Վատիկանյան բացահայտումներ


Ցավալի է, բայց փաստ. Սուրբ Աթոռում ևս առկա են այն հանցատեսակները, որոնք խաթարում են նույնիսկ աշխարհիկ կյանքը:

Վատիկանի դատարանի ղեկավարը պատմել է 2014 թ. այնտեղ կատարված հանցագործությունների մասին, որոնց անդրադարձել է Corriere dellΖ SerΖ-ն:

- Թմրանյութերի մաքսանենգություն, ֆինանսական հանցանքներ և խարդախություններ` Վատիկանի բանկի նկատմամբ, արժույթի առևտուր, պետական ունեցվածքի հափշտակում. կարելի է ասել, որ Վատիկան փոքրիկ պետությունում ամեն ինչ պատահում է,- գրել է հոդվածի հեղինակը` մանրամասնելով.

Թմրանյութերի մաքսանենգությունը 2014 թ. հատուկ դեպքերից է: Փոստով ցպահանջ առաքվել է թմրամիջոցներ պարունակող 3 ծանրոց: Երբ դա բացահայտվել է, և մնում էր միայն հսկել «ապրանքը», որպեսզի ձերբակալվի ծանրոց ստացողը, բոլոր ծրագրերը խառնվել են: Երկու ծանրոցները բռնագրավել է հենց Վատիկանի ժանդարմենիան, իսկ երրորդի հետ կատարվածը կատարյալ ձախողում կարելի է անվանել. այն էլ` ոչ պատահական: Մինչ մի քանի երկրներ բարդ ծրագրեր էին մշակում` ձերբակալելու առաքողին կամ ստացողին, գերմանական Bild թերթը հրապարակում է տարածում նախապատրաստվող ծրագրի մասին: Արդյունքը դժվար չէ պատկերացնել. ո՞ր մաքսանենգը կգնար` լարված թակարդն ընկնելու...

Աղմկահարույց երկու հետաքննություն է կատարվել նաև մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր պահպանելու առնչությամբ:

- Դրանցից ամենանշանավորը վերաբերում է Դոմինիկյան հանրապետությունում նախկին Պապի նվիրակ Յոզեֆ Վեսոլովսկուն: Ներկայումս նրան դատ է սպասվում: Էքս-նվիրակին սպառնում է մինչև 7 տարվա բանտարկություն,- գրել է թերթը` հավելելով.

- 2014 թ. Վատիկանի փոքրիկ բանտում հայտնված 6 մարդկանց թվում էր տրիեստցի գործարար Մարչելո դը Ֆինիցիոն, ով ի նշան բողոքի, բազմիցս մագլցել էր Սուրբ Պետրոս տաճարի գմբեթի վրա: Հինգերորդ անգամ նա ձերբակալվել էր` Սուրբ Ծննդյան տոներին: Դատավարությունը նշանակած է այս փետրվարին:

Վատիկանյան աղմկահարույց ձերբակալություններից մեկն էլ անցյալ տարի FeΗen-ի ակտիվիստուհի, ուկրաինուհի Յանա Ժդանովայի կալանումն է. դեկտեմբերի 24-ին նրան ձերբակալել են Սուրբ Պետրոսի հրապարակում, իսկ երկու օր անց, խոստովանական ցուցմունքներից հետո ազատ արձակել:

Վերջին ժամանակներում հաճախ է խոսվում և հիմնավոր փաստեր են հրապարակվում, որ քրիստոնեությունը ամենահալածված կրոնն է: Արդյո՞ք դա պատահական է: Արդյո՞ք պատահական զուգադիպություններ են հատկապես Վատիկանում ծավալվող այս մեղսագործությունները...