ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

Քաղաքաշինություն

Հարգելի պարոն Մարգարյան, չեմ հիշում, որ որևէ քաղաքապետ դիմի բնակչությանը, որպեսզի ներկայացնեն իրենց առաջարկությունները քաղաքի վերափոխման վերաբերյալ: Այս հանգամանքը ստիպեց ինձ գրել: Իհարկե, մեզ, քաղաքի շարքային բնակիչներիս, քաղաքի փոփոխությունը աչքի է ընկնում` լավի համար ուրախանում ենք, վատի համար տխրում, հիմա նաև արտահայտվում: Շնորհակալություն: Նամակս գրավոր է, բայց չեմ սպասում գրավոր պատասխանի: Նամակիս արձագանքը կերևա այն փոփոխություններում, որ կլինեն քաղաքում: Մենք դա կտեսնենք և կողջունենք:

«Ավանգարդ» թերթի նախորդ համարներում արտահայտել եմ իմ կարծիքը քաղաքի ճարտարապետության և կանաչապատման վերաբերյալ: Հիմա ուզում եմ խոսել քաղաքաշինության մասին:

Երևանը զբաղեցնում է մեծ տարածք, անգամ բնիկ երևանցին դժվար է կողմնորոշվում քաղաքում:

Ահա թե ինչու անհրաժեշտ է, որ քաղաքի փողոցներն ու տները անվանակոչվեն և համարակալվեն:

Ամեն փողոցի սկզբում և վերջում, ամեն տան վրա պետք է լինի ցուցատախտակ` հասցեով: Գիշերային ժամերին այդ ցուցատախտակները պետք է լուսավորվեն, որ մարդիկ կարողանան գտնել տվյալ փողոցը, տվյալ տունը` և´ ցերեկով, և´ գիշերով:

Շենքերի մուտքերը նույնպես պետք է համարակալվենΚ Բազմամուտք շենքերի ամեն մուտքի մոտ պետք է լինի ցուցանակ հարկերի և բնակարանների համարներով:

Առանձին հարց են վերջին տարիների ընթացքում կառուցված, այսպես կոչված «ապօրինի» կառույցները: Քաղաքի, գրեթե, ամեն փողոց հիմնական շենքերին զուգահեռ ունի երկու-երեք հարկանի շինությունների շարք: Այսօր դա դառը իրողություն է, որի դեմ դժվար է պայքարել: Միակ ելքն այն կլինի, որ ճարտարապետները գտնեն այնպիսի լուծում, որ այդ կառույցները հարմարեցվեն քաղաքի ընդհանուր ճարտարապետությանը:

Աղբարկղները անհրաժեշտ են ամեն քայլափոխում և դրանք նույնպես պետք է լինեն հսկողության տակ, որովհետև հաճախ են կոտրվում ու հարկավոր է անմիջապես նորոգել:

Մեծ աղբարկղները փողոցուն շատ տհաճ են. դրանք պարտադիր պետք է տեղադրվեն բակերում և պետք է ունենան ծածկ, որպեսզի քամին, թափառող կենդանիները աղբը չտարածեն շուրջբոլոր:

Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի մեր քաղաքում ևս առանձին արկղեր դրվեն սննդամթերքի մնացուկների, ապակե շշերի, պլաստմաստե տարաների և տոպրակների, հագուստի և կենցաղային իրերի համար:

Ոչ հեռու ապագայում մենք կսովորենք վերամշակել կենցաղային աղբը, իսկ այսօրվա աղբի սելեկցիան կնախապատրաստի մարդկանց:

Երևանի համար բարդ է հասարակական զուգարանների խնդիրը: Քաղաքի ամեն փողոց պետք է ունենա առնվազն մեկ զուգարան. դա անհրաժեշտ է թե´ երևանցու, թե´ օտարների համար:

Թող լինեն վճարովի, բայց լինեն:

Մի հարցի մասին ևս հիշեցնեմ: Այսօր մենք ապրում ենք խաղաղ պայմաններում, բայց չի կարելի անտեսել հնարավոր վտանգը, որի դեպքում անգնահատելի է մետրոյի դերը: Քաղաքապետարանը պետք է հոգա նաև, որ ազատ լինեն շենքերի նկուղային հարկերը, որպեսզի բնակիչները պատսպարվելու տեղ ունենան: Շենքերի նկուղային հարկերը կարող են ծառայել որպես ապաստարան:

Հուսահատեցնող է էլեկտրալարերի խառնաշփոթը:

Բարձր լարման էլեկտրալարերը պետք է լինեն հսկողության տակ: Մինչդեռ... Ո՞նց բացատրել, երբ լարը ձգվում է մի շենքի կտուրից մյուսին: Ո՞նց բացատրել, երբ լարը տարվել է գետի աջ ափից ձախ ափ` ձորի վրայով: Կամ` կամուրջից իջնում է ձոր:

Էլցանցը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա:

Նախկինում շենքերի գազախողովակները քողարկված էին: Վերջին տարիներին գազամատակարարումը կատարում են ոնց պատահի, գազատարը անցնում է բաց տարածքով, ճոճվող հենակների վրա և խայտաբղետ: Անհրաժեշտ է կարգի բերել այս բոլորը:

Չանտեսենք նաև տրանսպորտի խնդիրը:

Չեմ նկարագրի տրանսպորտի ներկայիս վիճակը. տրանսպորտային դժվարությունների պայմաններում բոլոր միջոցները արդարացված են: Բայց մենք երազում ենք բարեկեցիկ քաղաքի մասին, ուրեմն երազենք:

Վերգետնյա տրանսպորտը միագույն ավտոբուսներ են: Ունեն բարձրախոս, որով հայտարարվում են կանգառները, ունեն չվացուցակ, վճարումը` ավտոմատ:

Կանգառում պետք է լինի ցուցանակ` կանգառի անվանումով և չվացուցակով:

Կանգառում պետք է կառուցել հարթակ, որ երեխաները և ծերերը բարձրանան ավտոբուս` առանց դժվարության:

Ի տարբերություն վերգետնյա տրանսպորտի` մետրոն շատ ավելի գերադասելի է, որովհետև աշխատում է կայուն, անխափան, խիստ չվացուցակով:

Վտանգի դեպքում մետրոն նաև փրկարար կացարան է:

Քաղաքապետարանը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի` ավարտին հասցնելու մետրոյի կիսակառույց կայարանների աշխատանքները և ավելացնի նոր կայարաններ, որ քաղաքի ծայրամասերը կապված լինեն միմյանց: Առավել ևս` վերգետնյա փոխադրամիջոցների այս առատության պայմաններում մետրոն կբեռնաթափի քաղաքի փողոցները:

Անմխիթարական է մնում թափառող շների և կատուների վիճակը:

Եկեք այստեղ ընդօրինակենք եվրոպացիներին, նրանք լուծում են այս խնդիրը ամենաքաղաքակիրթ ձևով: Եվրոպայի քաղաքներում ոչ մի թափառող շուն կամ կատու չկա, ոչ այն պատճառով, որ կենդանիներին անխնա ոչնչացնում են, այլ խնամքով հավաքում են, լվանում են, բուժում են և սկսում տերեր փնտրել դրանց համար:

Հարգելի պարոն Մարգարյան, շատ մեծ է քաղաքի բարեփոխումների ցանկը:

Քաղաքի բարեկարգման աշխատանքները երկարատև են և ծախսատար: Չեմ կասկածում, որ, եթե ոչ բոլորը, գոնե մի քանիսը կարելի կլինի իրագործել Ձեր քաղաքապետության ժամկետում:

Շողիկ ՀԱԿՈԲՅԱՆ