետից հաշիվ պահանջել: Ընտրություններից ժամանակ շատ է անցել, բայց ընտրություններ էլի են լինելու: Իսկ ամերիկյան ընտրություններն ընդամենը պատեհ առիթ էին` վերհիշելու մեր ընտրական վայրիվերումները. մանավանդ որ, ինչպես նշեցինք, դրանց անդրօվկիանոսյան կատարումն իսկապես նախանձ է առաջացանում: