ՉԵՆ ԿԱՆԽՈՒՄ, ԳՈՆԵ ԲԱՑԱՀԱՅՏԵՆ


Այո, Հայաստանը երբեք էլ Ռիո դե Ժանեյրո չի դառնա, բայց գնալով ավելի ու ավելի շատ է հիշեցնում Սիցիլիան: Նախորդ ամսավերջին իրար հաջորդած մի քանի սպանություններից տևական ժամանակ է անցել, սակայն անցնող շաբաթներին էլ չշեղվելով իր որդեգրած կուրսից, ոստիկանությունը նշված հանցագործություններից և ոչ մեկը չի բացահայտել: Թերևս չի բացառվում, որ միմյանց հաջորդած հանցագործությունների` ժամանակային առումով «կուտակումը» իսկապես պատահականություն է: Բայց երբ ոստիկանության պատասխանատուներն են սպանությունների շարունակականությունը լրջագույն գլուխկոտրուկ դարձնում և բացահայտումների հավաստիացումներ տալիս կարկամում են, ուրիշ ոչինչ չի մնում ենթադրելու, որ «խիստ ծանրաբեռնվածությունից» այս ոլորտի պատասխանատուները պարզապես գլուխները կորցրել են: Երբևէ դժվար է ընկալել, որ կատարված հանցագործությունից հետո հայրենի իրավապահները կարող են նաև անակնկալի գալ: Հակառակ պարագայում այլևս դժվար է դառնում պատկերացնել, թե ո՞րն է պետության փողերով սնվող այս կառույցի իրական դերակատարությունը: Փաստի արձանագրումն ու նկարագրությունը լրատվամիջոցներն անկասկած ավելի բարձր մակարդակով ու դրամատիկ գունազարդմամբ կարող են ներկայացնել` նշված կառույցին ազատելով նաև այս մի պարտականությունից: Դե, իսկ համապատասխան քարոզչությունը` որ ցանկացած հանցագործություն չարիք է և պատժի ենթակա, նույն լրատվամիջոցները դարձյալ հեշտությամբ կարող են գլուխ բերել: Բայց մյուս կողմից էլ խմբագիրներն ու լրագրողները չէ, որ պետք է բոլորից առաջ մտահոգվեն հանրապետությունում առկա (այն էլ մեծ քանակությամբ) ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման, դրանց տերերին օրենքին դեմհանդիման կանգնեցնելու հարցերով: Էլ չասած, որ մեզանում փաստորեն վերացել է հանցագործությունը վաղօրոք, ծրագրման-նախապատրաստման փուլում բացահայտելու ավանդույթը: Մինչդեռ գոնե Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած վենդետան, ինչպես հիմա մեծ ուշացումով է պարզվում, շուրջ մեկ տարի խմորվել ու մանրակրկիտ մշակվել է: Եվ եթե այն իրականացնողն իր սև գործը առանց որևէ խոչընդոտի հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո ինքնակամ չներկայանար ոստիկանություն, դարձյալ մեծ էր հավանականությունը, որ այս մի հանցագործությունն էլ իր հերթին կհամալրեր չբացահայտվածների անվերջանալի շարանը: Սիցիլիան, թե Չիկագոն ու բնականաբար նաև մեր հանրապետությունը, անշուշտ, արդեն դժվար է պատկերացնել առանց այս ամենի, բայց տեղի ունեցած ու չբացահայտ ված անիրավությունների վիճակագրությունը, ցավոք, մեր երկիրն աստիճանաբար դեպի առաջատար հորիզոնականներ է մղում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների` 318-ով աճելը ինքնին հիասթափեցնող է, և անպաշտպան քաղաքացիներին հուսահատեցնող: Կոպիտ հաշվարկով` այս տարի ամեն օր մեկ ապօրինություն ավելի է տեղի ունեցել: Եվ եթե անսանք ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե հանրապետությունն ընդգրկած բարեփոխումների ալիքը հասել է նաև ոստիկանության համակարգ, և վիճակագրական աճը ոչ այլ ինչ է, քան հանցագործությունները պարտակելու նախկին գործելաոճը արմատախիլ անելու հետևանք, ստացվում է, որ հայրենի իրավապահներին գոհացնում է նախորդ, թե՞ այս տարվա չափազանց բարձր ցուցանիշը: (Ի դեպ, այս հավաստիացումը նաև յուրօրինակ ամրագրումն է ժողովրդին քաջ հայտնի այն իրողության, որ ոստիկանությունում ահազանգերն ու դեպքերի մասին հաղորդում ները չեն արձանագրվել. հավատա՞նք, թե հիմա նույն գործելաոճը չի պահպանվում):