Մի ուրվական է շրջում պանդոկում


Չէ, կոմունիզմինը չէ, այլ իրական ինչ-որ տեսիլք, որը նույնիսկ օրը ցերեկով է հայտնվել բրիտանական Բիրմինհեմի հինավուրց մի պանդոկի այցելուներին և բազմաթիվ վկաների ներկայությամբ սկսել է շշեր կոտրել (հաղորդլ է Mirror-ը):

Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ տեսագրություն են հրապարակել, թե ինչպես է ոգելից խմիչքով լի մեծ շիշն ինքնուրույն սահում դեպի սեղանի եզրն ու ընկնում հատակին: Ապշահար բարմենը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա կատարվեց:

Նախկինում հաղորդվել էր, որ 16-րդ դարի կեսերից աշխատող այս պանդոկում մի քանի անգամ ուրվականներ էին հայտնվել: Վերջին անգամ նրա մռայլ տեսքը պատկերվել էր հաստատության ներսում կատարված ընտանեկան մի լուսանկարի վրա:

Սուրբ Ծննդյան նախօրյակին լոնդոնցի մի ուսուցչուհի այդ պանդոկում լուսանկարել էր իր որդուն ու ամուսնուն: Ու դժվար չէ պատկերացնել նրա զարմանքը, երբ լուսանկարի վրա սև զգեստով մի պատկեր էր տեսել: Բրիտանուհին համոզված է, որ դա հենց ուրվականն է: Բազմաթիվ լրատվամիջոցներում տպագրված այդ լուսանկարում պարզորոշ երևում է սև երկար վերարկուն: Մինչդեռ Դեբի Մոնտերֆորտեն երդվում է, որ իր ընտանիքի անդամներից բացի այդ երեկո բարում այլ մեկը չի եղել:

- Եթե նույնիսկ ինչ-որ մեկն աննկատ կանգնել է մեր թիկունքում, ապա լուսանկարից դատելով` նրա հասակը 2 մետրից ավելի պետք է լիներ: Այդպիսի հսկային դժվար էր չնկատել կամ չհիշել,- պնդում է կինը:

Բրիտանական այս պանդոկն արդեն բազում տարիներ հիշատակվում է` այդտեղ տեղի ունեցող անբնական երևույթների պատճառով: Նույնիսկ լեգենդ է շրջում, որ 300 տարի առաջ այդ շենքում բնակվել է մի կին` իր երեխայի հետ: Մի օր տուն վերադառնալով` տղան մորը կախված է գտել: Չդիմանալով այդ հարվածին նա նետվել է պատուհանից ու մահացել: Ու այդ ժամանակից ի վեր շատերն են ասել, թե իրենց աչքերով են տեսել մոր և որդու ուրվականը` չարաբախտիկ տան պատերի ներսում: