Մուշեղ Գալշոյանի հիշատակին


Գիշեր է: Լուսնկա, պարզ ու պաղ գիշեր: Քնել է հոգնած քաղաքը: Գրասեղանիս հակված լուսամփոփը վերծանում է հին, մաշված թղթերի խունացած գրերը: Դրանք վաղեմի նամակներ են. հարազատիցս ստացած նամակներ: …Անմոռանալի ժամանակներ... խենթ տարիներ, երբ թվում էր, թե կյանքը հավերժ է, գարունները` անանց.... Քարի պես ծանր ու ճնշող խոհերը պարուրել են ինձ. վաղո¯ւց Նա չկա, բայց թափառող միտքս նրան ետ Է բերում, հայտնվում Է ինձ. ի¯նչ անուշ լույս է ճառագում պայծառ աչքերից... պատրանք Էր, սին... Այդ հեռավոր գրերում լուսավոր սպասում, հույս կար, կար մեծ սեր ու նվիրում ունեցող հարազատի ջերմ խոսքեր ... Ընթերցելիս ինձ թվում էր, թե նամակներիս հեղինակը այդ աշխարհն ափեափ առել է իր մեջ: Դրանց կենդանի, գունեղ նկարագրով ես տեսնում էի մեծ քաղաքի շարժը, մարդկանց, հեռավոր հյուսիսի ձյունախեղդ ձմեռներն ու աստղազարդ երկինքը: Շատ հաճախ Էլ կատակում էր ... Երբ թախիծս է թանձրանում, հեռավոր հուշերը ինձ այցի են գալիս, նորից սեղանիս են հայտնվում վաղեմի նամակներս: Այդ հին գրերը` իմ մաշված կյանքի անանց հուշերը, այսօր էլ` տարիների հեռվից, խոսում են ինձ հետ քաղցր ու մտերմիկ և ինձնից հետո է գուցե ապրեն շատ երկար... Իսկ ես... Գրական արվեստի սիրված գործիչներից մեկը գրել է «մոռացված օրերը կդառնան երազ, մնացածը կյանք է» և ավելացնում է. «ու երազ չկա մեջ իմ օրերուն»: Ուրեմն` անցած-գնացած երազ օրերն էլ ոմանց համար կյանք է անանց. ապրում են ժամանակի մեջ` իմաստավորելով այն: Համաձայն չե՞ք, թե ինչ տաղտկալի կլինի կյանքը, եթե պակասի կատարյալ միտքը, հոգու արիությունը, սերն ու անձնազոհությունը, սերն Աստվածային: Նա տիեզերական անպարփակ սիրով սիրեց իր հայրենին, մարդն ու աշխարհը: Մարդն ու աշխարհը... Խորհրդածելով աշխարհի հավերժության և մարդու կյանքի ունայնության, անցողիկության շուրջ` նա գրեց. «Ամեն ինչ սուտ է, էս աշխարհն է ճիշտ: Աշխարհի մարդիկ աշխարհի ճամփորդներն են» (Մ. Գալշոյան): Աշխարհի ճամփորդներ... Անշուշտ անհերքելի է, որ մարդկանց` աշխարհի ճամփորդների շարունակական ու հերթական չուն ի վերուստ է տրված, իսկ գործերը` ազնիվ կամ մեղսալի ապրելակերպը` անհատական: Հետևաբար... հարկավ Մեծ է նա, ով չի այլագունում սերն ու ծիծաղը, ով ապրում է անանձնական, ինքնամոռաց կյանքով, ով շուրթերը սեղմած քմծիծաղով է նայում կյանքի հարվածներին, մնում է միշտ շիտակ ու սիրված և միմիայն լավն ու բարին Է թողնում աշխարհին: Իսկ ես... Ահա բազմիցս բացված ու փակված նամակներս նորից փակեցի գրասեղանիս մութ գզրոցում` որպես մասունք, որպես գանձարանիս միակ հարստություն: Եվ գիշեր Է: Լուսնկա, պարզ ու պաղ գիշեր: Քնել Է հոգնած քաղաքը:

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ