Առնվազն 25 դոլար` ուտիճ հովանավորելու համար


Բիզնեսում հնարամտությունը սահմաններ չի ճանաչում. որքան արտառոց, նույնքան եկամտաբեր: Եվ հաճախ անսպասելի առաջարկներն այնքան միանգամից ու ցնծությամբ են ընդունվում, որ դրանց իմաստային ընկալումների մասին խոսելն իսկ ավելորդ է: Կարևորը` հանրության սրտով լինի:

Սան-Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգու ղեկավարությունն, օրինակ սիրեցյալների կողմից լքված միայնակներին առաջարկել է ստանձնել մադագասկարյան ուտիճների (տարական) և կարիճների շեֆությունը: Ակցիան էլ նվիրված է փետրվարի 14-ին տոնակատարվող բոլոր սիրահարների օրվան (տեղեկատվությունը` կենդանաբա նական այգու կայքում):

Մեկ կարիճի կամ ուտիճի հովանավոր դառնալու համար հարկ է նվիրաբերել առնվազն 25 դոլար:

Թե ուտիճն ու մանավանդ կարիճը ինչպես «կվերաբերվեն» իրենց հանդեպ առատաձեռն այդ հովանավորներին, կարելի է ենթադրել, բայց առաջարկի հեղինակները նրանց խոստանում են անվանական հավաստագրի և տվյալ «կենդանու» թավշյա պատճենը: Ու այդ պատճենը պետք է կոչվի նվիրաբերողի նախկին ընկերոջ կամ ընկերուհու անունով:

Հաղորդագրությունը մեկ այլ հուզականություն էլ է հրամցնում.

- Եթե բախտներդ բերի, ապա ձեր շռայլ ընծան կմաքրի ձեր կարման, և կյանքում երբեք չեք առնչվի ուտիճների հետ:

Նշվում է նաև, որ նվիրաբերվելիք գումարները կօգտագործվեն կենդանիների պաշտպանության և լուսավորչական աշխատանքներ կատարելու նպատակով (vesti.ru):