Փոփոխել ողջ համակարգը


Թեև կառավարությունը բազմիցս հավաստիացրել էր, որ Շրջանառության հարկի մասին օրենքը նպատակ ունի բացահայտել տնտեսությունում առկա ստվերը և հարկային դաշտ բերել հատկապես խոշոր բիզնեսը: Սակայն օրենքի բացասական ազդեցությունների հեռանկարը ոտքի հանեց փոքր և միջին ձեռներեցներին: Կառավարության առաջարկով ներմուծված պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջի առաջացրած դժգոհությունների շղթան կառավարությանը ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթահարել: Փոքր և միջին ձեռներեցները դժգոհում են, թե կառավարությունն իրենց ստիպում է դառնալ «հարկային գործ տվողներ», քանի որ մատակարարներից,` խոշոր ներկրողներից միշտ չէ, որ իրենք կարողանում են ստացված ապրանքի համար համապատասխան փաստաթղթեր ստանալ: Ինչպես հայտնի է` ՓՄՁ-երի հուզումները հասան խորհրդարան, հարց բարձրացվեց օրենքի կիրառումը հետաձգել մինչև հուլիսի 1-ը, և այդ ընթացքում այն ընդունելի տեսքի բերել: Ընդվզող գործարարները սակայն, վստահ չեն, որ փոփոխություններն իրենց օգտին կլինեն: Օրենքի շուրջ ծավալված քննարկումների մասին զրուցեցինք ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Պատգամավորների կարծիքները բաժանվել են երկու մասի. Ձեր կարծիքով, խնդիրը քաղաքակա՞ն է, թե՞ տնտեսական:

Կարծում եմ` ավելի շատ տնտեսական խնդիր է, քաղաքականի հետ չի կարող խաղարկվել այն պարզ պատճառով, որ գործ ունենք շուրջ վաթսուն հազար ընտանիքի հետ, որոնք հանապազօրյա հաց վաստակելու հարց են լուծում: Չնայած` կառավարության նպատակն է սա դիտարկել որպես քաղաքական հարց, այլ կերպ ասած` ստվերի դեմ պայքարի ծրագրի մի մաս, բայց իմ համոզմամբ դա քիչ է աղերսվում ստվերի դեմ պայքարին: Ավելին, որպես փոքր բիզնես, այն չի կարող դիտվել որպես ստվերի դեմ պայքարի գործիք:

- Բայց մարդիկ բողոքում են, որ իրենց ստիպում են դառնալ գործակալներ:

- Ես էլ հենց դա եմ ասում, դա ստվերի դեմ պայքարի ծրագրային քաղաքականություն է: Կառավարությունը այն պետք է դիտարկի բացառապես տնտեսական դաշտում և հատկապես զբաղվածության ապահովման քաղաքականության շրջանակներում:

- Իսկ այդ տնտեսական խնդիրները վերջում արդյոք չե՞ն դառնում քաղաքական խնդիրներ:

Իհարկե, դառնում են. դա հարցադրումները սխալ ներկայացնելու հետևանք է: Երբ կառավարությունը ակնհայտ տնտեսական հարցը դիտարկում է որպես քաղաքական խնդիր, շփոթ է առաջանում նաև հասարակության մեջ. կուսակցություններից ամեն մեկը սկսում է իր մոտեցումները հրապարակել, տեղի է ունենում բախում, որն ի սկզբանե կարելի էր կանխատեսել և չիրականացնել: Սա էլ հենց դրա վառ վկայությունն է այն իրողության, որ տնտեսական խնդիրները չի կարելի քաղաքականի հետ շփոթել: Տնտեսական յուրաքանչյուր խնդիր պետք է ինքնուրույն լուծվի, որպեսզի քաղաքական ընդհանրությունը ապահովի յուրաքանչյուր քաղաքացու ազատության լիարժեք իրականացում:

- Ի՞նչ արդյունքի մասին է խոսքը:

- Բնականաբար ցանկացած գործողության արդյունք վերածվում է քաղաքական դրսևորման. սա պարզ է: Կրկնեմ` խնդիրը ի սկզբանե տնտեսական էր, և պետք է այդպիսին էլ մնար: Քաղաքական դարձավ, որովհետև կառավարությունն այն դիտարկեց որպես քաղաքականության գործիք: Ելքը միակն է` հրաժարվել այդ մոտեցումից, ամբողջապես վերանայել իրականացվող քաղաքականությունը, բոլորին տալ հնարավորություն, որպեսզի շահագրգռվածության հիման վրա իրականացնեն ստվերից դուրս գալու գործողություններ` առանց քաղաքական նպատակադրումների: Սա հնարավոր է:

- Այսինքն, մինչև հուլիսի 1-ը պետք է եղածով բավարարվել և հետո նոր միայն...

- Եթե մինչ այդ փոփոխության չենթարկվի ամբողջ համակարգը:

- Ի ԴԵՊ. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համոզմամբ խնդիրը երկուստեք է: Մի դեպքում խոշոր ներկրողը փաստաթուղթ չի տրամադրում, մեկ այլ դեպքում էլ փոքր բիզնեսն է խուսափում ապրանքը փաստաթղթավորել. շահի հարց է: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ, հարկավոր է, որ ամբողջապես ներկրման մասը` ընդհուպ մինչև սպառող, դառնա թափանցիկ:

Ա. Դ.