ՎԱՂԱԺԱՄ ՓԱԿՈՒՂԻ՞


Հակառակ թարմ հավաստիացումներին, թե իր կողմից արձակված գնդակներն այնքան «զորեղ» են, որ դեռ երկար սլանալու են համապատասխան ուղղություններով, աստիճանաբար տեսանելի է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչական զինանոցի սպառման փաստը: Արդեն իսկ պարզ է, որ այն ի սկզբանե բաղկացած է եղել երկու հիմնական մասերից. գործող իշխանության կարծր քննադատության և սեփական իշխանավարության տարիների գործունեությունը հնարավորինս բարձր գնահատելու, լրջագույն սխալների համար արդարացումներ ու հիմնավորումներ գտնել-ներկայացնելու փորձերից: Թեպետ երկու գործն էլ բոլոր ժամանակներում հռետորական գնահատելի վարպետությամբ աչքի ընկած նախկին Նախագահի մոտ վատ չի ստացվում, այնուամենայնիվ` վերջին հանրահավաքն առավելապես նախորդ երկուսի ուղղակի շարունակությունը կարելի է համարել: Հարկ է նկատել, որ Լ. Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի թիվը նույնպես ամենայն հավանականությամբ այլևս չի աճելու: Համենայն դեպս, նշված հանրահավաքը պատեհ առիթ էր դրա համար, բայց համապատասխան հայտարարություններ ու նոր անուններ այդպես էլ չներկայացվեցին: Հետևաբար, այլ բան չէր մնում, քան էքս Նախագահին ավելի վաղ սատարողներին միացած Հանրապետության գլխավոր մարքսիստին փոխանցել բարձրախոսը… Ընդդիմադիր այս ճամբարի վերջնական տեսքի գալու մասին թափանցիկ ակնարկներ կային նաև և գլխավոր բանախոսի ելույթում: Կարելի է ասել, որ վերջինս, ըստ ամենայնի, հաշտվել է նոր համակիրներ չունենալու հեռանկարի հետ: Բացի Ստեփան Դեմիրճյանից ու Արամ Զ. Սարգսյանից, ուրիշ շատ թե քիչ ծանրակշիռ ձեռքբերում այսպիսով նախկին Նախագահի նոր թիմում չարձանագրվեց: Եվ եթե հաջորդաբար տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպումների շրջանում դեռ ինչ-որ տեղ կարելի էր սատարողների ավելի տարողունակ ցուցակ ձևավորելու հույսն ունենալ, ապա այսօր արդեն հավանական թվացող դաշնակիցների մի մասն արդեն Նախագահի թեկնածուներ են առաջադրվել, մյուս մասի դիրքորոշումներն էլ կամ հօգուտ առաջին Նախագահի չեն կամ անորոշ են, անհայտ, անկանխատեսելի: Անկասկած այս քարոզարշավի գլխավոր հանրահավաքավարը կարող է հպարտանալ ընդդիմադիր դաշտը (և ոչ միայն) համախմբելու իր նախնական պատրաստակամությամբ, ինչպես նաև գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների հետ համագործակցության կամուրջներ ստեղծելու ու համախմբման փոքր հաջողություններ գրանցած նախաձեռնության համար: Ավելին, չպետք է անտեսել, որ համախմբման գործընթացը ոչ միջկուսակցական փակ հանդիպումներով էր արտահայտվում, այլև ամենայն հաշվենկատությամբ վեր էր ածվում համակիր լրատվամիջոց ների հրապարակումների հիմնական նյութի: Չանտեսենք նաև, որ վերջին հանրահավաքներից մեկում Լ. Տեր-Պետրոսյանն անձամբ թվեց մի քանի ընդդիմադիր գործիչների ազգանուններ (ինչը, խոստովանենք, որ հատկապես հոգեբանորեն դժվար է)` առաջարկելով համախմբվել և, դրանով իսկ նրանց վերջնականապես կողմնորոշվելու ևս մի նոր առիթ տալով: Գործնականում, ինչպես վերևում ակնարկեցինք, նախկին Նախագահի համար համեմատաբար ծանրքաշային նախագահացուներին իր շուրջը համախմբելու բոլոր փորձերը ձախողվեցին: Այսօր թե° Ա. Գեղամյանը, թե° Վ. Մանուկյանն ու Ա. Բաղդասարյանը շարունակում են սեփական խաղը խաղալ, ինչը այն ժամանակ նույնպես ավելի հավանական էր թվում: Նրանք նախկինի պես երազում են Սերժ Սարգսյանի հետ ընտրությունների երկրորդ փուլում հայտնվելու անիրատեսական հեռանկարի մասին: Իսկ ուրիշների երազները, ինչ խոսք, Լ. Տեր-Պետրոսյանին ոչնչով չեն կարող օգնել: Գրանցվելու հնարավորություն չստացած Արամ Կարապետյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հույսեր կապելը նույնպես դժվար է: Նախ` նրանք ամենևին էլ չեն շտապում դիրքորոշում հայտնել: Բացի այդ, առաջինի ընտրազանգվածն է փոքր, երկրորդի անկանխատեսելիությունը` մտահոգող: Այնպես որ. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» հին ու հարազատ կարգախոսի շրջանակներում Լ. Տեր-Պետրոսյանն ու իր թիմը հայտնվել են ինքնաբերաբար: Սակայն անկախ նման իրավիճակի օբյեկտիվ պատճառներից` այն ոչ մի լավ բան չի խոստանում նախկին Նախագահին: