«Բեմադրելու ենք բացառապես ազգային դրամատուրգիա»


Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը խոստումնազանց չեղավ: Նրա արվեստանոցում կրթված երիտասարդների ավարտական աշխատանքներից չորսի լրամշակված ցուցադրությամբ օրերս կայացավ պարոնյանցիների փոքր թատերասրահի հանդիսավոր բացումը: Հարկ է խոստովանել, որ թատրոնի նվիրյալ տնօրեն Կարո Շահբազյանի նպատակասլաց ջանադրությամբ ուրույն գրավչություն էր ստացել շենքի տանիքի տակ ծվարած բեմանկարիչների երբեմնի աշխատասենյակը:

- Նորից ու նորից կրկնում եմ` առանց ազգային դրամատուրգիայի չի կարող գոյություն ունենալ ազգային թատրոն,- ասում է նախաձեռնության ջահակիր ՀՀ ժողովրդական արտիստը:

Լիահույս եմ, որ այս թատերասրահի առաքելությունը լայն արձագանք կգտնի գրողական համայնքում: Այսուհետ ավելի համարձակ փորձեր կարվեն մեր բազմաբարդ ժամանակները բարձրարվեստ գեղարվեստով իմաստավորող պիեսներ ստեղծելու: Թող որ դրանք ինչ-ինչ պակասություններ ունենան: Ամենքին է քաջ հայտնի, որ գրողը դրամատուրգ է դառնում բեմադրական գործընթացներում ակտիվորեն ներգրավվելով: Ամենահյութեղ դիալոգներով ու դիպուկ ռեմարկներով կառուցված տեքստերը վերջնական տեսքի են գալիս թատրոնում: Հպարտությամբ բարձրաձայնում եմ, որ մեր փոքր սրահի հիմնադիր ստեղծագործական խումբը համաձայնել է առանց վարձատրության մեկ տարի ամենայն լրջությամբ աշխատել. պիեսներ փնտրել-գտնել, փորձեր անել, ներկայացումներ խաղալ: Մեր օրերում` անհավատալի մի բան: Ասեմ նաև, որ այստեղ իրենց աշխատանքները կայացնելու, փորձառություն ձեռք բերելու հուսալի հարթակ կարող են գտնել ԵԹԿՊԻ ուսանողները, նորավարտ երիտասարդները, շատերը: Միակ պարտադիր պայմանը խնդրում եմ երբեք չմոռանալ` բեմադրելու ենք բացառապես ազգային դրամատուրգիա: Թատրոնի անզուգական կենդանի ուժով պիտի մեր երկրի քաղաքացուն կրթենք, մեր ժառանգության լիիրավ տեր նոր սերունդ աճեցնենք: Ինքնաճանաչողության ավելի արդյունավետ միջոց ես չգիտեմ:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի ցնծության ծափը առաջին ծափողջույններն է թնդացնում նորաբաց թատերասրահում: «Ավանգարդի» առաջին «բռավոն» ջերմ ընդունելություն է գտնում սպասումներով առլեցուն հանդիսասրահում: «Ղազանչյանականների» ինքնատիպ թատերաստուդիայում ներգրավվածների անհամբերության նշաններն անկարելի է թաքցնել բազմածալ սև շիրմայի հետևում: Կամերային միջավայրում զգալի էր նաև, թե ինչպես են երբեմն-երբեմն պոռթկում նրանց բազմափորձ ուսուցչի քննական պատանեկան ապրումները:

«Ավանգարդիստի» պատվաբեր փորձությունը բաժին էր ընկել Յունոնա Մալենկոյի բեմադրությանը: 60-70 հանդիսատեսի համար նախատեսված սրահի ծննդյան օրվա յուրատիպ տոնակատարության շուրջ 100 մասնակիցների խանդավառությանը չափ ու սահման չկար: Չարենցի «Աքիլլե՞ս, թե՞ Պյերոն» բանաստեղծի հախուռն ոգուն միանգամայն համահունչ, բայցև մերօրյա ենթատեքստերով խիզախորեն համեմված սարկաստիկ մեկնաբանությամբ էր ներկայացվում: Շահան Շահնուրի «Հոսանքին եզրը» (հեղինակ` Անահիտ Թոփուզյան) առավել պրկեց հանդիսասրահի ուշադրությունը: Տպավորվեց կին-տղամարդ միջանձնական հարաբերությունների հարամնա կծիկը սրընթաց ռիթմով բացող Սյուզաննա Մելքոնյանի, Գարիկ Ասատրյանի և Արմեն Սաֆարյանի համախաղը` իմպուլսիվ արտահայտչականությամբ և արևմտահայերենի անվրեպ տիրապետմամբ: Արմեն Սաֆարյանի «Տունը» (ըստ Համաստեղի) հոգեբանական դրամայի հեգնախառն մատուցման տիրույթում հաջողեց մեկտեղել հանդիսականներին, իսկ Ռուզան Խաչատրյանի «Նկարը» երգիծապատումը ծիծաղի ալիք բարձրացրեց` Ֆեդոտովի «Մայորի նշանադրությունը» հանրահայտ կտավը խենթավուն սրախոսությամբ բեմական մի քանի ակնթարթում կենդանացնելիս:

«Ղազանչյանականները», խանդավառված առաջնախաղին տրված դրվատական գնահատականներով, համարձակորեն խոստովանեցին, որ շատ շուտով փոքր սրահի խաղացանկում կփորձեն հաստատել Պետրոս Դուրյանի նամակների և Ռուբեն Հախվերդյանի երգերի հիման վրա մտահղացված բեմադրությունների ներկայացումները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ